Նիկոլը շատ լավ գիտի, որ ինքը ստորագրելու է կապիտուլյացիոն ակտ

ՀՀ Ազգային Ժողովում այսօր թեժ էր: Իրավիճակը լարվեց այն բանից հետո, երբ «Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ Ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագիծ են բերում ԱԺ: Իհարկե ավելի ուշ իշխանության ներկայացուցիչները հայտարարեցին, որ հրմշտոցը կապ չուներ Ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագծի հետ:
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ այս միջադեպի պատճառը պարզ է՝ Հայաստանի Հանրապետությունում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն կոչված շղարշի ներքո իշխանության են եկել «Քեմալական պայմանագիր» հակահայկական կոնգլոմերատի ներկայացուցիչները:
«Այդ մարդիկ ամեն ձևաչափով ցույց են տալիս, որ իրենք դեմ են հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետությանը: Այդ մարդիկ բացահայտ ծառայում են թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը սպասարկելուն: Այդ մարդիկ չեն հասկանում, որ իրենց վարած քաղաքականությունը Հայաստանը արագընթաց քայլերով տանում է դեպի կործանման: Հետպատերազմյան շրջանից անցել է չորս ու կես տարի, որևէ ձևաչափով, ինչ-որ հարթակում, Հայաստանը գոնե ոչ ոքի խաղացե՞լ է Ադրբեջանի հետ՝ բացարձակ: Բոլոր հարթակներում Հայաստանի Հանրապետությունը խայտառակ պարտություն է կրում մեկը մյուսի հետևից»,-ասաց քաղաքագետը:
Նիկոլ Փաշինյանը կատարեց Ալիևի բոլոր նախնական պահանջները՝ կապված, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի հետ՝ ի՞նչ եղավ այդ պայմանագիրը․ «Այդ պայմանագիրը չի ստորագրվել և չի ստորագրվելու երբեք, որովհետև ադրբեջանցիներն այն աստիճանի են լկտիացել, որ արդեն նոր նախապայմաններով են հանդես գալիս»:
Օրինակ, ասում են, որ Հայաստանը պետք է զինաթափվի՝ բանակ չունենա, ներողություն խնդրի Ադրբեջանից՝ իբրև թե երեսուն տարվա «օկուպացիայի» համար, ՀՀ-ն հարյուր միլիարդավոր դոլարներ փոխհատուցում պիտի տա, Զանգեզուրի միջանցք ու այլ նախապայմաններ:
«Վերջապես մենք պետք է հասկանանք, որ Ադրբեջանը երբեք խաղաղության պայմանագիր չի ստորագրելու Հայաստանի հետ: Բացի այդ, երեկ Ադրբեջանի բռնապետը հայտարարել է, որ պատերազմում լինում են հաղթողներ և պարտվողներ, այսինքն, Արդբեջանը շատ պարզ հասկացնում է, որ որևիցե խաղաղության պայմանագիր Հայաստանի հետ չի ստորագրվելու, Հայաստանը պետք է ստորագրի կապիտուլյացիոն ակտ և վերջ: Հիշո՞ւմ եք, Փաշինյանն Ազգային Ժողովում ինչ զառանցեց, ասաց, որ ադրբեջանցիները դա կարող են ներկայացնել իրենց ուզածով, իրենց ձևով: Ոչ, այդպիսի բան չկա, Ադրբեջանը չի կարող ստորագրված միջազգային պայմանագիրը` այլ պետության ներկայացուցչի հետ, իր ուզածով ներկայացնել: Իսկ Նիկոլը շատ լավ գիտի, որ ինքը ստորագրելու է կապիտուլյացիոն ակտ՝ խայտառակելով Հայաստանի Հանրապետությունը և սկսելով Հայաստանի Երրորդ Հանրապետության կործանումը»,- շեշտեց Համբարյանը:
Հարցին, թե ՔՊ-ի այս գործելակերպի պատճառը ո՞րն է: «Նախ իրենք ատում են հայ ժողովրդին ու Հայաստանի Հանրապետությունը: Իրենք այնքան հանցանքներ են գործել այս պետության և այս ժողովրդի նկատմամբ, որ Նիկոլ Փաշինյանը գործում է դասական հանցագործի, մարդասպանի հոգեբանությամբ՝ չկա զոհ՝ չկա հանցագործ: Այսինքն, ինքն առաջնորդվում է՝ կամ` ես, կամ` Հայաստանի Հանրապետությունը, եթե ես չպետք է լինեմ, ուրեմն Հայաստանն էլ չի լինելու, որովհետև եթե ես չլինեմ ու Հայաստանն էլ մնա, ինքը պետք է դատվի: Մինչև կապիտուլյանտ Նիկոլը աջ ու ձախ իր թիմակիցների հետ զառանցում է ամեն անկյունում խաղաղության օրակարգի, խաղաղության պայմանագրի մասին, Ադրբեջանը ասում է՝ Հայաստանը Արևմտյան Ադրբեջան է ու վերջ, իրենք այդ սկզբունքով են առաջնորդվում»,- շեշտեց Համբարյանը:
Քաղաքագետը մեջբերում է Ալեն Սիմոնյանի հայտարարությունն այն մասին, որ ամեն գնով պետք է ստորագրվի խաղաղության պայմանագիրը, իսկ այդ ամեն գնովը ո՞րն է՝ հարցնում է Համբարյանը:
«Այսինքն, եթե Ադրբեջանի բռնապետն ասի, որ դուք ձեր ամբողջ պատմությունը պիտի կեղծեք ու հայտարարեք, որ եկվոր գնչուներ եք, դուք ոչնչություն եք, դուք պատմություն չունեցող ժողովուրդ եք, դուք պետք է ասեք՝ այո, մենք դա կանենք, միայն թե խաղաղ ապրենք ադրբեջանցիների հե՞տ», հռետորական հարց է տալիս քաղաքագետը:
Եվ տեղին է հիշել Իսրայելի վարչապետ Գոլդա Մեյերի հայտնի խոսքը․«Չի կարելի խաղաղության մասին խոսել մեկի հետ, ով եկել է քեզ սպանելու: Հիմա, թուրք-ադրբեջանական տանդեմը չի թաքցնում, որ ատելությամբ է լցված հայ ժողովրդի նկատմամբ ու չի թաքցնում, որ իրենց գլխավոր նպատակը Հայաստանի Հանրապետությունը ոչնչացնելն է՝ բոլոր ձևաչափերով և բոլոր հարթակներում իրենք այդ ամեն ինչը շատ պարզ ու բացահայտ ցույց են տալիս: Այլ հարց է, որ նիկոլական զլմ-ներն ու նույն Հանրային հեռուստաընկերությունն այդ մասին չեն բարձրաձայնում, բայց խնդիրն այն է, որ նորմալ մարդիկ նայում են նաև թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցները, որպեսզի իմանան, թե իրենց մասին ինչ են մտածում: Ամեն օր թուրքերից ու ադրբեջանցիներից խաղաղության պայմանագիրը ստորագրել մուրող Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանն ի՞նչ են ստացել մինչ այժմ՝ արհամարհանք, ծաղրանք, զզվանք: Արդբեջանցիները զզվում են մեզանից, ադրբեջանցիները սարսափած են նաև մեր հասարակության անինքնասիրության մակարդակից»,-ասում է Համբարյանը:
Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը սպասարկում են Հայաստանի ու հայ ժողովրդի թշնամի ադրբեջանա-թուրքական տանդեմի շահերը՝ եզրափակում է քաղաքագետը:
Կարծիքներ