Ինչպես տեսնում եք չեմ արտագաղթել` Հայաստանում եմ
Առաջ երգչուհի Նունե Եսայանը բավականին ակտիվ էր ու մի սովորույթ ուներ. Ամեն տարվա ավարտին` դեկտեմբերի վերջին հարցազրույց էր տալիս, խոսում երկրում տեղի ունեցած իրադարձությունների մասին, քննադատում իշխանություններին, մատնանշում արատավոր բարքերը, սակայն վերջին շրջանում երգչուհին պասիվացել է: Հարցազրույցներ չի տալիս, քաղաքական խոսք չի ասում, հանրային վայրերում նրան չենք հանդիպում: Մեր երգիչ-երգչուհիների նկատմամբ 2018 թվականից սկսած շատ ամոթալի արշավներ կազմակերպվեցին` սոցցանցերում նրանց հասցեին ամենաանթույլատրելի հայհոյանքներն ու վիրավորանքներն էին հնչեցնում ոմանք եւ այդ օրերից նրանցից շատերն անհետացան հանրային հարթակներից, որ լուտանքների ու հայհոյանքի տեղիք չտան: Գուցե Նունե Եսայանի վրա էլ են այդ ֆեյքային արշավներն ազդել, այդ պատճառով է լռում:
Բագրատ սրբազանի գլխավորած ակցիային մի շարք երգիչ-երգչուհիներ էին մասնակցում` Ալլա Լևոնյանը, Արսեն Գրիգորյանը և այլք, սակայն Նունե Եսայանը չի երեւացել: Մենք փորձեցինք մի քանի հարց ուղղել նրան:
- Նունե, ի՞նչ եք մտածում այսօրվա մասին: Բագրատ սրբազանը շարժում է ձևավորվել, մարդիկ փողոցում զօրուգիշեր պայքարում են:
- Դե եթե ինձ մշտապես հետևել եք, իմ խոսքը լսել եք առաջ, ապա հարց չպետք է առաջանար: Էլ ի՞նչ ասեմ:
- Ձեր կարծիքը լսել ենք տարիներ առաջ, գուցե հիմա ինչ-որ բան է փոխվել, որ լռում եք:
- Ինձ մոտ ոչինչ չի փոխվում երբեք:
- Չե՞ք մասնակցում այս շարժմանը:
- Չեմ մասնակցում, բայց դա չի նշանակում, որ իմ կարծիքն այլ տեղ է փոխվել:
- Իսկ եթե գաղտնիք չէ, ինչո՞ւ չեք մասնակցում:
- Դե դա էլ իմ անձնական որոշումն է:
- Միտինգների չե՞ք մասնակցում, որովհետև չե՞ք սիրում քաղաքական պայքարը, թե՞ ֆեյքերի գրոհից եք վախենում:
- Դուք ինձ ճանաչում եք ու գիտեք, որ ես ոչ մի միտինգի չեմ մասնակցել երբեք:
- Բայց հիմա այլ ժամանակներ են, վիճակը կրիտիկական է, այսօրը երեկվա հետ համեմատելի չէ: Առաջ ամեն ինչ լավ էր` երկիրը խաղաղ էր, թուրքը չէր հասել Կիրանց, Արցախը ծաղկում էր…. Ալլա Լևոնյանն էլ առաջ ոչ մի միտինգի չէր մասնակցում, բայց այսօր բանուգործը թողած հրապարակում է:
- Դե հուսով եմ, որ ամեն ինչ կվերջանա, ամեն ինչ լավ կլինի:
- Տպավորություն է, որ Դուք ֆեյքերի հայհոյանքներից եք խուսափում ավելի շատ:
- Հայհոյանքները ոչ առաջին անգամ են, ոչ էլ վերջին և շատ բնորոշ են մեր ազգին: Ես դրա պատճառով չեմ պատրաստվում ինչ-որ բանից հետ կանգնել: Ինչի համար:
- Իշխանությունները խոսում են ադրբեջանցիների, թուրքերի հետ բարեկամանալուց, ի՞նչ եք կարծում` հայը երբևէ կկարողանա՞ թուրքի հետ եղբայրանալ:
- Դուք իմ կողմնորոշումը գիտեք: Ես կայուն մարդ եմ, իմ կյանքում ոչինչ չի փոխվել:
- Հայաստանո՞ւմ եք հիմա:
- Այո, ես իմ երկրից չեմ հեռանում:
- Ի՞նչ նորություններ ունեք` երգարվեստում:
- Շուտով 55-ամյակս է, մեծ համերգներ են լինելու, տարբեր գաղութներում` Ռուսաստան, Ամերիկա, գուցե նաև Եվրոպա:
- Վերջերս ԱՄՆ էիք մեկնել Ձեզ քննադատեցին` արտագաղթելու համար:
- Գիտեմ, բայց ինչպես տեսնում եք չեմ արտագաղթել` Հայաստանում եմ:
Կարծիքներ