Ինչպե՞ս է Լևոն Տեր-Պետրոսյանի առողջական վիճակը

Դեռ 2022-ի դեկտեմբերին հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի սիրտը ստենտավորել էին, «Հրապարակը» գրել էր, որ տեղադրվել է չորս ստենտ։ Առաջին նախագահին դեկտեմբերի 21-ին «Բեսթ Լայֆ» սրտաբանական կլինիկայում այցելել էր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նախորդ շաբաթ էլ կեղծ լուրեր տարածվեցին, թե իբրև Տեր-Պետրոսյանը մահացել է:
«Հրապարակը» զրուցել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բժիշկ, սրտաբան Խաչիկ Համբարձումյանի հետ:
Բժշկի խոսքով` Տեր-Պետրոսյանի առողջական վիճակը բավարար է, այն բոլոր լուրերը, թե առաջին նախագահի առողջական վիճակը վատացել է, ավելին` նա մահացել է, խայտառակ ապատեղեկատվություն է. «Առաջին նախագահի առողջական վիճակը բավարար է, ինքնազգացողությունը շատ լավ է, երկու օր առաջ եմ նրան հանդիպել, որևէ խնդիր չկար, նա իրեն շատ լավ է զգում, ստանում է բուժումներ` սրտի հետ կապված: Տեր-Պետրոսյանն իրեն շատ լավ է զգում, կեղծ լուրեր գրողները կարող են ասածներս կարդալ և նման հիմար կեղծ տեղեկություններ չտարածել», - ասաց բժիշկը:
Հարցին, թե ինչ պարբերականությամբ է առաջին նախագահը ստանում բուժումներ, բժիշկ Համբարձումյանն ասաց. «Ինդիվիդուալ է, հստակ ոչինչ չկա, ստանում է դեղորայքային բուժում, որևէ այլ արտառոց գործընթաց տեղի չի ունենալու», - նշեց նա:
Մենք նաև հետաքրքրվեցինք, թե Տեր-Պետրոսյանը առողջական այլ խնդիրներ է՞լ ունի, թե՞ ոչ: «Կատարվել է ստենտավորում, խնդրին տրվել է լուծում, ուշադրության արժանի այլ խնդիր առաջին նախագահը չունի, կան տարիքային փոփոխություններ, ինչը շատ նորմալ է: Նախագահի հետ պարբերաբար կապի մեջ եմ, բուժզննման հստակ օր և ամիս նախատեսված չէ», - խոսքը եզրափակեց «Բեսթ Լայֆ» սրտաբանական կլինիկայի բժիշկ-սրտաբան Խաչիկ Համբարձումյանը:
Կարծիքներ