Նախկիններին փոխարինածներն իրենց վարքագծով դարձան շատ ավելի նախկին
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին պատրաստվող Փաշինյանը փորձում է հարկատուի հերոս «լինելու» գաղափարը մարդկանց ուղեղում ամրապնդել նաև բարոյական հարթության վրա: Ու այդ առումով կատարել է հերթական մտավոր ձեռնածությունը: Փորձել է սխալ հանել եկամտահարկով ծանրաբեռնված աշխատավարձը «կեղտոտ» անվանելը: Եվ եթե հետևենք նրա մտքերի ընթացքին, ստացվում է, որ ինքը դեմ է հարկը որպես կեղտ դիտարկելուն: Ինչը կպչում է աշխատավարձին ու կեղտոտում այն: Հնչում է տրամաբանված, սակայն խնդիրն այն է, որ դա, նախ, հայկական երևույթ չէ: Զուտ կամ «մաքուր» և «կեղտոտ» աշխատավարձերի վերաբերյալ պատկերացումը հայերենին է անցել ռուսերենից («чистая - грязная» заработная плата): Բայց ենթադրում եմ, որ դա սկիզբ է առել ոչ թե այնտեղ, այլ արևմտաեվրոպական երկրներում: Ճիշտ այնպես, ինչպես բազմաթիվ սոցիալական երևույթները: Ենթադրում եմ, որ դրա սկիզբն էլ դրվել է պարտատոմսերի կամ ընդհանրապես արժեթղթերի երևան գալով: Քանի որ ինչպես հարկերի առկայությունն է «կեղտոտում» աշխատավարձը, այնպես էլ դիտարկվում է նույն երևույթը՝ երբ պարտատոմսի զուտ գնին գումարվում է տոկոսը (կամ որ նույնն է՝ տոկոսագումարը):
Տեսականորեն կարելի էր համաձայնել վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի խոսքին: Բայց միայն այն դեպքում, եթե դրա հետ միասին պահպանվեր սոցիալական արդարությունը: Այսինքն, հարկն ինքնին կեղտ չէր դիտարկվի, եթե գնալով պետական կամ տեղական բյուջե՝ այնուհետև տեղաբաշխվեր արդարացիորեն: Իսկ դա ենթադրում է, օրինակ, պետության սահմանները պաշտպանող զինորականին ավելի բարձր աշխատավարձի վճարում, քան ոստիկանին: Հաշվի առնելով թե՛ աշխատանքային պայմաններն ու թե՛ վտանգավորության աստիճանը: Իսկ ՀՀ-ում առկա է հակառակ պատկերը: Շարքային պարեկն ավելի շատ է ստանում, քանի որ վերջինս ապահովում է վարչապետի աթոռից կառչած անձի և ոչ թե հասարակության անվտանգությունը: Նույն երևույթն է առկա պետական կառավարման համակարգում: Բարձրաստիճան (ԱԺ պատգամավոր, նախարար, փոխնախարար և այլն) պաշտոնյաններն անգամներով ավելի բարձր աշխատավարձ են ստանում, քան նույն պետական կառույցների միջին կարգի աշխատողները՝ էլ չասած ստորինի մասին: Դրանով չբավարարվելով՝ առաջիններին իրենց աշխատավարձի համամասնությամբ պարգևավճարներ են բաժանվում:
Նախկինների օրոք ևս առկա չէր սոցիալական արդարություն: Սակայն շատ ավելի պակաս էր եկամուտների միջև տարբերությունը: Ուրիշ հարց, որ աշխատավարձերի ընդհանուր ցածր լինելն բարձրաստիճան, միջին ու նույնիսկ ստորին կարգերի պաշտոնյաների կողմից կոմպենսացվում էր կաշառակերությամբ կամ տեղական և պետական բյուջեներ թալանելով: Ինչը հասու չէր շարքային քաղաքացիներին: Բայց հենց այդ պատճառով երկրի համարյա ողջ ազգաբնակչությունը 2018-ի գարնանը դուրս եկավ փողոց ու մերժեց նախկիններին՝ ի դեմս ՀՀ երրորդ նախագահի: Ու ենթադրվում էր, որ երիտասարդ «թավշյա հեղափոխականների» իշխանությունը պետք է շողուլի բերի թե՛ պետական (նաև տեղական) կառավարումը և թե՛ հենց հասարակությանը: Սակայն շատ արագ պարզվեց, որ համարյա թե ցնցոտիներով իշխանության եկած անձինք ոչ թե նվիրյալներ էին, այլ անկուշտ գազաններ: Ինչն էլ արտահայտվեց վերը նշված, ինչպես նաև բազմաթիվ այլ երևույթներով: Այնինչ, ինձ նման միամիտները կարծում էին, որ նախկիններին մերժելով՝ մերժելու ենք նաև նրանց ժամանակ արմատացած բարքերը: Իրականությունը շատ ավելի դաժան էր. եթե նույնիսկ վերացարկվենք մեր բազմաթիվ մարդկային ու տարածքային կորուստներից, ինչպես նաև անվտանգային սպառնալիքներից, մեր հայրենի երկրում տեղի ունեցողը գալիս է վկայելու, որ նախկիններին փոխարինածներն իրենց վարքագծով դարձան շատ ավելի նախկին:
Վերջաբանի փոխարեն. Ենթադրում եմ, որ աշխատավարձի «կեղտոտ» լինելու վերաբերյալ միտքը սկիզբ է առել ընդհանրապես փողի «կեղտոտ» լինելու գաղափարից: Հիշենք լայնորեն տարածված՝ «Փողը ձեռքի կեղտ է» արտահայտությունը: Կարծում եմ, որ դա պայմանավորված է եղել թղթադրամների շրջանառությամբ: Ի տարբերություն մետաղադրամների (ոսկե, արծաթե թե պղնձե)՝ թղթադրամը հնարավոր չէր լվանալ: Իսկ այն, ձեռքից-ձեռք անցնելով, կետոտվելու հատկանիշ ունի: Ու կեղտոտ թղթադրամը ձեռքը վերցնելուց, բնականաբար, կեղտոտվում էր նաև ձեռքը:
Կարծիքներ