«Լիդիանն» ահազանգում է՝ Հայաստանում ներդրողները պաշտպանված չեն՝ ամենաուղղակի իմաստով

«Լիդիանն» ահազանգում է՝ Հայաստանում ներդրողները պաշտպանված չեն՝ ամենաուղղակի իմաստով

Մինչև ՀՀ Կառավարությունը շարունակում է բոլոր հնարավոր և անհնար պատճառաբանություններով ժամանակ ձգել Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակին վերջնական լուծում տալու համար, ակհնայտորեն չկարողանալով որոշում կայացնել,  «Լիդիան ինթերնեյշնլը» օրերս դարձյալ մամուլի հաղորդագրություն է տարածել, նաեւ միջազգային լրատվամիջոցներում, որտեղ դարձյալ Ամուսարի շուրջ տեղի ունեցողը որակել է որպես կառավարության անգործության պայմաններում իրականացվող ապօրինություն: 

Ընկերութունը ներկայացրել է Ամուլսարի ծրագրի 3-րդ եռամսյակի ֆինանսական մանրամասները, ինչից ակնհայտ է դառնում, որ ընկերությունը հայտվել է ծանր ֆինանսական վիճակում: Հաղորդագրությունն անթաքույց մեսիջներ է պարունակում բոլոր պոնտենցիալ ներդրողների համար՝ ի ցույց դնելով Ամուլսարի ծրագրի շուրջ պետական բարձրաստիճան պաշտոնյաների հնչեցրած հակասական հայտարարությունները ու պետության անգործությունը: 

«Լիդիան Ինթերնեյշնլը» իր տարածած հաղորդագրության մեջ հիշեցնում է, որ նույնիսկ ի հեճուկս «Լիդիանի» օգտին դատարանի կայացրած որոշման 2018թ. հունիսի 22-ից ի վեր շարունակվում է Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակումը և նշում է, որ ՀՀ վարչապետը 2019թ. օգոստոսի 19-ից ի վեր մի քանի անգամ կոչ է արել ապաշրջափակել Ամուլսարի ծրագրի ճանապարհները՝ փաստացի արձանագրելով, որ ՀՀ վարչապետի կոչը Հայաստանում այդպես էլ մնացել է անկատար:   

«Լիդիանը» նաև ՀՀ կառավարությանը մեղադրել է բառացիորեն գրելով․ «ՀՀ կառավարությունը չի ապահովել օրենքի գերակայությունը՝ վերացնելու Ամուլսարի ծրագրի ճանապարհների շրջափակումը և կանխելու «Լիդիանի» դեմ այլ ապօրինությունները: ՀՀ կառավարության գործողություններն ու անգործությունը հանգեցրել են նրան, որ «Լիդիանը» զրկվել է իր մասնավոր տարածք մուտքի հնարավորությունից և սա զգալի ֆինանսական վնասներ ու խնդիրներ է պատճառել ըներությանը»: 

Լիդիանն առաջին անգամը չէ, որ խիստ գնահատականներ է տալիս Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակին: Սակայն վերջին երկու ամսվա ընթացքում միայն վարչապետ Փաշինյանը տարբեր առիթներով նշել է, որ չկան իրավական հիմքեր Ամուլսարի ծրագիրը չեղարկելու և Լիդիանի գործունեությունը կասեցնելու համար՝ կոչ անելով ապաշրջափակել Ամուլսարի ծրագրի ճանապարհները: Եթե իրավական հիմքեր չկան, ապա ստացվում է, որ կառավարությունն ընդունում է, որ տեղի է ունենում ապօրինություն, որն ինքն ի վիճակի չէ կանխել, վերացնել: Եվ այս հայտարարության մեջբերումը Լիդիանի կողմից, ինչպես նաև դատարանի որոշման հիշատակումը, արդեն շատ հստակ մեսիջ է միջազգային ներդրողներին՝ Հայաստանում ներդրողները պաշտպանված չեն՝ ամենաուղղակի իմաստով, դատարանների որոշումներն ի կատար չեն ածվում և կառավարությունն ի վիճակի չէ ապահովել իր երկրում օրենքի կիրարկումը: