Իսկական մոլուցք

Իսկական մոլուցք

Լուծարելու, միավորելու ինչ-որ մոլուցք ունի այս կառավարությունը։ Անգամ ամենածանր վիճակներում, երբ երկրի ապագան անորոշ է, եւ բազում մարտահրավերներ կան մեր առաջ, նրանք պերմանենտ լուծարում-միավորումների գործընթաց են իրականացնում երկրում։ Իշխանության գալուց անմիջապես հետո լուծարվեցին մի շարք նախարարություններ, որոնցից մի մասն ուղղակի վերացան կամ փոքր ստորաբաժանումների վերածվեցին՝ գիգանտ նախարարությունների կազմում, ինչպես տրանսպորտի եւ կապի, գյուղատնտեսության նախարարությունները։ Իսկ գիտությունը, մշակույթը, կրթությունն ու սպորտը միավորվեցին մի սուպերնախարարության կազմում, որը դարձավ անասելի ծանր, դանդաղաշարժ, իրական կյանքից հետ մնացած մի կառույց՝ ԿԳՄՍՆ, որի ստորաբաժանումները դեռ շարունակում են առանձին գործել՝ միմյանց խանգարելով։ Բայց ո՞վ է հիմա ուսումնասիրում այդ գիգանտի արդյունավետությունը կամ փորձում ինչ-որ բան փոխել։ Մի անճոռնի մարմին են ստեղծել, որին վախենում են անգամ ձեռք տալ՝ կփլվի։

Հետո սկսեցին համայնքների խոշորացումը՝ նորից տրամաբանության շրջանակներում չտեղավորվող միավորներով։ Ապա ձեռնամուխ եղան բուհերի եւ բժշկական հիմնարկների լուծարում-միավորումներին, ինչն ամեն անգամ ուղեկցվում է աղմուկ-աղաղակով, պայքարով։ Մարդիկ ասում են, որ օպտիմալացման անվան տակ կա՛մ քաղաքական հարցեր են լուծում, կա՛մ դրանք կոռուպցիոն գործարքներ են․ շենքեր են օտարվելու, տնօրեններ են ազատվելու, գործող միավորներ են վերանալու։ Եվ անգամ թատրոն փակեցին՝ օպտիմալացման անվան տակ՝ Կամերային երաժշտական թատրոնը, եւ հայտարարեցին, թե շենքն էլ տալիս են Սերգեյ Սմբատյանի սիմֆոնիկ նվագախմբին։ Սակայն ամիսներ են անցել՝ շենքը դեռ թափուր է։ Պարզ է, որ նվագախումբն ընդամենը շիրմա էր, որ աղմուկը թեժ չլինի։