Եվրախորհրդարանն այսօր կքննարկի Սաակաշվիլիի հարցը

Եվրախորհրդարանի այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է ազատազրկության մեջ գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի վիճակի հարցը։
News-Georgia-ն գրում է, որ սա արձագանքն է նախորդ չորեքշաբթի դատական նիստին նախկին նախագահի հեռակա կապի կադրերին, որոնք ցույց են տվել, թե որքան ուժասպառ է նա։
Նախորդ նիստում դատավորն ընդհատեց հեռարձակումը, երբ Սաակաշվիլին բարձրացրեց վերնաշապիկը, որպեսզի ցույց տա, թե ինչ վիճակում է․ մի քանի վայրկյան տևող տեսանյութի կադրերը լայն տարածում են գտել լրատվամիջոցներում։
Եվրախորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը ասել է, որ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը կողմ է այդ հարցով հրատապ քննարկմանը։
«Սաակաշվիլիին պետք է թույլ տալ անհապաղ բժշկական օգնություն ստանալ արտասահմանում։ Նրա առողության համար ամբողջ պատասխանատվությունը կրում է Վրաստանի կառավարությունը»,- գրել է Լեքսմանը։
Եվրախորհրդարանի պատգամավոր Ռասա Յուկնևիչենեն կոչ է արել Վրաստանի իշխանություններին նախկին նախագահին տեղափոխել վերակենդանացման բաժանմունք՝ նշելով, որ քաղաքական քննարկումների ժամանակ չի մնացել.
«Նախագահ Սաակաշվիլիի վիճակը հասել է կրիտիկական կետի և ամեն րոպե վատանում է: Ես կոչ եմ անում Վրաստանի իշխանություններին թույլտվություն տալ նրան անհապաղ տեղափոխել վերակենդանացման բաժանմունք՝ անհրաժեշտ բուժում ստանալու համար։ Այլևս ժամանակ չկա քաղաքական քննարկումների համար»,- ասել է Յուկնևիչենեն:
Կարծիքներ