Տղամարդկանց վերաբերող հարցեր Փաշինյանի կին խոսնակին

Տղամարդկանց վերաբերող հարցեր Փաշինյանի կին խոսնակին

Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն այսօր բավականին հանգամանալից ներկայացրել է իր անմիջական ղեկավարի՝ բանակում չծառայելու հանգամանքները: Լավ է արել, իհարկե, որովհետև բոլորին է հետաքրքրում, թե ինչու Նիկոլ Փաշինյանը, որ, Աստված մի արասցե, պատերազմի ժամանակ կարող է դառնալ մեր գերագույն գլխավոր հրամանատարը, չի ծառայել այն բանակում, որը պետք է առաջնորդի: Մանե Գևորգյանի բացատրությունները, ճիշտ է, այս տեսանկյունից չեն սփոփում մեր անհանգստությունը, բայց բավականին հետաքրքիր են՝ հասկանալու համար, թե ինչու, այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանը չի ծառայել:
Գևորգյանն այսպիսի փաստարկ է բերում. «1991 թ. դեկտեմբերին ուժի մեջ մտած Զինապարտության մասին Ն-0445 օրենքի 23 հոդվածում սահմանվել են պարտադիր զինվորական ծառայությունից ազատման հիմքերը, որոնց շարքում ազատման իրավունք է սահմանվել նաև այն անձի համար, որի երկու եղբայրներն անցել են պարտադիր զինվորական ծառայություն։ Նիկոլ Փաշինյանի 18 տարին լրացել է 1993 թ-ի հունիսի 1-ին, և նա ենթակա է եղել պարտադիր զինվորական ծառայության 1993 թ-ի գարնանային զորակոչին, միաժամանակ նրա երկու եղբայրների՝ պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու հանգամանքի հիման վրա զորակոչային հանձնաժողովի 01․06 թիվ 8 արձանագրությամբ ձևակերպվել է նրա ազատումը պարտադիր զինվորական ծառայությունից»: Ընդգծումները մերն են: Կարծում եմ՝ այդ ընդգծումներից հասկանալի դարձավ, որ ես հարցեր ունեմ Փաշինյանի խոսնակին: Նրա մեկնաբանությունից ինձ համար պարզ չդարձավ միանգամից մի քանի բան: Նախ՝ ե՞րբ են զորակոչված եղել նրա երկու եղբայրները (եթե կարելի է անուններն էլ ասեք) և ո՞ր բանակում են ծառայել, առհասարակ: Խոսնակի ձևակերպման մեջ խուճուճ բան կա: Չեմ կարողանում հասկանալ, թե ինչ է նշանակում «երկու եղբայրներն անցել են զինվորական ծառայություն» կամ «երկու եղբայրների պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու հանգամանքի հիման վրա»: Նիկոլ Փաշինյանի կյանքում, ի՞նչ ես կարծում, հարգելի Մանե, մի քիչ շատ չի՞ թավիշը: 1993թվին, փռչոտ ՀՀՇ-ականները նույնիսկ միջքաղաքային ավտոբուսներն էին կանգնեցնում ու ջահել ուղևորներին (տղամարդկանց) հավաքում, որ բանակ տանեն: Նիկոլն այս մասին չի՞ պատմել քեզ: Եվ պատերազմի թունդ օրերին, այ քեզ հաջողություն, հանկարծ հիշել են, որ Նիկոլի երկու եղբայրը ծառայել են բանակում ու նրան ազատել պարտադիր զինծառայությունի՞ց: 
Մանե ջան, արի պայմանավորվենք՝ միմյանց չխաբել: Հուսամ, գիտես, որ Փաշինյանն այդ ժամանակ արդեն երևաններում էր ու ելումուտ ուներ ՀՀՇ-ական շրջանակներ: Եվ, ամենայն հավանականությամբ, հենց այդ հանգամանքն է դերակատարություն ունեցել պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու հարցում: Այն էլ կա, որ պատերազմի պատճառով Նիկոլ Փաշինյանն առանձնապես տոգորված չի եղել Հայոց բանակում ծառայելու փափագով, այլապես կարող էր դիմում գրել և նրան սիրով կտանեն առաջին գիծ: Բայց հարցի բարոյական կողմը արի՝ չքննարկենք:
Ես, լինելով Խորհրդային Միության բանակի պահեստազորի սպա, 1992-ին զինկոմիսարիատ եմ հրավիրվել սպայական զորակոչով և անցել ծառայության Հայոց բանակում, որի շարքերում ծառայել եմ մինչև 1995 թվականը: Մանե ջան, խնդրում եմ մի հատ էլ թերթես այն օրերի օրենսդրությունն ու ինձ ասես՝ արդյոք պատերազմի ժամանակ զորակոչի ենթակա էր ծնողների միակ արու զավակն ու ընտանիքի միակ կերակրողը: Դու չես հիշի, Մանե ջան, բայց Փաշինյանին բանակից ազատողները կվկայեն, 1992-1995 թվականներին ընտանիք կերակրելն արդեն իսկ առաջին գծի պես մի բան էր:
Եվ իմ վերջiն հարց՝ երբ լրացավ Փաշինյանի զորակոչային տարիքը, որտե՞ղ էին նրա եղբայրները, կռվո՞ւմ էին Հայոց բանակում, թե արդեն զորացրվել էին և Փաշինյանին ոչինչ չէր խանգարում անցնելու իր եղբայրների փառավոր մարտական ուղով:
Շնորհակալություն հաճելի հուշեր արթնացնելու համար:
Առողջ եղեք: