Կարեն Անդրեասյանին հանգիստ չեն տալիս անկախ դատավորները
Լուրեր են պտտվում, որ օրերս հերթական կարգապահական վարույթն է հարուցվելու դատական համակարգի հնաբնակ և հեղինակավոր դատավորներից մեկի դեմ: Խոսքը Դավիթ Բալայանի մասին է, ով քրեական դատարանի դատավորի 25 տարվա ստաժ ունի: Բայց քանի որ դատական համակարգին պետք չեն անկախ և ինքնուրույն դատավորներ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը որոշել է բոլորից ձերբազատվել՝ նրանց փոխարեն 25 տարեկան անփորձ կամակատարներ նշանակելով:
Ֆորմալ առումով կարգապահական վարույթ հարուցելու հիմքը Եվրոդատարանի վճիռն է, Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի, փաստորեն առաջին ատյանի դատավորը դատական համակարգի միակ պատասխանատուն է, քանի որ վերաքննիչ և վճռաբեկ դատարաններով անցած գործով ոչ մի այլ ատյանի դատավոր կարգապահական պատասխանատվության չի ենթարկվում: ԲԴԽ—ն անցանկալի դատավորներից ազատվելու հնարամիտ և խորամանկ միջոցներ է կիրառում՝ մի դեպքում դատական ակտի մի քանի օր ուշացումն են պատճառ բերում, մյուս դեպքում՝ լրատվամիջոցներին հարցազրույց տալ, այս դեպքում ՄԻԵԴ-ի որոշումն է:
Ստացվում է Կարեն Անդրեասյանն իր լիազորությունների ժամկետը լրանալու ավարտին, հիշեցնենք, որ ԲԴԽ նախագահը այդ պաշտոնին հրաժեշտ կտա արդեն այս տարվա վերջին: Ակնհայտ է, որ նա որոշել է քաղաքական իշխանություններին ամբողջ ծավալով ծառայություններ մատուցել և համակարգից հեռացնել բոլոր չվնգստացող դատավորներին: Գուցե հույս ունի, որ իր անձնուրաց ծառայությունները կգնահատվեն հրահանգն իջեցնողի կողմից և ինքը ինչ -որ պաշտոն կստանա ԲԴԽ-ն թողնելուց հետո:
Բարձրագույն դատական խորհրդի փիառ բաժինը երևի հերթական տեսահոլովակը կնկարի, որտեղ կներկայացնի Կարեն Անդրեասյանի հաղթարշավը դատական համակարգի հրահանգ չկատարող դատավորների նկատմամբ: Ընդ որում, սա այն դեպքում, երբ փաշինյանական իշխանության հանդեպ խիստ բարեհաճ Եվրախորհուրդը իր վերջին բանաձևերից մեկում հստակ նշել էր, որ դատավորների դեմ հարուցված կարգապահական վարույթները կասկածներ են հարուցում, որ ՀՀ իշխանությունը փորձում է հնազանդեցնել համակարգը:
ՀԳ: Դավիթ Բալայանը այն դատավորն է, ով դատարանների շրջափակման օրը փորձում էր աշխատանքի գնալ պատուհանից, տեսանյութը, թե ինչպես են ՔՊ-ականները դատավորին քաշում գցում, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարած դատարանների աշխատանքի արգելափակումը իրականանա, մի քանի միլիոն դիտում ունի և այդ ժամանակի գլխավոր սիմվոլներից է:
Կարծիքներ