Խորհուրդ կտամ պարոն Իոաննիսյանին հանգիստ նստի տեղը․ Վանեցյանը՝ Դանիելին

Խորհուրդ կտամ պարոն Իոաննիսյանին հանգիստ նստի տեղը․ Վանեցյանը՝ Դանիելին

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն օրերս ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին հրապարակավ մեղադրել էր քրեական հեղինակություններ Վստրեչի Ապերի, Թոխմախի Բաբոյի, ինչպես նաև նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետի՝ Վովայի Արշակի հետ անձնական կապեր, մտերիմ հարաբերություններ ունենալու մեջ: Այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այս հարցին՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը պարզաբանեց, թե նշված անձնանցից ում հետ ինչ հարաբերություն ունի։

«Թոխմախի Բաբոյի հետ ես ծանոթ եմ դեռեւս 1996-ից, երբ ես ծառայում էի ՀՀ զինված ուժերում, իսկ ինքը՝ ռազմական ոստիկանությունում: Ճանաչել եմ, ինքը եղել է սպա, ես եղել եմ զինվոր, ոչ թե մտերմություն եմ արել, այլ ուղղակի եղել է սպա, ճանաչել եմ: Այն մեղադրանքները, որ հնչեցվում են, իրականության հետ կապ չունեն: Արշակ Հակոբյանի հետ ընկերական հարաբերություններ երբեւիցե չեմ ունեցել, չունեմ: Ճանաչել եմ շատ-շատ մարդկանց, բայց մտերմիկ հարաբերություններ չունեմ: Վստրեչի Ապերը՝ Արամ Վարդանյանը, ես էլի իր հետ շփվել եմ մեկ-երկու անգամ՝ գործնական: Այսինքն, ինքը կատարել է իրավախախտում, ես իրեն բերման եմ ենթարկել ԱԱԾ քննչական վարչություն, բերման եմ ենթարկել՝ հարցաքննության նպատակով, այլ շփումներ ես այդ մարդկանց հետ չունեմ: Իսկ որ սենսացիա են ուզում անել, խորհուրդ կտամ պարոն Իոաննիսյանին հանգիստ նստի տեղը»: 

Վանեցյանն ասաց, որ սկսել է Իոաննիսյանի ասածներին այլևս լուրջ չվերաբերվել։ Ըստ նրա՝ մի ժամանակ հետևում էր նրա ասածներին, բայց հետո տեսավ՝ անլուրջ բաներ է ասում, էլ սկսեց չհետեւել։

«Ծանոթներ, ընկերներ ասում են սենց բան է ասում՝ ծիծաղ է առաջացնում: ԱԱԾ-ն գործում է իր լիազորությունների շրջանակներում, կոնկրետ օրենքների շրջանակներում»,- ասաց Վանեցյանը։