Կարևորը՝ մենք լինենք միասնական, Հախվերդյանն ու իր նմանները քիչ լինեն

Կարևորը՝ մենք լինենք միասնական, Հախվերդյանն ու իր նմանները քիչ լինեն
Դավիթ Բաբայան

Արցախում դիտորդական առաքելություն իրականացնելու համար երկու կազմակերպության 33 մլն դրամ հատկացնելու մասին կառավարության որոշումը միանշանակ չընդունվեց ո՛չ Հայաստանում, ո՛չ Արցախում։ Այդ երկու կազմակերպություններն են՝ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» եւ «Թրանսփարենսի ինթերնեշնլը», որոնք հայտնի են որպես, այսպես կոչված, «սորոսական» կառույցներ, քանի որ գրանտներ են ստանում այդ հիմնադրամից։

Կառավարության այդ որոշման վտանգների մասին խոսեցին բազում անհատներ, հարցադրումներ առաջ քաշվեցին՝ ինչո՞ւ առանց մրցույթի, ինչո՞ւ հենց այս կազմակերպությունները։ Սա նշանակո՞ւմ է արդյոք, որ ՀՀ կառավարությունը հատուկ ծրագիր ունի այդ ընկերությունների միջոցով Արցախի վերնախավում համախմբում թույլ չտալու համար, ինչպես նաեւ՝  դիտորդական առաքելության շղարշի տակ այս կամ այն հարցի շուրջ հանրային տրամադրություններ ձեւավորել։ Նախօրեին Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, նախագահի հավակնորդ Վիտալի Բալասանյանը կոշտ գնահատականներ հնչեցրեց կատարվածի մասին՝ ասելով, որ այդ երկու կազմակերպությունները Հայաստանում իշխանաբռնազավթման գործիքներից են, սա դրսից ներդրված ծրագիր է, հետեւաբար, այդ ընկերություններին Արցախ գործուղելը միջամտություն է Արցախի սուվերենությանը։ Ի պատասխան՝ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հայտարարեց, որ հայաստանյան կազմակերպությունների կողմից արցախյան ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու գաղափարը համաձայնեցված է Արցախի իշխանությունների հետ:

Արցախի իշխանությունները պահանջել կամ առաջարկել են, որպեսզի հենց վերոնշյալ ընկերությունների՞ն վերապահվի դիտորդական առաքելությունը, արդյոք հենց այդ ընկերությունների՞ հարցում է կայացվել համաձայնություն․ մեր հարցին Բակո Սահակյանի խորհրդական Դավիթ Բաբայանը պատասխանեց․ «Մենք միշտ ենք շահագրգռված եղել, որ տարբեր դիտորդական առաքելություններ գան Արցախ, եւ այդպես էլ եղել է։ Մենք այնպես պետք է կառուցենք մեր պետության իմունային համակարգը, որ չվախենանք որեւէ դիտորդական կազմակերպությունից»։

Ճշտող հարցին՝ այդուհանդերձ, նշված կազմակերպությունները մտահոգվելու տեղիք տալի՞ս են, Դավիթ Բաբայանը նախ պատասխանեց․ «Ոչ, ես չեմ ասում, որ մտահոգության տեղիք են տալիս», ապա շարունակեց․ «Պարզապես ինչ կազմակերպություն ուզում է լինի, ինչ ուժեր ուզում են ներկայացնեն, մեր իմունային համակարգը պետք է լինի հզոր, իսկ այդ պարագայում մենք վախենալու բան չունենք»։ Դավիթ Բաբայանի համոզմամբ՝ Արցախի աշխարհաքաղաքական դիրքն ու կարգավիճակն ինքնին հող են նախապատրաստում նման ուժերի գործունեության համար եւ գրավում են նրանց ուշադրությունը․ «Այդ ուժերն առանց այն էլ գալու են, փորձելու են մտնել, գործել, բայց մենք նախ պետք է ուժեղացնենք մեր իմունային համակարգը, իսկ այստեղ մենք, իսկապես, խնդիրներ ունենք։ Եթե մեր հասարակությունում կա Ռուբեն Հախվերդյանի պես մարդ, ով ղարաբաղցիներին թուրք է անվանում, եթե կան արապապյաններ, ովքեր Ամուլսարն ավելի են կարեւորում, քան Արցախը, ասում են՝ առանց Արցախ Հայաստանը կարող է գոյատեւել, բայց առանց ջրի՝ ոչ, չիմանալով, որ Արցախից է նաեւ ապահովվում Հայաստանի ջրային անվտանգությունը։ Չնայած իրենց քոմենթներից հասկանում ենք, որ շատ լավ էլ իմանում են, պարզապես սա հոգեկան խանգարում է, ատելություն Արցախի նկատմամբ։ Սրա մասին պետք է մտածենք, սա է վտանգավոր, սա է մեր տրագեդիան, սա է խայտառակությունը, սա շատ ավելի վտանգավոր է, քան մնացած հարցերը»։

Վարչապետի խոսնակի նշած «համաձայնության» մասին էլ Բաբայանն ասաց․ «Եթե ՀՀ իշխանություններն ուզում են աջակցել մեզ, տարբեր դիտորդական կազմակերպություններ բերել եւ այլն, ինչպես եղել է միշտ, այդ թվում՝ Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության շնորհիվ էին նաեւ միշտ դիտորդներ գալիս, մենք դեմ լինել չէինք կարող։ Եթե ՀՀ-ն սատարում է այդ կազմակերպություններին, նրանց գործուղում, մենք խնդիր չենք տեսնում»։ Սակայն Բաբայանը համառորեն չպատասխանեց մեր հարցերին՝ Արցախում նախապես իմացե՞լ են, թե որ ընկերություններն են գործուղվելու, տվե՞լ են արդյոք նշված ընկերությունների հարցում իրենց համաձայնությունը․ «Մենք ոչ մի խնդիր չենք տեսնում որեւէ կազմակերպության հարցում, կարեւորը՝ մենք լինենք միասնական, Հախվերդյանի ու իր նմանների գաղափարի մարդիկ քիչ լինեն։ Ուզում է սորոսական լինի, ինչ ուզում է լինի, մենք ուժեղ լինենք, ոչ մեկ չի կարող բան անել։ Ինչի Սորո՞սն ա ասել, որ Հախվերդյանը նման բան ասի»։

Ի դեպ, վարչապետի խոսնակը հույս էր հայտնել, որ Արցախում կայանալիք ՏԻՄ եւ համապետական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար Արցախի իշխանությունները կհրավիրեն միջազգային դիտորդների։ «Մենք միշտ ենք հրավիրել եւ այս անգամ էլ հրավիրելու ենք առավել մեծ թվով դիտորդներ, քանզի թե՛ խորհրդարանի, թե՛ նախագահի ընտրությունը նույն օրն է»,- խոսնակի մտահոգությունները փարատեց Բաբայանը։