Մի պարզ բան

Վերջին 4-5 տարվա ընթացքում ընդդիմությունը մի բան պետք է բացատրեր հայ մարդկանց՝ համոզեր, որ իր իշխանության գալը չի նշանակելու նոր պատերազմ, նոր ավեր, նոր կորուստներ։ Իսկ դրա համար պետք է կարողանար բացատրել, որ երբ իրենք ասում են՝ մի խոնարհվիր Ալիեւի առաջ, նրա ամեն անհեթեթ պահանջը մի կատարիր, բանակդ նրա հրահանգով մի ոչնչացրու, թուրք-ադրբեջանական սպառնալիքների առաջ մի դողա, դա բոլորովին չի նշանակում նոր պատերազմի սանձազերծում։ Պետք է կարողանային մարդկանց համոզել, որ ստորաքարշ ու նվաստ պահվածքից հրաժարվելը, դիմադրություն ցույց տալը, արժանապատիվ կեցվածքը բոլորովին էլ պատերազմի չեն հանգեցնելու։ Ճիշտ հակառակը՝ ինչքան շատ ես ցույց տալիս քո վախը պատերազմից եւ ինչքան շատ ես ընդառաջում թշնամուն, այնքան նա ավելի է լկտիանում։ Պետք է կարողանային հանրությանը բացատրել, որ պատերազմի ամեն սպառնալիք չէ, որ պատերազմի է հանգեցնում։
Թերեւս՝ հակառակը․ սպառնացողը չի կռվում, հոխորտացողն ուժի չի դիմում, նրա զենքը հենց իր լեզուն է, ագրեսիվ խոսքը։ Երբ դու սկսես այդ խոսքին նույնկերպ պատասխանել, այդ խոսքից «չընկնավորվել», դիմացինի ագրեսիայից հետք էլ չի մնա։ Այս ընդդիմությունը պետք է կարողանար մեր հանրությանը բացատրել, որ պատերազմից սարսափած եւ աշնան տերեւի նման ալիեւների առաջ դողացող իշխանությունն է պատերազմի սպառնալիք ստեղծում։ Իսկ ինքը կարող է այդ սպառնալիքը չեզոքացնել հմուտ դիվանագիտական քայլերով, խելացի պահվածքով, վճռականությամբ։ Պատերազմում մի անգամ պարտված ղեկավարն ինքն է նոր պատերազմի սպառնալիքը, եւ եթե մեր հանրությունն ուզում է ձերբազատվել այդ սպառնալիքից, չապրել մշտական վախի մեջ, ահուդողով չսպասել հակառակորդի նոր հարձակմանը, պետք է իր մեջ ուժ գտնի եւ իշխանություն փոխի։
Կարծիքներ