Տիգրան Ավինյանի գրասենյակը՝ Նիկոլից քշվածների հանգրվան

Տիգրան Ավինյանի գրասենյակը՝ Նիկոլից քշվածների հանգրվան

Օրերս վարչապետ Փաշինյանի որոշմամբ աշխատանքից ազատվել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի տեղակալը՝ Բագրատ Բադալյանը։ Նա նշանակվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական։ Այս տեղեկությունը հաստատեց փոխվարչապետ Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը։ Նա ասաց, որ Բագրատ Բադալյանը զբաղեցրել է խորհրդականի ազատ հաստիքը։ Բադալյանի հայրը՝ Սամվել Բադալյանը, «Ճաննախագիծ» ինստիտուտի նախկին տնօրենն է, որն այնուհետեւ սեփականաշնորհեց այն, վերածելով համանուն ՍՊԸ-ի։

«Ճաննախագիծը» նախկին իշխանության տարիներին ճանապարհաշինությամբ է զբաղվել, ահռելի վարկային գումարներ իրացնելով։ Նաեւ հեղինակային հսկողություն է իրականացրել եւ այսօր իրավամբ համարվում է վարկով անորակ ճանապարհաշինության պատասխանատուներից մեկը։ Սամվել Բադալյանի կազմակերպությունը շարունակել է զբաղվել այս գործով նաեւ հեղափոխությունից հետո, իսկ նրա որդին՝ Բագրատ Բադալյանը, Պապիկյանի նախարարությունում համակարգել է ճանշին ոլորտը։ 

«Հրապարակը» հոկտեմբերին առանձին հետաքննություն էր կատարել այս թեմայով, կոռուպցիոն կոնկրետ երեւույթներ վերհանելով։ Բայց անգամ եթե ընդունենք, որ հայր ու որդի հրեշտակներ են եղել, որ նրանց կուտակած աստղաբաշխական հարստության, թանկարժեք մեքենաների կոլեկցիայի մասին խոսակցությունները միֆ են, միեւնույն է, կոռուպցիոն ռիսկեր են եղել, եւ, թերեւս, այդ պատճառով, Փաշինյանի հրամանը՝ Բագրատ Բադալյանին աշխատանքից ազատելու մասին, զարմանալի չթվաց։ 

Բայց զարմանալի է հրամանի մեջ հղումը «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասին։ Այն սահմանում է, որ նախարարի տեղակալին պաշտոնից ազատում-նշանակում է վարչապետը՝ նախարարի առաջարկությամբ։ Այսինքն, աշխատանքից ազատման հիմքում ոչինչ չասող մի հոդված է, որով ընդամենը կարգ է սահմանվում, ոչ թե ազատման պատճառ։ Այս հոդվածի ընտրությունն արդեն նշանակում էր, որ Բադալյանի որդուն անգործ չեն թողնելու։ 

Գործի դնողը, փաստորեն, փոխվարչապետ Ավինյանը եղավ։ Տիգրան Ավինյանի խորհրդականները, այսպիսով, դարձան վեցը՝ Աբգար Բուդաղյան, Անետա Բաբայան, Բագրատ Բադալյան, Ավետիք Էլոյան, Զարուհի Մաթեւոսյան եւ Սուրեն Քրմոյան։ Նրանցից երեքը՝ Էլոյանը, Քրմոյանն ու Բադալյանը, «մերժվածներ» են։ Սուրեն Քրմոյանը, ինչպես հիշում ենք, արդարադատության նախարարի տեղակալն էր։ Նա աշխատանքը կորցրեց, որովհետեւ չէր կատարել Փաշինյանը հրահանգը ու գնացել էր արձակուրդ։ Քաղշինկոմիտեի նախկին նախարար Ավետիք Էլոյանի ազատման պատճառը մինչ օրս անհասկանալի է, թեեւ լուրեր կան, որ նա եւս չէր կատարել Փաշինյանի հրահանգը եւ ընտանիքով մեկնել էր ԱՄՆ։ 

Լուրեր են տարածվում, որ ԿԳՄՍ նախկին փոխնախարար Արեւիկ Անափիոսյանն էլ, որն անցյալ շաբաթ ազատվեց պաշտոնից ուսումնառության նպատակով արտասահման մեկնելու պատճառով, վերադառնալուց հետո պատրաստվում է Ավինյանի խորհրդականը դառնալ։ Նախարարությունում պատմում են, որ իրականում նա հեռացել է նախարար Արայիկ Հարությունյանի մասին պաշտոնեական էթիկան խախտող հայտարարություններ անելու պատճառով։ Փոխվարչապետ Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը, սակայն, հերքում է Անափիոսյանի վերադարձի մասին լուրը։ «Նման խոսակցություն չկա»,- ասում է գրասենյակի ղեկավարը։
Ամեն դեպքում, արձանագրենք, որ Ավինյանը «մերժվածներին» ապաստան է տալիս եւ սպասում հարմար պահի։