Սարյան պուրակի բարեկարգումը կանգնեցրել են

Սարյան պուրակի բարեկարգումը կանգնեցրել են

Քաղաքապետ Հայկ Մարությանն ամենաանհասանելի պաշտոնյան է, իսկ նրա խոսնակը՝ նախկին լրագրող Հակոբ Կարապետյանը, վաղուց վերածվել է «ինքնապատասխանիչի», որն անընդհատ մի ձայնագրված ֆրազ է արտասանում․ «Գրավոր հարցում ուղարկեք, կպատասխանենք»։ Իսկ հարցը պրիմիտիվ է՝ ո՞ր կազմակերպությունն է Սարյան պուրակում բարեկարգման աշխատանքներ կատարում։ Պատասխանն էլ, օրենքով, սեւով սպիտակի վրա ու մեծ տառերով պետք է գրված լիներ Սարյան պուրակում, բոլորի համար հասանելի հատվածում։ 

Մեզ հաջողվեց պարզել, որ Սարյանի անվան պուրակի բարեկարգման աշխատանքները, որոնք սկսվել են այս ամիս, իրականացնում է Սյունիքի մարզում, Գորիսում գրանցված «Հարսնաձոր» ՍՊԸ-ն։ Տնօրենը Վարդան Միրզոյանն է։ Գորիսի մեր աղբյուրները հայտնում են, որ նա Գորիսի «Վանատուր» ռեստորանի հարեւանությամբ քարի արտադրամաս ունի։ Սերտ հարաբերությունների մեջ է Գորիսի քաղաքապետ Առուշան Առուշանյանի եւ ԱԺ իմքայլական պատգամավոր Տիգրան Կարապետյանի հետ։ 

Այս ընկերությունը հաղթող է ճանաչվել բաց մրցույթի արդյունքում։ Սարյան պուրակի վերանորոգման համար ծախսվելու է 120 մլն դրամ։ Աշխատանքները պետք է ավարտվեն օգոստոսին։ Բարեկարգվելու է մոտ 300 քմ տարածք։ «Հարսնաձոր» ՍՊԸ-ի մասին քիչ տեղեկություններ կան համացանցում։ Հայտնի է, որ լիցենզիա է ստացել 2017 թվականին ու Սյունիքի գյուղերում տանիքներ է վերականգնել։ Այս նույն ընկերությունը՝ կրկին Երեւանի քաղաքապետարանի պատվերով, 111 մլն դրամով շինարարական աշխատանքներ է իրականացնում «Քանաքեռ ՀԷԿ»-ում։

Այսօր Սարյան պուրակը կորած է շինաղբի մեջ, այգու եզրագծով, ծառերի տակ բազալտի սպանդի հետքեր են՝ կոտրված քարաբեկորների ահռելի կույտեր։ Շինարարական աշխատանքներն այստեղ դադարեցվել են։ «Արդեն երեք օր է, շինարարները գործ չեն անում։ Ոնց որ թե որոշել են բազալտի քարերը չհանել»,- ասացին մեզ քաղաքապետարանի կանաչապատման ՊՈԱԿ-ի աշխատակիցները, որոնք վազվզում էին ծառերի տակ ու ինչ-որ չափումներ անում։ Լսելով «Հրապարակի» անունը, նրանք «քըրթ»՝ կողպեցին բերանները, չպատասխանելով, թե ինչու են այստեղ, ինչ են անում։ Մեր հարցին, թե պուրակի բուսածածկ տարածքն արդյոք ընդլայնվելո՞ւ է, թե՞ մնալու է նույնը, պատասխանեցին, թե ոչնչից տեղյակ չեն։ «Մենք բույսերի խնամքն ենք ապահովում»։ Ի դեպ՝ բույսերը խնամված չէին, ոռոգման խողովակները վնասված էին, ջուրը բացելու ու խոտը ջրելու պտուտակները չկային, խոտ էլ չկար։  

Շինարարները դադարեցրին աշխատանքները, հավանաբար, այն բանից հետո, երբ դրանց մասին հայտնի սոցցանցի իր էջից «լայվ» մտավ ու խոսեց Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը։ Նա ասաց․ «Այգու հատակը բազալտ էր։ Այն տակնուվրա են արել ու փոխարինելու են բետոնե սալիկներով: Բայց չի կարելի թողնել, որ այս հին քարե հատակը քանդեն ու տեղը բետոն դնեն։ Չի կարելի կպնել էս հատակին: Դա նույնն է, որ մի օր որոշենք փոխել Սարյանի արձանը մի նոր նկարչի արձանով»:

Քաղաքապետ Հայկ Մարությանի աշխատակազմն «Ակտիվ քաղաքացի» հարթակի միջոցով նախագծերի մրցույթ էր հայտարարել ու որոշել, որ Սարյան պուրակի բարեկարգման ամենալավ նախագիծը բարմեն Սասուն Մկրտչյանի հեղինակածն է։  Բարմեն Սասուն Մկրտչյանին հարցրինք, թե ինչ է մտածում բազալտը բետոնով փոխարինելու մասին, արդյոք նման բան կա՞ նրա նախագծում։  

«Գրել էի ծրագիր, որ ոռոգման համակարգը փոխվի, գազոնները թարմացվեն, նոր հող բերվի, լուսավորության մասին էի գրել,  նստարանների մասին, որ բազալտե նստարաններ դրվեն, կրեատիվ ջահեր տեղադրվեն, որոնք կլինեին նկարիչների ներկապնակի նման, ամենակարեւոր բաներից մեկը, որ ես նշել էի նախագծում՝ որ լինեին գունավոր ծաղիկներ, ծաղկող թփեր, քանի որ Սարյանը հայտնի է իր գույներով»,- ասաց Սասուն Մկրտչյանը։ 
Թե ինչ քար, ինչ շինանյութ է որոշելու օգտագործել շինարարը, չգիտեր։ 

Առհասարակ, ինչո՞ւ քաղաքապետ Հայկ Մարությանը որոշեց բարեկարգել Սարյան պուրակը, ինչո՞ւ է հենց այս տարածքը նրան, ինչպես գրված է քաղաքապետարանի կայքում, «ֆիզիկապես մաշված» ու «երբեմնի հմայքը կորցրած» թվացել։ Երեւանում շատ այգիներ ու պուրակներ կան, որոնք ոչ միայն երբեմնի հմայքն են կորցրել, այլեւ վաղուց փուշ ու տատասկով են պատվել։ Բայց այդ տարածքները՝ Զեյթունում, Շենգավիթում, այլ համայնքներում, Հայկ Մարությանի համար Երեւան չեն, Երեւան է միայն Կենտրոնը, եւ նա սկսել է Սարյան պուրակից։