Փառք Աստծո, այս ամենը որևէ քաղաքական գործընթացի հետ կապ չունի

Փառք Աստծո, այս ամենը որևէ քաղաքական գործընթացի հետ կապ չունի

Մենք տեղեկացանք, որ ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը` Տաշիր Սամոն, պատրաստվում է հեռուստաընկերություն հիմնադրել: Այժմ նախապատրաստական աշխատանքներ են տարվում` թիմ հավաքելու ուղղությամբ, պրոյեկտներն են մշակվում, քննարկումներ ընթանում, որպեսզի ապրիլից հեռուստաընկերությունը եթեր դուրս գա: Ըստ նախնական լուրերի, ֆինանսավորումն իրականացնելու են ռուսական որոշ շրջանակներ, որոնք քաղաքական հետաքրքրություններ ունեն Հայաստանում: Գաղտնիք չէ, որ Հայաստանում արդեն իսկ սկսվել են նախընտրական պրոցեսները, և որոշ ուժերի թվում է, թե մեր օրերում լրատվամիջոց ստեղծելն ու կայացնելը դյուրին աշխատանք է:

«Հրապարակին» հայտնի դարձավ, որ նորաստեղծ TV-ի տնօրենը Հանրային հեռուստաընկերությունից վերջերս դուրս եկած Կարո Նաղդալյանն է լինելու, որը Կապանի դրամատիկական թատրոնի նախկին տնօրենն է եղել: Մեզ նաև հայտնի դարձավ, որ այնտեղ է աշխատելու հեռուստամեկնաբան, դերասան Դավիթ Գրիգորյանը: Դավիթն ունի արևմտամետ քաղաքական հայացքներ: Աշխատել է Հանրային հեռուստաընկերությունում, ինչպես նաև՝ Արման Բաբաջանյանի ղեկավարած 1in.am-ում: Չնայած լրագրողական գործունեությանը, մի ժամանակ Դավիթն ակտիվ դերասանական գործունեությամբ էր զբաղվում, հեռուստասերիալներում նկարահանվում:

«Հրապարակի» այն հարցին, թե ինչպես է կոչվելու ստեղծվելիք հեռուստաընկերությունը, ինչ ուղղվածություն է ունենալու, Դավիթ Գրիգորյանն ասաց. «Քանի որ մենք աշխատանքային գործընթացում ենք, հիմա շատ բան ասել չեմ կարող, սակայն կարող եմ ասել, որ այն շատ շուտով պատրաստ կլինի, հավանաբար` ապրիլին: Կլինեն հաղորդագրություն, մանրամասներ: Քանի որ ես չեմ դրա ամբողջական պատասխանատուն, չեմ կարող շատ բան ասել: Այնուամենայնիվ, խոսքն օնլայն TV-ի մասին է: Սա օնլայն մեդիա է, հեռուստաընկերությունը ենթադրում է մուլտիպլեքս հարթակում առկայություն, սակայն այստեղ չկա նման հարց: Ի՞նչն է զարմանք հարուցել, սա առաջի՞ն մեդիան է, որը բացվում է Հայաստանում: Հայաստանում արդեն իսկ նախընտրական պրոցեսներ են սկսվել, ասում են, որ այս պրոյեկտը ֆինանսավորում է ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը: Գրիգորյանը թեպետ զրույցի սկզբում ասում էր, որ մանրամասների չի տիրապետում, սակայն մեզ հավաստիացրեց, որ Սամվել Կարապետյանը ոչ մի կապ չունի ստեղծվելիք լրատվամիջոցի հետ, անգամ նշեց, որ այս ամենը նախընտրական պրոցեսների հետ աղերս չունի։ «Հավատացնում եմ` ոչ մի կապ չկա նախընտրական պրոցեսների հետ: Բազմակողմանի, բաց և թափանցիկ մեդիահարթակ ձևավորելու խնդիր է լուծվում: Փառո Աստծո, այս ամենը որևէ քաղաքական գործընթացի հետ կապ չունի: Սամվել Կարապետյանի մասով էլ չգիտեմ, թե այդ ասեկոսեները որտեղից են գալիս, բայց իրականության հետ ոչ մի կապ չունեն: Ասեմ ավելին` սա բացառապես հանրային աջակցության վրա հիմնված մեդիապլատֆորմ է լինելու: Ինձ համար սկզբունքային էր, որ այն ոչ մեկի հետ փոխկապակցված չլինի: Մենք բոլորս էլ գիտենք, թե այս կամ այն հարթակներն ինչպես են ձևավորվում, բայց ինձ համար շատ կարևոր է, որ իմ ստեղծագործական անկախությունը ոչ մի բանով չսահմանափակվի»,- նշեց նա: