Ռուբեն Վարդազարյանի օրինակն իր աչքի առաջ ունենալով հրաժարական տվեց Կարեն Անդրեասյանը

Հակակոռուպցիոն դատարանում այսօր տեղի է ունենում ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով դատաքննությունը։ Այսօրվա նիստին պաշտպանական ճառով հանդես է գալիս նրա պաշտպան Երեմ Սարգսյանը։
Պաշտպանը իր ճառում նշեց, որ պնդում են՝ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է իրականացվում․ «Դրա միակ նպատակը եղել է ՀՀ ԲԴԽ նախագահի լիազորությունները կասեցնելը, եւ քաղաքական իշխանության համար յուրային եւ ԲԴԽ նախագահի նշանակելը, որպեսզի նրա միջոցով էլ ենթարկեցնեն անհնազանդ դատավորներին, տիրանան դատական իշխանությանը։ Բոլորս լավ հիշում ենք, թե 2018 թվականի իրադարձություններից հետո ինչպես քաղաքական իշխանությունն էր ցանկանում տիրանալ դատական համակարգին, հիմա այդ ճանապարհներին քաղաքական իշխանությունը հանդիպեց արժանապատիվ դատավորների դիմադրությանը։ Դրանից հետո բանը հասավ նրան, որ 2020-ին ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը դատավորներին կոչ արեց առաջնորդվել օրենքով եւ Սահմանադրությամբ, ցույց տալ, որ իրենք դատավորներ են եւ ոչ թե «պատերի տակ վնգստացողներ» ։
Պաշտպանը նշեց, որ դրանից հետո տեղի ունեցավ Գագիկ Ջհանգիրյանի եւ Ռուբեն Վարդազարյանի միջեւ հանդիպումը, որի ընթացում Ջհանգիրյանն ասել է Վարդազարյանին հրաժարական տալ, ինչը վերջինս չի կատարել․ «Հանդիպումից շատ կարճ ժամանակ հետո ԱԱԾ տնօրենի տեղակալը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազությանը, որում հայտնել է, որ 6 ամիս առաջ Վարդազարյանը հանցագործություն է կատարել, իրեն խնդրել է փոխել իր վարույթում քննվող գործով ամբաստանյալի խափանման միջոցը։ Դրանից հետո հարուցվել է սույն քրեական գործը, կասեցվել է նրա՝ ԲԴԽ նախագահի լիազորությունները, որից հետո ԲԴԽ նախագահ է ընտրվել Գագիկ Ջհանգիրյանը։ Վստահ եմ, որ հենց Ռուբեն Վարդազարյանի օրինակն իր աչքի առաջ ունենալով հրաժարական տվեց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը»։
Հիշեցնենք՝ ըստ մեղադրանքի՝ Ռուբեն Վարդազարյանը Signal հավելվածի միջոցով կապ է հաստատել Անդրանիկ Սիմոնյանի հետ եւ վերջինիցս պահանջել (խնդրանքի եղանակով) փոխել հայտնի քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանի խափանման միջոցը՝ կալանավորումը։ Վարդազարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Հիշեցնենք նաեւ, որ խոսքը նույն Անդրանիկ Սիմոնյանի մասին է, որը այս գործից հետո նոր պաշտոն ստացավ՝ դառնալով ՀՀ ԿԱ ԱԱԾ տնօրենի տեղակալ
Կարծիքներ