Արսեն Բաբայանը պատրաստ է կրել ցանկացած զրկանք, նաեւ ապօրինի, եթե դա անհրաժեշտ է ՀՀ-ին․ պաշտպան

Արսեն Բաբայանը պատրաստ է կրել ցանկացած զրկանք, նաեւ ապօրինի, եթե դա անհրաժեշտ է ՀՀ-ին․ պաշտպան

«Դատական նիստ էսօր տեղի չի ունենալու։ Դատարանը պարտավոր էր ձերբակալության օրինաչափությունը քննարկման առարկա դարձնել 24 ժամվա ընթացքում։ Այդ ժամն արդեն անցել է, նիստ չի եղել, նիստը նշանակվել է վաղը, ժամը 17:40-ին»: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում Կենտրոնի նստավայրի դիմաց ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայան պաշտպան Երվանդ Վարոսյանն՝ անդրադառնալով իր պաշտպանյալին ձերբակալելու դեմ բողոքի քննության չկայանալուն։

Նա նշեց, որ դատարանն ու վարույթն իրականացնող մարմինը պետք է ապահովեին Բաբայանի ներկայությունը․ «Դրա փոխարեն նոր մեղադրանք է առաջադրվել Արսեն Բաբայանին․ ինչ-որ անձանց կողմից ինչ-որ անհայտ միջոցներով ինչ-որ իշխանության յուրացման օժանդակություն։ Ինքը մեր հետ միասին կարդում էր այդ տեքստը, եւ այդպես էլ ոչինչ չհասկացանք։ Մեղադրանքը իրականության հետ աղերս ունենալ չի կարող»։

Վարոսյանի խոսքով՝ Բաբայանի դեմ ցուցմունք տվող անձ չի եղել, նա մեղադրանքը չի ընդունում։
«Մեղադրանքն առնչություն ունի ՀՀ Սահմանադրական դատարանի հետ, եւ այն պրոցեսի հետ, որը կատարվում է ՍԴ-ի շուրջ, ամբողջ մեղադրանքը դրա մասին է, սա պլան գ-ն է։ Էս պրոցեսն է տեղի ունենում։ Դատարանը ձերբակալումը պիտի քննած, ավարտած լիներ, բայց, հավանաբար, իմանալով, որ նման միջնորդություն պիտի տեղի ունենար, նիստը նշանակել են վաղը, որ այդ երկու հարցն (նկատի ունի կալանքի միջնորդությունը եւ ձերբակալման իրավաչափությունը) իրար հետ քննարկեն»,-նշեց պաշտպանը։
Ե․Վարոսյանը նաեւ նշեց, որ Արսեն Բաբայանը պատրաստ է կրել ցանկացած զրկանք, նաեւ ապօրինի, եթե դա անհրաժեշտ է ՀՀ-ին։

Հիշեցնենք, որ Ա.Բաբայանը ձերբակալվել է ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում, որը հարուցվել է ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումի հիման վրա: