ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նախօրեին հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունները «սաբոտաժի» են ենթարկում իրենց ստորագրած փաստաթղթերը։
Միջազգայնագետ, քաղաքական վերլուծաբան Դավիթ Կարապետյանը «Հրապարակի» հետ զրույցում` անդրադառնալով Լավրովի հայտարարությանն ասաց, որ Պուտինի ու Ալիևի ջերմ, պաչիկներով ու գրկախառնություններով հանդիպումը բացարձակապես անսպասելի չէր ու, հետևաբար, տրամաբանական է նաև ռուսական նավթն ու գազը Ադրբեջանով Եվրոպային վաճառելը, Արցախը հայաթափելը, «Զանգեզուրի միջանցք» ու դրա նկատմամբ վերահսկողություն պահանջելը:
«Բիզնես-գործարքով Արցախը Բաքվին տվեցին, դիմացը՝ գազի տարանցիկություն, միջանցքն էլ լինի՝ «չերեզ» Մեղրի, ինչ ուզեն` տարվի ու բերվի… Ինչպես հնչում է հայտնի «Կնքահայր» ֆիլմում՝ «ничего личного, это просто бизнес»: Եվ այստեղ նեղանալ բնավ պետք չէ: Քաղաքականության մեջ ամեն ինչ հաշվարկված է, պլանավորած, իսկ էմոցիաները տեղ չունեն: Իհարկե, Ալիևը, կարծում եմ, գիտակցում է, որ ՌԴ-ից ու Թուրքիայից ստանալով Արցախը՝ «վարկի մարման» ամեն հաջորդ տրանշն ավելի ծանր է նստելու իր վրա։ Մանավանդ, երբ Պուտինը հստակ հասկացրեց, որ անկախ նրանից, թե Ռուսաստանն այսօր բախվում է խնդիրների հետ, նա չի պատրաստվում հեռանալ Հարավային Կովկասից։ Այդ ամենը հասկանալով՝ Բաքուն հրաժարվում է վերջնական աշխարհաքաղաքական ընտրություն կատարելու քաղաքականությունից և շատ արդյունավետ մանևրում է՝ մի կողմից Ռուսաստանի ու Թուրքիայի, մյուս կողմից՝ Ռուսաստանի և Արևմուտքի միջև, մեծացնելով իր սուբյեկտայնությունը։ Ավելին՝ ԲՌԻԿՍԻ-ն անդամակցելու պատրաստակամության դիմաց, նա ստացավ Ռուսաստանի համաձայնությունը` Հայաստանը վերածելու թուրքական աշխարհի միջանցքի»,-ասաց Կարապետյանը։ Այդ իսկ պատճառով էլ Ալիևն այս պահին նպատակահարմար է գտնում ասել, որ «ողջ հարավկովկասյան տարածաշրջանի կայունությունը կախված է Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերություններից», բաց տեքստով Պուտինին առաջարկելով՝ Հարավային Կովկասում անվտանգության ճարտարապետություն կառուցել ոչ թե Թուրքիայի, այլ Ադրբեջանի հետ:
Այդ իսկ պատճառով ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին էնտուզիազմով հայտարարում է, թե` «ՌԴ-ի ու Ադրբեջանի միջև տարաձայնություններ չկան», իսկ ռուսական էլիտան ու քաղաքագետներն էլ հաստատում են, որ Պուտինի այցն Ադրբեջան պատմական իրադարձություն էր, քանի որ այն նշանավորեց Հարավային Կովկասում Ռուսաստանի գլխավոր դաշնակցի փոփոխությամբ: Որ ավելի քան 30 տարի Հայաստանն էր այդպիսի դաշնակից, բայց վերջին երեք տարիների ընթացքում Ռուսաստանը և Ադրբեջանը սկսել են մերձենալ, և Պուտինի այցը նշանավորեց Ռուսաստանի գլխավոր դաշնակցի՝ այժմ Ադրբեջանի փոփոխությամբ:
Արտգործնախարար Լավրովը, ով ոչ վաղ անցյալում խիստ քննադատում էր Թուրքիայի ու Ադրբեջանի դիրքորոշումը, հաստատում, որ «Հայաստանը ՌԴ առանցքային գործընկերն է ԱՊՀ տարածաշրջանում», որ «ՌԴ-ն մերժում ու դատապարտում է Ղարաբաղյան խնդրի ռազմական լուծման փորձերն ու բացառապես պաշտպանում է 1994-1995 թվականների զինադադարի փաստաթղթի կետերի իրականացումը», որ «Ռուսաստանն է Հայաստանի անվտանգության երաշխավորը», ով Երևանում խոսում էր Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումների մասին, այսօր փաստացի Հայաստանին մեղադրում է Սյունիքով անցնող հաղորդակցությունների մասով սաբոտաժի, ապակառուցողականության ու սեփական ստորագրությունը չհարգելու մեջ, դրանով իսկ կանաչ լույս տալով Ադրբեջանին` Սյունիքի վրա հարձակվելու համար:
«Երբ նա Երևանին մեղադրում է Սյունիքով անցնող հաղորդակցությունների հարցով պայմանավորվածությունները «սաբոտաժի» ենթարկելու մեջ, իր խոսքի հիմքում դնելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնությունը և մասնավորապես 9-րդ կետը, մոռանում է, որ այդ հայտարարությունը վաղուց դարձել է ֆիկտիվ լակմուսի թուղթ: Որ Հայաստանին սաբոտաժի մեջ մեղադրելուց առաջ վերջինս ճիշտ կաներ պատասխաներ այն հարցին, թե ո՞վ է նոյեմբերի 9-ի համաձայնության մյուս կետերը սաբոտաժի ենթարկել և ենթարկում, որի տակ կա թե՛ իր ղեկավար Պուտինի և թե՛ Ալիևի ստորագրությունները։ Որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության անխտիր բոլոր կետերը ոտնահարված են, և որ ոչ մի կետը կյանքի չի կոչվել: Որ Արցախը ենթարկվել է էթնիկ զտման և որ դա տեղի է ունեցել Ռուսաստանի խաղաղարար առաքելության ներկայության ու նրանց լուռ համաձայնության պայմաններում: Որ իր երկրի պաշտպանության նախարարն էր, որ Թուրքիայի կոլեգա Հուլուսի Աքարին անթաքույց շնորհավորում էր համատեղ փայլուն օպերացիա իրականացնելու համար: Արդյո՞ք նոյեմբերի 9-ի համաձայնության մեջ գրված էր, որ Արցախը պետք է ենթարկվի ագրեսիայի և հայաթափվի: Արդյո՞ք նոյեմբերի 9-ի եռակողմ հայմաձայնության մեջ գրված է, որ Ադրբեջանը պետք է օկուպացնի Ռուսաստանի դաշնակից երկրի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասը: Արդյո՞ք փաստաթղթում գրված է, որ Բաքուն պետք է տասնյակ հայերի իր բանտերում պատանդ պահի: Արդյո՞ք գրված չէ, որ կա մեկ միջանցք և այդ միջանցքը՝ «Լաչինի միջանցքն» է, որը պետք է գործեր անխափան»,-հարցադրումներ է անում միջազգայնագետը։
Այս հարցերի պատասխանները Լավրովը բնականաբար գերազանց գիտի, սակայն դրանց պատասխանները տալու նպատակահարմարությունը չի տեսնում: Մոսկվան ու Բաքուն իրենց վերաբերող կետերն անտեսում են, իսկ 9-րդ կետը Հայաստանի դեմ օգտագործում որպես մահակ՝ շեշտում է Կարապետյանը։ «Ինչո՞ւ Փաշինյանն առ այսօր հետ չի կանչել իր ստորագրությունը և իր մասով չի դենոնսացրել նոյեմբերի 9-ի հայտարարությունը: Ինչու՞ գոնե հիմա նա դա չի անում։ ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտարարում է, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթ գոյություն չունի․ Թեհրանը դեմ է ռուսական որևէ վերահսկողությանը` հայկական կոմունիկացիաներին, բայց մերոնք՝ ձայն բարբառո անապատի: Իհարկե, ՀՀ ԱԳՆ-ն հանդես եկավ պատասխանով, որը մասամբ ճիշտ էր ներկայացված՝ սակայն կրկին թերի էր ու ոչ ամբողջական: Ու՞մ է պետք նման սրտաճմլիկ հրապարակախոսական պատասխանը, որը գործնականում ոչինչ չի ասում: Անշուշտ, մենք ևս կարող ենք վիրտուալ տիրույթում «քլնգել» Լավրովին, նրան անարգանքի սյունին գամել, սակայն իրականությունը դրանից չի փոխվում։ Իհարկե, կարող ենք պնդել, որ Մոսկվան ու Բաքուն չեն կատարել Եռակողմ հայտարարության 9 կետերից 8-ը և այդ դեպքում արդարացված համարենք մեր կողմից 9-րդ կետի չկատարումը, սակայն դրանից իրականությունը չի փոխվում: Բումերանգային մեղադրանքներով հարցերին լուծում չի տրվում: Դա անիմաստ զբաղմունք է ու ժամավաճառություն: Սա պետական տիրույթում է, որտեղ ՀՀ վարչապետը հիմնավորելով վերը թվարկածներս, պետք է հանդես գա նոյեմբերի 9-ի հայտարարության դենոնսացման մասին հայտարարությամբ»,-ասաց միջազգայնագետը։
Դենոնսացման (պետության կողմից որևէ գործողություն դադարեցնելու կամ համաձայնագրից հրաժարվելու մասին) հայտարարությունն ինքնին հղի է ռիսկերով և անգամ պատերազմի ու էքսպանսիաների հավանականությամբ՝ զգուշացնում է Կարապետյանը և հավելում, որ այդ հայտարարությունը կարող է էսկալացիայի շարժառիթ դառնալ և Բաքվում դա շատ լավ հասկանում են: «Հասկանալի է, որ ամեն դեպքում, թուրք-ադրբեջանա-ռուսական տանդեմն անելու է իր սև գործը: Անկախ նրանից, թե Հայաստանն ինչ դիրքորոշմամբ հանդես կգա: Եվ այս համատեքստում Փաշինյանին մնում է՝ կամ ինքնակամ տալ միջանցք Ռուսաստան - Թուրքիա - Ադրբեջան եռյակին, կամ շարունակել իր թռի-վռի, անհոգ կենցաղն ու մի առավոտ պայմանավորված պատերազմով տալ միջանցքը, կամ քաղաքական կամք դրսևորել ու հետ կանչել ստորագրությունը նոյեմբերի 9-ի փաստաթղթից: Եթե ստորագրությունը մնում է, ապա Փաշինյանը տալու է միջանցքը։ Տալու դեպքում էլ խիստ հավանական է, որ սա ևս Փաշինյանը մարսելու է, ինչպես այս ամենն է մարսում»,-ասաց Կարապետյանը։
Ռուսաստանի ցանկություններն էլ արտացոլված են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, Օ` Բրայանն էլ հայտարարում է միջին միջանցքի մասին։ Աշխարհաքաղաքական կենտրոնների մրցակցության թեման էլ հենց սա է, թե ով է որոշակի էլեմենտներ կամ ամբողջական վերահսկողություն ունենալու Սյունիքով անցնող այդ 42 կմ-ի վրա։
«Իհարկե, դեռ հայտնի չէ այն օրը, թե երբ է իրականացվելու հարձակումը, եթե խաղաղ ճանապարհով, հեգեմոնների քմահաճույքները բավարարելով հարցին լուծում չտրվի: Բայց փաստ է այն, որ Ռուսաստանի վրա է դրված Հայաստանի վրա հարձակման դեպքում Իրանի չեզոքության ապահովումը։ Փաստ է նաև այն, որ Հայաստանը կառավարող ներկա արկածախնդիր պատեհապաշտների ջանքերով է միայն, որ Հայաստանը մոտալուտ հարձակման նախաշեմին մնալու է միայնակ, առանց որեւէ դաշնակցի»,- եզրափակեց Դավիթ Կարապետյանը։