10 միլիոնի մասին է խոսվում, ոմանք գայթակղվել են, սակայն մեծ մասը չի պատրաստվում Աղավնոն լքել

10 միլիոնի մասին է խոսվում, ոմանք գայթակղվել են, սակայն մեծ մասը չի պատրաստվում Աղավնոն լքել

Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանն արդեն մի քանի օր է Աղավնոյում է: Նշում է, որ մինչև օգոստոսի 25-ը լինելու է գյուղում՝ գյուղացիների կողքին: Թե այս պահին ինչ իրավիճակ է թշնամուն հանձնվող Աղավնոյում, փորձեցինք պարզել հենց Հովհաննես Իշխանյանից:

- Քանի օր է Աղավնոյում եք: Մի փոքր պատմեք, թե այդտեղ ինչ իրավիճակ է այժմ տիրում:

- Աղավնոյի բնակիչները տեղում են, դեռևս որևէ քայլ չեն պատրաստվում անել: Մարդիկ բազմաթիվ աջակցություններ են ուղարկում գյուղ, շատերն էլ գալիս են հենց գյուղի բնակիչներին աջակցելու: Այս պահին գյուղում ամեն ինչ նորմալ է, գյուղի բնակչները, երեխաներն, անգամ շները տեղում են:

- Բոլորին է հայտնի, որ մինչև օգոստոսի 25-ը պետք է գյուղն ազատվի: Իսկ ի՞նչ են անելու մինչև ամսի 25-ը:

- Ամսի 25-ին պարզ կլինի: Հիմա հարցն այն է, որ կա հանրային պահանջ: Մարդիկ չեն ուզում գյուղից դուրս գալ: Երբ Հայկ Խանումյանը եկավ գյուղ և սկսեց իր քարոզը, բնականաբար մարդիկ ոգևորությամբ չեն ընդունել այդ առաջարկը: Երկու տարի հերոսաբար պահել են գյուղը, անվերջ ճնշումների են ենթարկվել: Հայկ Խանումյանը ստացել է պատասխան, որ ոչ մի բան էլ տեղի չի ունենալու և ոչ մեկը գյուղից չի հեռանալու: Ինչ-որ 10 միլիոնի մասին է խոսվում, որոշները գայթակղվել են դրանով, սակայն մեծ մասը չի պատրաստվում գյուղը լքել: Աղավնոյի գյուղապետն էլ պատրաստ է մինչև վերջ պայքարել, եթե, իհարկե, աջակցություն լինի տարբեր կողմերից: Եթե չլինի աջակցություն, ոչինչ չի լինի: Մարդիկ երկու տարի շարունակ իրենց կամքի շնորհիվ կարողացել են գյուղը պահել:

- Բայց բազմաթիվ տեղեկություններ եւ տեսանյութեր կան, որ Աղավնոյի բնակիչներն արդեն համաձայնել են հեռանալ՝ ունեցվածքն են հանում, նպաստներ ու կոմպենսացիա են ստանում, բնակավայր են ընտրում, թե որտեղ են ապրելու․․․

- Քանի որ տեսել են, որ մարդիկ եկան, փորձում են ինչ որ բան ձեռնարկել, այսինքն, իրենք լրիվ մենակ չեն, որոշեցին մնալ։ Տեսան, որ հույս կա։

- Ձեզանից բացի ովքե՞ր են եկել Աղավնո:

- Ես եմ այստեղ հիմա, Սուրեն Պետրոսյանն է իր ընտանիքի հետ միասին, կան տարբեր երիտասարդներ, որոնք լսելով կոչերը՝ եկել են գյուղ, իրենց օգնությունը ցույց տալու: Կա կարծիք, թե մարդիկ ցանկանում են լքել գյուղը, սակայն ակնհայտ է, որ նման բան չկա….

- Քննարկվում Հայկ Խանումյանի այն հայտարարությունը, որ եթե գյուղացիներն այրեն իրենց տները, փոխհատուցում չեն ստանա: Չնայած Խանումյանը վերջերս նշել է, որ նման բան չի ասել, սակայն քննարկումները չեն դադարում:

- Ես նրա հարցազրույցները չեմ լսել, սակայն բնակիչները բոլորը համատարած այդ մասին են խոսում: Ասուեմ են` Խանումյանն ասել է, եթե տներին մատկով դիպչեք, սերտիֆիկատները չեք ստանա: Մենք բոլորս գիտենք, որ Խանումյանն ուղիղ կապն է Հայաստանի դավաճանական իշխանությունների հետ: Չորս տարի շարունակ միայն ստել ու դավաճանություններով են զբաղվել և սա հերթական դավաճանությունն է: Ես մինչև ամսի 25-ը լինելու եմ Արցախում:

- Իշխանական օղակներից այցեր չե՞ն լինում Աղավնո:

- Իշխանություններից որևէ մեկը չի եկել Խանումյանի այցից հետո: Արցախի որոշ պատգամավորներ են եկել, օրինակ «Արդարություն» խմբակցությունից Մետաքսե Հակոբյանը, խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը և «Արդարություն» կուսակցության նախագահ Հակոբ Հակոբյանը: Եկել են նաև Հայաստանից պատգամավորներ՝ Ասպրամ Կրպեյանն ու Քրիստինե Վարդանյանը: Ցավոք սրտի բավարար աջակցություն դեռևս չի եղել: Պատգամավորների պատգամավորական մանդատները պետք է նաև անվտանգության երաշխիք համարվեն: Թուրքիան այժմ լուրեր է տարածում, թե Արցախում ահաբեկիչներ կան: Ասածս այն է, որ պատգամավորական մանդատը կարող է հանդիսանալ անվտանգության երաշխիք: Հայաստանի քաղաքական ուժերի նման վարքագիծն անկեղծ ասած անհասկանալի է:

- Եթե գյուղացուն զենք, զինամթերք չեն տրամադրում, նա ինչպե՞ս է պատրաստվում պայքարել:

- Հարցն այն է, որ Հայաստանն Արցախից ամբողջությամբ «ձեռքերը լվացել է»: Արցախը չի կարողանում միայնակ պայքարել թշնամու դեմ: Մնում են միայն ռուս խաղաղապահները, նրանք էլ զուտ խաղաղապահներ են: Դավաճանները զբաղված են միայն Արցախը հանձնելով, բնական է, որ չեն աջակցելու Արցախին և արցախցուն: Մեզ մնում է միայն ժողովրդական ընդվզումը, եթե դա էլ չլինի կարագը դանակով կտրելու պես սահուն ու հեշտ Արցախը թշնամին կվերցնի: