Գործող իշխանությունը վա բանկ է գնում
Շատ հավանական է, որ մոտ ապագայում մենք կրկին ԱԺ արտահերթ ընտրություններ ունենանք, հետեւաբար բոլորը` ե՛ւ իշխանությունները, ե՛ւ քաղաքական ուժերը, ե՛ւ ժողովուրդը, պետք է պատրաստ լինեն դրան: Այս օրերին, տարբեր հարցումների համաձայն, իշխանական ռեյտինգը տատանվում է 13-16 տոկոսի սահմաններում, որը լիարժեք պարտության արգասիք է, եւ հավանականությունը, որ մինչեւ արտահերթ կամ թեկուզ 2026թ. հերթական ընտրություններն ընկած ժամանակահատվածում որեւէ էական փոփոխություն կլինի, խիստ փոքր է: Ուղղակի ՔՊ-ն պետք է ինչ-որ սենսացիոն նորամուծություններ հորինի, որպեսզի պարզ մեծամասնություն ունենա նոր ԱԺ-ում, կամ` իր կցորդ ուժերին մտցնի ԱԺ, որ գոնե կոալիցիայի ճանապարհով փորձի իր թեկնածուին վարչապետ սարքել, այլապես մյուս բոլոր պարագաներում կկորցնի իշխանությունը: Պատկերացնում եք, չէ՞, թե ՔՊ-ի համար ինչ է նշանակում իշխանության կորուստը։
Եվ եթե մենք պատկերացնում ենք, ապա ՔՊ-ում պատկերացնում ու պատկերացնում են եւ հասկանում են, որ իրենց մնում է միայն մեկ տարբերակ. ամեն ինչ անել, որպեսզի արտահերթ կամ հերթական ընտրությունների ժամանակ, եթե ՔՊ-ն չի վերարտադրվում, անպայման անվավեր ճանաչվեն այդ ընտրությունների արդյունքները: Իսկ դրա միակ ճանապարհը, Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն, ընտրությունների անցկացման օրը մտցվի արտակարգ կամ ռազմական դրություն, որ քվեարկության արդյունքները համարեն անվավեր եւ նոր քվեարկության օր նշանակեն... եւ փաստացի, տեսականորեն հնարավոր է, որ ընտրությունները չկանայան եւ այդ պրոցեսը շարունակվի տարիներով, ու այդ ընթացքում իշխանությունը մնա ՔՊ-ի ձեռքին: Այնպես որ, ՔՊ-ն ամեն ինչ կանի, որ ցմահ մնա իշխանության։
ՔՊ-ին մնում է գտնել այն գործիքը՝ մեթոդը, որով կարող է հասնել իրենց ուզածին, որը եւ նրանք, փաստորեն, արդեն գտել են` արտակարգ դրության միջոցով քվեարկությունը չեղյալ անելը: Եվ քանի որ երկրի փաստացի տերն իշխող ուժն է, ոչ թե ժողովուրդը, ապա ամեն ինչ որոշելու է հենց նա: Այդ ուժին մնում է ընդամենը նուրբ տեխնիկական հարցեր լուծել, որտեղ, կարծում եմ, նրանք անգերազանցելի են: Իհարկե, կան շատ հանգամանքներ ու պատճառներ, որոնք, ցանկության դեպքում, իշխող ուժին հնարավորություն կտան հայտարարել արտակարգ կամ ռազմական դրություն` անհրաժեշտության դեպքում: Եթե գործող օրենսդրությունը փոխելու հարցում ոչ մի արգելքի չեն հանդիպում, եւ հանրային ոչ մի բողոք տեղ չի հասնում, ինչո՞ւ չպետք է անեն։
Ես հեծանիվ չեմ հորինել, ուղղակի նշել եմ այն սցենարը, որով առաջնորդվելու է գործող իշխանությունը, եւ որին ժողովուրդը չի կարողանալու խանգարել: Ի դեպ, ՔՊ-ն արդեն գնում է այդ ուղղությամբ` Ընտրական օրենսգրքում մշակած փոփոխությունները հենց արտակարգ ու ռազմական դրության մասին դրույթն են կյանքի կոչելու, եւ որն այս Ազգային ժողովը խելոք կընդունի առաջիկայում` հող ստեղծելով, որ ՔՊ-ն հավերժ մնա իշխանության։
Այնպես որ, ՀՀ հպարտ քաղաքացիներ, մտածեք` ձեզ սպասվող մոտալուտ իրականությունը սա է լինելու։
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Կարծիքներ