Կառավարությունից պահանջում եմ՝ մարդ լինեն․Իրանից եկած ընտանիքը կորանավիրուսի պատճառով  հայտնվել է անելանելի դրության մեջ

Կառավարությունից պահանջում եմ՝ մարդ լինեն․Իրանից եկած ընտանիքը կորանավիրուսի պատճառով  հայտնվել է անելանելի դրության մեջ

«Հրապարակը» զրուցել է մարտի 15-ին Իրանից Հայաստան վերադարձած ընտանիքի հետ, որը կորոնավիրուսի պատճառով հայտնվել է անելանելի դրության մեջ։ Նրանց գազը, հեռախոսը անջատված է, սպասում են, որ ուր որ է՝ հոսանքն էլ կանջատեն ու ավելին՝ ընտանիքը նաև սննդի խնդիր ունի։  Ընտանիքի մայրը՝ Արմենուհի Գրիգորյանը պատմեց, թե ինչպես են հայտնվել նման իրավիճակում։ 2019-ի տարեվերջին՝ դեկտեմբերին  Իրանում համատեղ բիզնես են հիմնել իրանցու հետ,  ամեն ինչ շատ լավ է ընթացել, սակայն կարճ ժամանակ անց կորոնավիրուսը, որը  Չինաստանից հետո ամենաշատը տարածվել էր Իրանում, ինչպես կինն ասաց՝ «վարի է տվել» բիզնեսը։
 «Ինչ ունենք, չունենք, թողել ենք այնտեղ, մեզ ոստիկանությունով դեպորտ են արել, քանի որ Պարսկաստանի բնակիչ չեմ, համարվում եմ տուրիստ։ Մինչ այդ վարձով ենք ապրել, վարձակալը մեզ հանեց, հետո եկանք՝ սահմանի բերան,  մեր ընկերոջ  տանը պատսպարվեցինք՝ մինչև հասկանանք, որովհետև, հավատեցե՛ք, չէի ուզում այնտեղ իմ դրած շատ լուրջ գործը թողել, գալ։ Բայց ոստիկանությունը իմացավ, էդ մարդուն էլ էր վնաս տալիս, մեզ էլ, 14-օրյա կարանտին, հետո դեպորտ, քանի որ ես իրա երկրի օրենքն էի խախտել, թե ինչ էի արել չգիտեմ։ Մի հսկա գումար թողնելով Պարսկաստան, հագուստ էլ չեմ բերել, հավատացեք, դափ-դատարկ, լաց լինելով եկել եմ,  ու հիմա իմ երկրու՞մ եմ սովամահ լինում»,-պատմեց Արմենուհին։ Մի խոսքով՝ Երևանում կինը հայտնվել է մարտի 15-ին՝ 22 հազար դրամով ու դեռ մի 8 հազար դրամ էլ տվել է տաքսուն՝ իրեն Երևան հասցնելու համար։  Դրանից 2 ժամ անց էլ Հայաստանում հայտարարվեց արտակարգ դրություն։ Ըստ որում, կնոջ ընտանիքի մյուս անդամները՝ ամուսինն ու երեխաները  նրան ավելի ուշ էին միացել Իրանում՝ հունվարի 11-ին։

Երևան գալու պես Գրիգորյանների 4 հոգանոց  ընտանիքը հայտնվել է նույնքան ծանր իրավիճակում, չկա փող, չկա, գազ, հեռախոս ու սնունդ։ Անգամ «Ռոստելեկոմն» է դադարեցրած եղել ծառայությունների մատակարարումը։ «Զանգել եմ, խնդրել եմ, ասել եմ՝ վարձը ամիսների բաժանեք․․․ մի խոսքով, ոչ մի տեղից դրական ոչ մի լուծում»։
Արմենուհին զանգահարել է ամենուր՝ պարետ Ավինյանի գրասենյակ, կառավարություն և այլն, մինչև բազում զանգերից հետո Ավինյանի գրասենյակից բարեհաճել են վերցնել կնոջ հեռախոսահամարը՝ խոստուոմով, որ իրեն ինչ-որ բանով ընդառաջելու խնդրանքը կփոխանցեն այս կամ այն մարմնին։ «Ու ոչ մի բան, ոչ մի օգնություն»։
Հարցին,թ ե ինչ է պահանջում կառավարությունից, կինն ասաց․«Կառավարությունից պահանջում եմ, որ մարդ լինեն,իրենց խոսքի տերը լինեն, մարդկանց կողքին կանգնեն, օրենք է՝ հանում՝ եթե կարանտինի մեջ մարդ է, դուրս եկավ, տուգանք, բա կարանտինի մեջ չեմ, զանգում եմ, խնդրում եմ, հնարավո՞ր չէ մարդուն օգնել։ Սննդով, ինչ-որ մի հատ գազի հարց լուծել․․․ Ու ամենացավալին էն է, որ էսօր էս իշխանությունը ոչնչի ընդւոնակ չէ, մենակ դատարկ խոսում է։ Էս կարգի դատարկ կառավարություն, ես չեմ պատկերացնում»։

Նախկինում՝ մինչև Իրան գնալը կինն ու ընտանիքը զբաղվելիս են եղել բիզնեսով, սակայն Հայաստանում փոքր ձեռներեցությամբ զբաղվելը անհեռանկար գործ համարելով՝ այստեղ փակել էին բիզնեսն ու մեկնել Իրան։ «18 թվից իմ բիզնեսը անկում էր ապրում, ում համար լավ է․․․ չգիտեմ, իմ համար, իրենք եկել են, շատ վատ է եղել»։
Ընտանիքը մի բնակարան էլ ունի, որը վարձով է տալիս, բայց կինն ասում է, որ չի կարողանում վարձակալից գոնե այդ գումարը ստանալ։ «Մարդը չունի, ես չեմ կարա խեղդեմ, եթե ես չունեմ, ինքը որտեղից տա»,-ասաց։
Եթե ինչ-որ անձինք ընտանիքին օգնելու ցանկություն ունի, կարող ենք տրամադրել հեռախոսահամար։