Ո՞ւր եք, «անաչառ» դիտորդներ

Ո՞ւր եք, «անաչառ» դիտորդներ

Նման զավեշտալի իրավիճակում միայն մենք` հայերս, կարող էինք հայտնվել: Մեր քաղհասարակության ներկայացուցիչները մեկնել են Վրաստան, ոմանք էլ առանց մեկնելու` տեղից, վրացական ընտրություններն են մոնիթորինգի ենթարկում: Իբր պրոֆեսիոնալ դիտորդներ են, որոնք հետեւում են տարբեր երկրներում տեղի ունեցող ընտրություններին, եւ հիմա մեկը մյուսի հետեւից զայրացած ու վրդովված հայտարարություններ է տարածում, թե Վրաստանի խորհրդարանական ընտրություններն ազատ ու արդար չեն, չեն համապատասխանում ընտրական չափանիշներին, չեն արտացոլում եղբայրական վրաց ժողովրդի կամքը, այնպիսի խախտումներով են ընթացել, որ դրանց արդյունքները վստահելի չեն: Իսկ այս «քաղհասարակություն» կոչվածը ոչ մի կերպ չի նկատում, թե ինչ է կատարվում բուն Հայաստանում: Չի նկատում արդեն շուրջ 6 տարի: Չէր նկատում, թե ինչպես են ադմինիստրատիվ ռեսուրս կիրառում ՔՊ-ականներն ընտրությունների ժամանակ, թե ինչպես են մուրճ ու մանգաղով, սպառնալիքներով ու տեռորով ընտրություն կազմակերպում, ինչպես են ընտրությունների նախօրեին ձերբակալում որոշ թեկնածուների եւ նրանց շտաբի անդամներին: Եվ հատկապես չի նկատում, թե ինչ է տեղի ունենում հետընտրական փուլում, երբ ընտրությունների հաջորդ օրվանից սկսվում է հաղթած ուժերից հաղթանակը խլելու պրոցեսը:

Հենց այս օրերին, երբ հայ դիտորդները Թբիլիսիում Սալոմե Զուրաբիշվիլու ու Սահակաշվիլու, իրենց արեւմտյան գրանտատուների շահերն են կրծքով պաշտպանում, Գյումրիում հերթական անգամ իշխանություն է խլվում: 2021 թվականի հոկտեմբերին կայացած ՏԻՄ ընտրություններում հաղթած «Բալասանյան դաշինքին» եւ նրա քաղաքապետին քրեական հետապնդումների միջոցով ստիպեցին վայր դնել մանդատները եւ իշխանությունը փոխանցել ՔՊ-ին: Ո՞ւր եք, «անաչառ» դիտորդներ: