Թող կազմակերպեն անվստահության հանրաքվե, և մենք սուս-փուս կհեռանանք

Թող կազմակերպեն անվստահության հանրաքվե, և մենք սուս-փուս կհեռանանք
Հովիկ Աղազարյան, Ամուլսար

Հարցազրույց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ

- Պարոն Աղազարյան, Ամուլսարի հարցով ԷԼԱՐԴ ընկերության փորձաքննության արդյունքները կասկածի տակ են դնում նույնիսկ «Իմ քայլի» պատգամավորներից ոմանք, ի վերջո, ակնհայտ է, որ հանքը շահագործելու որոշումը լինելու է քաղաքական։ 

- Նախ պետք է ասեմ, որ նրանք գերակշիռ մաս չեն կազմում, այո, եղել են դեմ կարծիքներ, բայց չեմ հաշվել, թե քանիսն են դեմ։ Մեծամասնությունը դեմ չէ։

- Դեռեւս մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանը հրապարակներից հայտարարում էր, որ առանց ժողովրդի ինքը որեւէ որոշում չի կայացնի, ի՞նչն  է խանգարում այս հարցի վերաբերյալ հանրաքվե անցկացնել, ինչի մասին առաջարկեց նաեւ ՀՅԴ-ն։ Մտահոգություն չունե՞ք, որ այս հարցի հետ կապված կարող է հեղափոխական ալիք բարձրանալ։

- Հեղափոխական ալիք բացարձակապես կարիք չկա բարձրացնելու, մենք իշխանության ենք եկել ոչ թե Ամուլսարի շահագործել-չշահագործելու հարցը շահարկելու համար, այլ ուրիշ արժեհամակարգ առաջ բերելու։ Բայց եթե ժողովուրդը կգտնի, որ դա այն հարցն է, որի պատճառով իշխանությունը պետք է հեռանա, ինքը կարող է կազմակերպել իշխանության նկատմամբ անվստահության հանրաքվե, եւ մենք սուս-փուս կհեռանանք, պետք չէ ալիք բարձրացնել։ Ինչ վերաբերում է հարցի վերաբերյալ հանրաքվե անցկացնելուն, դուք ո՞նց եք պատկերացնում, Ամասիայի բնակիչը ո՞նց պետք է հասկանա, եթե մասնագետները չեն հասկանում՝ ինչ է կատարվում, բայց հանրությունը կարող է քվեարկել՝ վստահո՞ւմ է իշխանությանը, թե՞ չի վստահում, եթե շահագործման ընթացքում կառավարությունը չի ապահովի ռիսկերի չեզոքացումը, չի վերահսկի, այն ժամանակ կարող են անվստահության հարց բարձրացնել։ Ժողովուրդը մեզ ընտրել է, մենք էլ ներկայացնում ենք ժողովրդի իշխանությունը, ի՞նչն ենք առանց ժողովրդի լուծել։

- Ստացվում է, որ կառավարությանը նույնիսկ ձեր թիմում չեն վստահում։ Այդ դեպքում ինչո՞ւ են նույն Լենա Նազարյանը, Սոֆյա Հովսեփյանը եւ մյուսները պնդում, որ ռիսկերը կառավարելի չեն, կամ Ամուլսարը չպետք է հանք դառնա, կասկածում են ԷԼԱՐԴ-ի արդյունքներին։

- Գիտեք, ապրիորի, որ նայում ենք, ցանկացած հանք բնապահպանական ռիսկ է, վտանգներ է պարունակում, չի կարող վնաս չտալ շրջակա միջավայրին, բայց խոսքը գնում է դրա չափերի մասին։ Այո, լավ կլիներ բոլորս Շվեյցարիայում ապրեինք, հարուստ, մեզ համար անվնաս, առողջ ապրեինք, բայց մեր հնարավորությունները սրանք են, ու մենք պետք է այն օգտագործենք, առավել եւս, որ մենք դա ժառանգություն ենք ստացել։ Մենք պետություն ենք ու չենք կարող անցած տարիները ջնջենք ու ասենք՝ չկա։ Կա, ու երկիրը պարտավորություններ ունի, մենք պետք է այս ամենին լուրջ վերաբերվենք, դրանից է կախված, որ դրսում մեզ լուրջ կվերաբերվեն, խոսքը ոչ միայն Նիկոլ Փաշինյանի մասին է, այլեւ ողջ հայ ժողովրդի։

- Որտեղ ձեզ պետք է, ջնջում եք անցյալի ժառանգությունը, նույն՝ դատարանների, ՍԴ-ի հետ կապված ասում եք՝ նախկիններն են ձեւավորել, պետք է հիմնովին փոխել։ Իսկ երբ մարդիկ պնդում են, որ հանքի շահագործումը կասեցնելու հիմքերը կան, հնարավոր չէ՞ այդ փաստերով իրավական գործընթաց սկսել։

- Եթե ԷԼԱՐԴ-ի փորձաքննության արդյունքը մեզ նման հիմք տար, կանեինք, բայց չի տալիս։ Մենք առանց այդ էլ հեղափոխությունից հետո շուրջ մեկ տարի է՝ կասեցրել ենք, բայց եթե չունենք հիմքեր, ո՞նց կարող ենք անել։ Անձամբ ես կողմնակից եմ եղել, որ թեպետ երեկվա օրը ծանր է եղել, բայց չպետք է ջնջես պատմությունից, պետություն է եղել, ապրել է, զարգացել՝ կաշառակերությամբ է եղել, կոռուպցիայով, բայց, համենայնդեպս, ինստիտուտներ են կայացել, պայմանավորվածություններ են ձեռք բերվել, կամաց-կամաց մենք վայրի վիճակից եկել ենք քաղաքակիրթ կյանք։

- Պարոն Աղազարյան, մասնագետները կասկածի տակ են դնում ԷԼԱՐԴ-ի փորձաքննության արդյունքները, կառավարությունն այն ուղարկել է շրջակա միջավայրի նախարարություն, որ լրացուցիչ փորձաքննության անհրաժեշտությունը հասկանան։ Այսինքն՝ անգամ կառավարությունը, թեեւ 400 հազար դոլար է վճարել ընկերությանը, սակայն կասկածում են արդյունքներին։

- Դե, հիմա պետք է ուղարկվեր համապատասխան նախարարության։ Բայց ես չեմ էլ բացառում, որ վաղը, մյուս օրը այնպիսի հանգամանք ի հայտ կգա, որ կառավարությունն իր դիրքորոշումը կարող է պատահի փոխի, իսկ այսօրվա դրությամբ փաստերն այնպիսին են, որ չենք կարող հանքի շահագործումը կասեցնել։

- Այսինքն՝ կարող է պարզվել, որ 400 հազար դոլարով փորձաքննություն իրականացրած ընկերությունը սխալվե՞լ է։

- Հասարակական կարծիքի ճնշման տակ նախարարությունը թող լրացուցիչ ուսումնասիրի, ի՞նչ է եղել, պատասխանատվությունն առարկայանա, որ վաղը չէ, մյուս օրը եթե գտնեն թերացում, շպրտեն շրջակա միջավայրի պահպանության նախարարի երեսին ու ասեն՝ արի պատասխան տուր։ Սա թերահավատության մասին չի խոսում, այլ կան այլ կերպ մտածողներ, իրենց պահանջներն են բավարարվում։ Իմ մտածողությունը պրագմատիկ է, ես կարծում եմ, որ Ամուլսարը պետք է շահագործվի եւ օգուտ բերի, սա է մեր հնարավորությունը, մինչեւ տեսնենք՝ կարո՞ղ ենք գիտությունն այն աստիճանի հասցնել, որ ապագայում այլեւս լիցենզիա չտան հանքերի շահագործմանը։ Մենք խնդիրներ ունենք լուծելու, ո՞նց ենք լուծելու։

- Իսկ բնապահպանական աղետի ռիսկը, մարդկանց առողջությունը։

- Կառավարության գործը նրանում է, որ հետեւի այդ բարձր նշաձողով սահմանված պայմանների կատարմանը։