Փաշինյանը պատրաստում է մեզ միակողմանի զիջումների, իսկ դրանք ավարտուն կետ չունեն

Փաշինյանը պատրաստում է մեզ միակողմանի զիջումների, իսկ դրանք ավարտուն կետ չունեն

5165 շարժման անդամ, ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանը դատապարտում է հայտարարությունները` սեպտեմբերի 15-ի ինքնաբուխ հավաքը կառավարել չկարողանալու մասին, ինչն իբրեւ թե ճակատագրական եղավ, եւ դրանից հետո այլեւս ընդվզում չի կարող տեղի ունենալ։ Նա շեշտում է, որ դրանով խորացնում ենք հիասթափությունը եւ ծառայություն ենք մատուցում Նիկոլ Փաշինյանին։

Սողոմոնյանը նշում է, որ այդ օրը հարթակից մոտ 30 ելույթ է ունեցել, սակայն, քանի որ հավաքն ինքնաբուխ էր, հնարավոր չեղավ ղեկավարել այն։ Օրինակ, Կարին Տոնոյանն ու Էդգար Ղազարյանը կարծում էին, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու քաղաքական գործիքակազմն իմպիչմենթն է, դրա համար գտնում էին, որ այդ հավաքի էներգետիկան պետք է ուղղել իմպիչմենթի ուղղությամբ։

Սակայն տարբեր օրակարգեր կային, եւ հատկապես բեմին մոտ կանգնած հատվածում հարյուրավոր սադրիչներ կային, ովքեր խանգարում էին․ «Ցանկացած խոսք դիմավորում էին հայհոյանքներով՝ առանց նայելու, որ այդտեղ կանայք կան, Էդգար Ղազարյանի թեւից քաշեցին-գցեցին, Գեւորգ Գեւորգյանի քիթը վնասեցին։ Այդ սադրիչների նպատակը հավաքը փչացնելն էր»։
Նա նշում է, որ իրենց հավաքներն այդքան մարդաշատ չեն եղել, սակայն քաղաքական ուժերը նմանատիպ երեւույթներից խուսափելու համար այնպես են կազմակերպում, որ իրենց համակիրները բեմի մոտ լինեն, բայց քանի որ հավաքն ինքնաբուխ էր, այդ մեթոդը չէր գործել։ Այդ մարդկանց մի մասն էլ ցանկություն էր հայտնում գրավել Ազգային ժողովը, սակայն արդյունքում ոստիկանությունը կձերբակալեր մարդկանց։ Մենուա Սողոմոնյանը զարմանում է․ իրենք բեմ չէին կառուցել, սակայն երբ վերադարձել են ԱԺ-ի մոտ, տեսել են կառուցված բեմ, իսկ պահնորդային խմբի սենյակից էլ միացրել էին բարձրախոսներն ու խոսափողը, ոչ մի ոստիկան չէր եղել, ԱԺ դարպասներն էին հատուկ թուլացրել։ Սողոմոնյանը կարծում է, որ իշխանությունները փորձում էին բախումներ սադրել, որպեսզի հետո երկրում արտակարգ դրություն մտցնեին ու թույլ չտային հետագայում բողոքի ակցիաներ անել։

Անդրադառնալով երեք նախագահների եւ կաթողիկոսի հանդիպումներին, նա նշում է, որ, ցավալիորեն, ի սկզբանե ֆորմատը ձեւավորվեց բացահայտ ու անլուծելի տարակարծությունների պայմաններում, Տեր-Պետրոսյանն ի սկզբանե դրսեւորեց դիրքորոշում, որ ոչինչ փոխել հնարավոր չէ, եւ որ Նիկոլ Փաշինյանի փոխարեն եթե մեկ ուրիշը գա, իրավիճակն ավելի կվատանա։ Այնինչ դա անընդունելի է։

«Պարզ է, որ Ռուսաստանի ազդեցությունը թուլացել է տարածաշրջանում։ Երբ որ այդ պայմաններում անգործության է մատնվել երկրի էլիտան՝ Ռուսաստանի ազդեցության թուլացման պայմաններում, եթե դու չես ձգտում դիվերսիֆիկացնել քո դաշնակցային, գործընկերային հարաբերությունները, բազմազանեցնել, դա փոխհատուցել ավելի սերտ հարաբերություններ հաստատելով, հատկապես՝ ռազմական բաղադրիչով Իրանի հետ, ավելի սերտ հարաբերություններ Հունաստանի հետ, Հնդկաստանի հետ, Չինաստանի հետ, սպառազինությունների ձեռքբերման տեսանկյունից եւ այլն։ Եթե այդ հնարավորությունները չեն օգտագործվում, եւ դու ժողովրդին ասում ես, որ ես քեզ կբերեմ խաղաղություն, ու չես պատասխանում, թե ինչպես… վերջին ասուլիսի ժամանակ էլ ասում էր, թե ինչքան սեղմվում է օղակը, այնքան խաղաղության պահանջը մեծանում է»,- նկատում է Սողոմոնյանը։

Խնդիրն այն է, որ նմանատիպ հայտարարություններ անելով՝ Փաշինյանը հերթական անգամ մոլորեցնում է մարդկանց եւ պատրաստում միակողմանի զիջումների։ Ընդ որում՝ զիջումների վերջն էլ չի երեւում, հայկական կողմն անընդհատ զիջումների է գնալու, սակայն չգիտի, թե որ կետում են դրանք կանգնելու կամ կանգնելո՞ւ են արդյոք։

«Նիկոլ Փաշինյանը երկիրը հասցրել է մի կետի, որ եթե Արարատ Միրզոյանը չգնար Ժնեւ, դա Ադրբեջանին նոր լայնածավալ պատերազմ սանձազերծելու հնարավորություն կտա։ Բացի այդ, Փաշինյանի ստեղծած դիսկուրսը, որ Արցախը հանձնելով կարող ենք ունենալ 100-ամյա խաղաղություն, դա տեխնոլոգիա է, երբ սկսում են քննարկում եւ ծավալում են այնքան, որ դա մարդկանց համար սովորական, իսկ վերջում արդեն՝ ընդունելի է դառնում։ Մեր տարածաշրջանի նման պետություններում փաստաթղթերի ստորագրումը չի ենթադրում այդ փաստաթղթում ներառված դրույթներին հետեւել, եւ երբ Ալիեւի իշխանության համար վտանգ առաջանա Ադրբեջանում, նա, առանց մտածելու, նոր պատերազմ սկսի Հայաստանի դեմ՝ դրանով շեղելով ներադրբեջանական օրակարգը»,- ասում է մեր զրուցակիցը։

Կտրուկ փոխել անվտանգային վեկտորը վտանգավոր է` Թուրքիան կարող է ուղիղ ինտերվենցիա սկսել Հայաստան։ Եվ այն մարդիկ, ովքեր կարծում են, որ ԱՄՆ-ն կարող է կանգնեցնել Թուրքիային, չարաչար սխալվում են, քանի որ, օրինակ, Իրաք ներխուժման դեպքում ԱՄՆ-ի համաձայնությունը Թուրքիան չուներ։ Այսինքն՝ անհրաժեշտ է նախապատրաստել հասարակությանը` զինվել, պատվերներ տալ սեփական ռազմական արդյունաբերությանը, մոբիլիզացում անել, ռազմականացնել Հայաստանը, ու քանի դեռ մենք դա չենք անում, չենք կարող անվտանգ լինել մեր իսկ հայրենիքում՝ կարծում է Մենուա Սողոմոնյանը։