Մեր փողը ծախսում, ասում է՝ պետական գաղտնիք է, թե ոնց եմ ծախսում․․․

Մեր փողը ծախսում, ասում է՝ պետական գաղտնիք է, թե ոնց եմ ծախսում․․․

Կիրանցում արդեն՝ կապված սահմանազատման հետ,  կրակը նստել է․ մխալն է մնացել։ Այստեղ ու այնտեղ դեռ պեծեր կան, բայց որ այլևս երևելի  բոցեր, վտանգ  չկա, վկայություն է, որ մարդիկ ինչ որ տեղ հարմարվել են իրենց վիճակին ու կրակից մնացել է մխալը, տառապելը, տոչորվելը։  Կրակը հանգցնելու համար ջուր է պետք, իսկ տունն ու սեփականությունը ձեռքից առած մարդուն ի՞նչ է պետք։ Էլի ջուր, ապրելու միջոց, փող, սեփականություն։ Դա մի այնպիսի դժվար կռահելի բան չէ, որ մարդկանց իրենց տներից դուրս հանելու ծրագրով եկած իշխանությունը չիմանա։ Եվ մարդկանց իբր թե փոխհատուցում է տալիս, ավելի ճիշտ՝ փող է բաշխում  այնպես, ասես սեփական գրպանի փողն է, ու հանրությունը չպիտի իմանա, թե ինչ գնով է Ադրբեջանին հանձնվել կիրանցու  հողը, գոմը, տունը, սեփակականությունը, արոտավայրը։  Սա մի խայտառակ երևույթ է։ Նույնն է, երբ տան ընդհանուր բյուջեից, կողմերից մեկը վերցնի և առանց մյուս կողմին տեղեկացնելու, համաձայնեցնելու նրա հետ, սկսի իր քեֆին տված ծախսել։ Նիկոլ Փաշինյանը հանրության հարկերից գոյացած բյուջեն հենց այդպես է ծախսում, ասելով, թե փոխհատուցման մասին գործադիրի որոշումը գաղտնի է, տվյալները գաղտնի են , հրապարակման ենթակա չեն։ Այսինքն մեր փողը ծախսում է ու ասում՝ պետական գաղտնի՞ք է, թե ոնց եմ ծախսում։ Եղբայր, ուշքի արի։ Այդ մեր հարկերից գոյացած գումարն  է, դա հորդ տնից չես բերել։

Այդ հողը, տունը, գոմը, արոտավայրը միայն կիրանցունը չէ, և ինչ որ մի թվով նրանց սեփականությունը ձեռքներից առնելու ու լռեցնելուց  առաջ մտածիր, որ Հայաստանի ողջ ժողովրդինն է այդ հողը։  Դա ասֆալտ չէ, որ մի տարվա մեջ նույն տեղը մի քանի անգամ ասֆալտ փռես ու երանի տանք հնին։  Դու Հայաստանի ժողովրդի հողն ես հանձնում թշնամուն, դա միայն կիրանցունը չէ։ Հայ ժողովուրդը, որ հարկ է մուծում,  պիտի տեղյակ լինի, թե ի՞նչ գումարով ես մարդուն տնից դուրս հանում, նրան ունեզրկում։ Չէ՞ որ դա իր հարկերով գոյացած բյուջեն է։ Դա ամենանվազագույնն է, որ պիտի անես։ Մյուս կողմից՝ միայն կիրանցին չէ, հայ ժողովուրդը  պիտի համաձայնվի, որ իր հողը հանձնես թշնամուն, որ իբր թե սահմանազատում անես ու դպրոցական երեխաներին, ողջ գյուղը դնես թիրախի տակ։ Դրա համար կան միջազգային օրենքներ, սահմանափակումներ։ Սա գրում եմ այն բանի համար, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ սահմանազատումը, մարդկանց բնորոշմամբ՝ մեր տարածքների զիջումը, հայ ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով շարունակվելու է։ Այսինքն հանրությունը տեղյակ չպիտի՞ լինի, թե ինչի դիմաց ինչ փոխհատուցում է տրվելու, ինչի դիմաց ինչ ենք մենք ստանում։ Թե՞ ինքը որոշել է հանրության հարկերից գոյացած գումարը, բյուջեն  տնօրինել ըստ իր ցանկության կամ գործի բարդության։ Հանրությունը չիմանա՞ , թե ինչ գումարի դիմաց է մարդը լքում սեփական տունը, հողը, երկիրը․․․ Չէ՞ որ այս երևույթը, Նիկոլ Փաշինյանի ասելով՝ շարունակվելու է հայ ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Այսինքն դատարկվելու՞ է, լավագույն դեպքում, սահմանի ողջ երկայնքը, Երևանը մնալու է շրջափակմա՞ն մեջ․․․
Իսկ հետո՞․․․