Իսկ Բաքուն ի՞նչ կասի

Իսկ Բաքուն ի՞նչ կասի

Երեկ միջազգային լրահոսի գլխավոր թեմաներից մեկն իսրայելա-պաղեստինյան կարգավորման՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագիրն էր, որ նա ներկայացրել է Սպիտակ տանը հրեական պետության վարչապետ Նաթանյահուի հետ բանակցություններից հետո: Արդեն իսկ «դարի համաձայնություն» անվանված փաստաթուղթն, ինչպես իրազեկ աղբյուրներն են ասում, բաղկացած է 80 էջից: Առանցքային է երկու՝ հրեական եւ պաղեստինյան անկախ պետությունների, փոխադարձ ճանաչման եւ սահմանազատման հանգամանքը, ինչպես եւ այն, որ ԱՄՆ-ը Պաղեստինին խոստանում է 50 միլիարդ դոլարի ներդրումներ՝ մեկ միլիոն աշխատատեղ ստեղծելու հեռանկարով:

Ըստ ծրագրի, Պաղեստինի մայրաքաղաք է ճանաչվում Երեւսաղեմի արեւելյան հատվածը, Իսրայելը պարտավորվում է չորս տարով սառեցնել պաղեստինյան տարածքներում վերաբնակեցումը: Պաղեստինի ներկայիս վարչակազմը դեռեւս որեւէ վերաբերմունք չի արտահայտել: Թրամփի ծրագիրը խստագույն քննադատության է արժանացել Թուրքիայի արտգործնախարարության կողմից: Պաշտոնական Անկարան գտնում է, որ ԱՄՆ-ը փորձում է օրինականացնել Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքների անեքսիան եւ հայտարարում, որ մինչեւ վերջ կանգնելու է Պաղեստինի եղբայրական ժողովրդի կողքին: Այս ֆոնին արտառոց է Ադրբեջանի լռությունը: Պաշտոնական Բաքուն չի ճանաչել Երուսաղեմը որպես Իսրայելի միասնական մայրաքաղաք: Բաքվում Պաղեստինն ունի դեսպանատուն: Միաժամանակ Ադրբեջանը բավական սերտ հարաբերություններ ունի Իսրայելի հետ: Կհամերաշխվի՞ Բաքուն Թրամփի ծրագրի թուրքական քննադատությանը, թե կգերադասի լռությու՞ն պահպանել:

Ադրբեջանի համար խնդիրը կարող է նաեւ ներքաղաքական նշանակություն ունենալ՝ կապված ԼՂ կարգավորման հայեցակարգի հետ: ԱՄՆ-ը փաստացի դնում է իրողությունները ճանաչելու եւ պատմական հաշտության գնալու նպատակ: Նախկին Ադր. ԽՍՀ տարածքը ԽՍՀՄ փլուզմամբ մասնատվել է երկու պետական կազմավորումների՝ Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ ինչպես որ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Պաղեստինն է բաժանվել հրեական եւ արաբական մասերի: Կընդունի՞ Բաքուն, որ առաջ շարժվելու համար անցյալին վերադարձ չի կարող լինել: Այսօր Ժնեւում մեկնարկում են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահների մասնակցությամբ:

Չի բացառվում, որ փետրվարի կեսերին Մյունխենում կշփվեն Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները: Իսրայելա-պաղեստինյան կարգավորման Թրամփի ծրագիրը որեւէ կերպ կանդրադառնա՞ հայ-ադրբեջանական երկխոսությանը: Ուշագրավ է, որ Իսրայելի վարչապետը Վաշինգտոնից մեկնել է Մոսկվա՝ խորհրդակցելու Ռուսաստանի նախագահի հետ: ԼՂ կարգավորման հարցում հնարավո՞ր է ռուս-ամերիկյան համաձայնությունը: