Պարտություն եւ օփիում

Պարտություն եւ օփիում

Երեկ կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը երկու նորություն հայտնեց: Առաջինը լավն էր, հաճելի, նույնիսկ՝ ուրախալի: Ասաց, որ մեկնում է Վրաստան: Թույլ տվեք չասել, թե ինչու էր այդ լուրն ինձ համար ուրախալի: Ի՞նչ: Պնդում եք, որ ասե՞մ: Հարց չկա, կասեմ: Ամեն անգամ, երբ Փաշինյանը թեկուզ մի քանի ժամով բացակայում է Հայաստանից, ես ինձ լավ եմ զգում: Մի տեսակ հանդարտություն է իջնում հոգուս: Երեւանյան աշնանային երեկոն դառնում է ուղղակի չքնաղ: Սրճարանը, որտեղ սիրում եմ սուրճ խմել, ավելի հյուրընկալ ու անթերի է թվում: Չէ, եղբայր, առանց Նիկոլ Հայաստանն ուրիշ է, ինչ ուզում եք՝ ասեք:

Նիկոլը, հավանաբար, արդեն տեղեկացված է, որ իր բացակայությամբ Հայաստանում ամեն ինչ ՕՔ է, եւ բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ ուղղակի ցնծում են, երբ ինքը Հայաստանում չէ: Գիտե՞ք, թե ինչու սեպտեմբերի 2-ին Արցախ չգնաց: Նախ՝ որ մեզ զրկի երջանկության այդ 2 օրերից, եւ ապա՝ վախից: Նա չէր կարող Արցախ մեկնել առանց իր թիկնապահ զորքի, իսկ Շուշիի տակով հայկական զորաբանակներ տեղաշարժելն ուղղակի արգելված է: Ո՞վ էր Ստեփանակերտում ապահովելու ՀՀ թիվ 1 հետույքի անվտանգությունը, եթե Մուրադովն այդ մասին հատուկ հրահանգ չունի Մոսկվայից: Մինչդեռ տեղեկություն կար, որ Ստեփանակերտում, քարերով զինված, իրենց ապագայով մտահոգ հայեր են «ֆռֆռում»: Եվ Փաշինյանը չգնաց Արցախ՝ «առանց Նիկոլ» լիաթոք շնչելու երջանկությունը թողնելով Արցախի մեր հայրենակիցներին՝ գուցեեւ ընդմիշտ:

Եվ, ուրեմն, երբ կառավարության նիստի ժամանակ Փաշինյանն ասաց, որ մեկնում է Վրաստան, ես ականջներս սրեցի՝ ո՞ւր է, թե մի երկու օր մնա: Ծովի թավշյա սեզոնը նոր է սկսվել… Գնա, գուցե, Սահակաշվիլու, Շեւարդնաձեի դաչաներում մի երկու օր լռվի, մենք էլ այստեղ ծաղիկ ա, բան ա ջրենք, փորձենք ամոթներս մի փոքր թոթափել: Էս մտքի վրա էի, որ խոսքը տրվեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին: Կարգին լցվել էր տղեն, բայց միայն դրսից: Ներսը նույն դատարկությունն էր, ինչ որ ԿԳՄՍ նախարար եղած օրերին:

Սա հայտարարեց, որ կառավարության որոշման համաձայն, աշխատանքային ու հանգստյան օրերը խառնել են իրար, որպեսզի սեպտեմբերի 21-ին «ընդառաջ» եւ դրանից հետո մի լավ հանգստանանք: Մտածեցի՝ ըհը, Նիկոլը հաստատ էլի կարճատեւ արձակուրդ է մեկնելու… Շունչս պահած սպասում էի, բայց մեկ էլ հետեւեց վատ լուրը: Նիկոլը հայտարարեց, որ պատրաստվում են տոնելու Հայաստանի Հանրապետության 30-ամյակը: Ասաց՝ շենշող ու գունագեղ ենք տոնելու՝ ի սարսափ մեր լավը չուզողների եւ մեր անկախությանը կասկածողների: Ասաց նաեւ, որ այդպես գունագեղ հարգելու ենք 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը:

Բնականաբար՝ վատացա: Նույնիսկ մոռացա, որ Վրաստան է գնում, եւ հնարավոր է՝ երկու օր մնա: Արա, էս ի՞նչ եք որոշել: Ինչպե՞ս կարելի է՝ մարդու նահատակության տարին չտված՝ այդպիսի անաստված գործ անել՝ գունագեղ նշել: Հիշատակն այդպե՞ս են հարգում: Փաստորեն, տոննաներով էն երկաթեղենը, որ բերել-լցրել եք շատրվանների ջրավազանը, ա՞յդ նպատակով եք արել, այո՞: Ու չե՞ք ամաչում դուք մեր պատմության մեջ ամենախայտառակ էջը գրելու համար, վատ չե՞ք զգում ձեզ, որ ձեր անճարակության պատճառով են մեր բանակն ու երեխեքը մորթվել: Տռճիկ տալու ցանկություններդ մե՞ծ է, գնացեք արտասահմաններում տռճիկ տվեք: Թե՞ պարտադիր է զոհվածների հարազատների աչքի առաջ դա անել: Ի՞նչ եք ուզում ապացուցել դրանով՝ որ չե՞նք պարտվել, որ չե՞նք կապիտուլացվել, որ թուրք զինվորներ Հայաստանում այլեւս չկա՞ն, որ Բաքվի բանտերից բոլոր գերիներին բերե՞լ եք, անհետ կորածներին գտե՞լ եք, հաշմանդամներին ոտքի՞ եք կանգնեցրել, սգավոր ընտանիքներին սփոփել-վերջացրե՞լ եք:

Գիգանտոմանիայով տառապող հիմարներ, ի՞նչն եք գունագեղ տոնում՝ Արցախը հանձնե՞լը, Արցախի պետականության կործանո՞ւմը, Հայոց բանակի ոչնչացո՞ւմը, Սյունիքի հանձնո՞ւմը… Թե՞ ձեր ժեխին բերում եք՝ պարացնեք Արցախում նահատակված իմ ընկերների արյան չչորացող լճակների վրա…

Նիկոլ, կորսվիր աչքիցս, դու չարք ես, ոչ թե վարչապետ: Գնա, էլի, գնա… Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում չերեւաս, ինչպես չերեւացիր Արցախում: Հիշո՞ւմ ես Եռաբլուր մտնելդ: Հանկարծ չփորձես այդ օրը Հանրապետության հրապարակ մտնել: Թուրքական ու ադրբեջանական դրոշներ եմ պարզելու երթիդ ճանապարհին: Չփորձես երեւալ, հովանոցներն ու պորտֆելները քեզ չեն պաշտպանելու սյունյաց ողջույններից: Այնպես որ, քեզ գունագեղ հանգիստ եմ մաղթում Վրաստանում: Չփորձես շուտ վերադառնալ, լսեցի՞ր: