Նեթանյահուն Ասադի տապալումը բացատրում է Իսրայելի կողմից Իրանի ու Հեզբոլլահի դեմ գործողություններով

Նեթանյահուն Ասադի տապալումը բացատրում է Իսրայելի կողմից Իրանի ու Հեզբոլլահի դեմ գործողություններով

Սա պատմական օր է Միջին Արևելքի համար: Ասադի ռեժիմի՝ Դամասկոսի բռնապետական ռեժիմի կոլափսը մեծ հնարավորությունների առիթ է ստեղծում, բայց հարուստ է նաև շատ վտանգներով:

Անդրադառնալով Ասադի ռեժիմի տապալմանը այսօր իր ուղերձում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: «Այս տապալումը մեր ուժային անմիջական գործողությունների արդյունքն է Ասադի հիմնական աջակիցների՝ Հեզբոլլահի և Իրանի դեմ: Դա շղթայական գործողությունների շարք առաջացրեց այն մարդկանց համար, ովքեր իրենց ազատագրեցին բռնապետությունից և դրա ճնշումներից: Բայց դա նշանակում է նաև, որ մենք պետք է գործողություններ ձեռնարկենք հնարավոր վտանգների դեմ: Դրանցից մեկը Իսրայելի և Սիրիայի միջև 1974 թվականին կնքված Անջատման պայմանագրի փլուզումն է։ Այս պայմանագիրը գործում էր 50 տարի՝ երեկ երեկոյան այն դադարեց գործել։ Սիրիական բանակը լքել է իր դիրքերը. մենք իսրայելական բանակին հրաման տվեցինք զբաղեցնել այդ դիրքերը, որպեսզի համոզված լինենք, որ Իսրայելի սահմանի մոտակայքում ոչ մի թշնամական ուժ չկա: Սա ժամանակավոր պաշտպանական գործողություն է, քանի դեռ հարմար լուծում չի գտնվել: Մենք հավասարապես խաղաղության ձեռք ենք մեկնել մեր սահմանից այն կողմ՝ Սիրիայում բնակվողներին՝ հրեաներին, քրդերին, քրիստոնյաներին և իհարկե մուսուլմաններին, ովքեր ուզում են խաղաղություն Իսրայելի հետ»,-հայտարարարեց Նեթանյահուն: Նա վստահեցրեց, որ իրենք ամենայն լրջությամբ հետևելու են տեղի ունեցող զարգացումներին և կարող են հաստատել բարիդրացիական հարաբերություններ, խաղաղ հարաբերություններ Սիրիայում վերահսկողությունն իրենց ձեռքը վերցրած ուժերի հետ: «Դա մեր ցանկությունն է, բայց եթե դա չհաջողվի, մենք կգնանք ցանկացած քայլի՝ Իսրայել պետությունը, Իսրայելի սահմանները պաշտպանելու համար»,-եզրափակեց իր ելույթը Նեթանյահուն:

Հիշեցնենք, որ Ալ Քաիդա ահաբեկչական խմբավորման նախկին անդամ, ԻՍԻՍԻ նախկին անդամ, Հայաթ Թահրիր ալ Շամ խմբավորման հրամանատար Աբո Մոհհամադ ալ Ջոլանիի առաջնորդությամբ սիրիացի «ընդդիմադիրները» գրավել են Դամասկոսը: Ասադի մասին դեռևս ոչինչ հայտնի չէ. համաձայն տարածած տեղեկատվության նա լքել է Սիրիան, սակայն կան տեղեկություններ նաև այն մասին, որ նրան տեղափոխող ինքնաթիռը պայթեցվել է օդում: Իսկ այն դիրքերը, որոնց մասին խոսում էր Նեթանյահուն, Իսրայելի և Սիրիայի միջև մշտական կռվախնձոր դարձած Գոլանի բարձունքների մասին է: Անջատման համաձայնագիրը կնքվել է 1974 թվականին՝ յում Կիպպուրի պատերազմից հետո: Հիսուն տարի անց իսրայելական տանկերը անցել են Սիրիայի սահմանը, իսկ Իսրայելի բարձրագույն ռազմական ղեկավարությանը հրահանգ է տրվել պատրաստ լինել ցանկացած գործողության, սակայն որքան էլ զարմանալի թվա, Իսրայելի իշխանություններին ու ռազմաքաղաքական ղեկավարությանը ոչ թե մտահոգում են իսլամիստ ահաբեկիչների խմբավորումները, որոնք վերցրել են իշխանությունը Սիրիայում, այլ Իրանի հնարավոր պատասխան գործողությունները: