Նախկինները բոլորը Նիկոլ Փաշինյանի մոտ են․ Գալուստ Սահակյան

Նախկինները բոլորը Նիկոլ Փաշինյանի մոտ են․ Գալուստ Սահակյան

Երեկ «Հարսնաքարում» կայացած ՀՀԿ 17-րդ համագումարում ՀՀԿ նախագահ վերընտրվեց Սերժ Սարգսյանը։  Քվեարկությանը մասնակցած 525 պատվիրակից Սարգսյանի օգտին քվեարկեց 523 պատվիրակ։ Երկու ՀՀԿ-ական դեմ էին, որ Սերժ Սարգսյանը նորից դառնա կուսակցության ղեկավար։

ՀՀԿ ամենակարկառուն դեմքերից մեկից՝ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանից Hraparak.am-ը հետաքրքրվեց՝ Սերժ Սարգսյանը շարունակո՞ւմ է մնալ անփոխարինելի իրենց համար։

«Էսօր էդ մասին չեմ կարծում՝ պիտի մտածել։ Նախևառաջ Սերժ Սարգսյանն էն անհատն է, որ մենք՝ բոլորս, շահագրգիռ ենք, որ ինքը մնա խորհրդի նախագահ՝ էդպիսի անհատ է։ Նա բավականին լուրջ ներդրում է ունեցել մեր պետության, մեր հայրենիքի համար, և դա քննարկման հարց չէ։ Էսօր, իմիջիայլոց, խնդիրը միայն դա չէ։ Սերժ Սարգսյանը կմնա, բոլոր կուսակցությունները կմնան, մեր բոլորի խնդիրը երկիրը փրկելն է։  Էսօր երկրի փրկության հարց է, ուրիշ հարց չկա»,- ասաց Գալուստ Գրիգորիչը։

- Բա ինչո՞ւ չեք փրկում երկիրը:

- Մե՞նք փրկենք։

- Բա ո՞վ փրկի, դուք եք խոսում երկրը փրկելուց, Հայրենիքի փրկության շարժման մաս դուք էիք կազմում։

- Իհարկե, մեծամասամբ հենց էդ ճանապարհով էլ գնում ենք։ Բայց էն մարդիկ, էն կուսակցությունները, որոնք փաթաթվել էին Նիկոլի հետ և դագաղները առած՝ մեզ ճամփու էին դնում, էդ մարդիկ թող խոսք ասեն։

- ՀՀԿ-ի շարքերը 2018 թվականից հետո նոսրացան, հիմա ի՞նչ վիճակ է կուսակցությունում։

- Մենք գնացին էն ճանապարհով, հիմա միայն նրանք են մնացել, ովքեր իրականում ՀՀԿ են և մեր կողմնակիցներն են և պայքարում են էն ուղիով, ինչ ուղիով մենք այսօր մտածում ենք։

- Ի դեպ, ձեր թիմակիցներից որոշները ՀՀԿ-ն լքեցին ու գնացին Քոչարյանի թիմ, մի մասը այսօր պաշտոններ են զբաղեցնում, որոշներն էլ պասիվացան՝ դուրս գալով ՀՀԿ-ից։ Իրենց ինչպե՞ս կգնահատեք։ 

- Նրանք, ովքեր գանցել են լավ տեղ՝ գնահատում ենք, ովքեր գնացել են ուրիշ տեղ՝ թերագնահատում ենք։ 

- Քոչարյանի թիմ գնալը լա՞վ տեղ է, օրինակ։

- Ես կարծում եմ՝  Քոչարյանն էսօր ազգային առաջադիմություն ունեցող մարդ է։ Հերոս բառը չեմ ասում, որովհետև այսօրվա հերոսները հերոս չեն, մենք պիտի փոխենք էդ բառի անունը։

- Իսկ ձեր ժամանակ ի հայտ եկած հերոսները իրակա՞ն հերոսներ էին։

- Իհարկե, Վազգենը հերո՞ս չէր։

- Ի դեպ, Դուք այսօրվա խորհրդարանական ընդդիմությունից ի՞նչ եք ակնկալում, Ձեզ դո՞ւր է գալիս իրենց աշխատանքը՝ թե՛ «Պատիվ ունեմ» խմբակցության, թե՛ «Հայաստան» խմբակցության։ 

- Իմիջիայլոց, խոսքի տեսակետից՝ կենսափորձը, խոսքը բավականին և՛ հաջող է, և՛ երբեմն նաև կարող է անհաջող լինել։ Խոսքի հետ հայրենիքը փրկելու համար գործողություններ են պետք։

- Մեղադրում են ընդդիմությանը, որ ընդդիմությունն իր պահվածքով ավելի շատ ուժեղացնում է Նիկոլ Փաշինյանին, որ հերիք չի ընտրություններով վերարտադրեցին, հիմա էլ ավելի են ուժեղացնում նրան։

- Այ էդ մեղադրողներից մեկը թող իր թեկնածությունն էլ դներ, գար խորհրդարան, տաներ էն ճանապարհով, որը ինքն է ուզում։ Պատգամավոր են, մեկը վատ խոսք կասի, մեկը ինչ-որ վրիպում կանի․․․

- Ասում են՝ նախկինները, որ հեռանան ասպարեզից, Նիկոլ Փաշինյանը շատ արագ կթուլանա, և հեշտ կլինի հեռացնել իրեն իշխանությունից։

- Բայց նախկինները բոլորը Նիկոլ Փաշինյանի մոտ են, ո՞վ հեռանա։

- Դուք հիմա նախկի՞ն չեք։ 

- Բայց ինչի՞ց հեռանան, իշխանությունի՞ց։

- Ոչ, ասպարեզից՝ դաշտը թողնելով նոր մարդկանց։

-Ես խնդրում եմ՝ Դուք հիմար հարցեր ինձ մի տվեք։ Քաղաքականությունը նախկիններ, նորեր՝ էդպիսի խնդիր չունի։

- Պարոն Սահակյան, հիմար հարցեր տալիս են Ազգային ժողովում, ես հիմար հարցեր չեմ տալիս։

- Ինձ մի տվեք, էլի։ Ես չեմ ասում՝ Դուք հիմար հարց եք տալիս, պարզապես նրանց ասած հիմարությունները ինձ մի տվեք։ Էնտեղ ո՞ւր ա որևիցե քաղաքական գործիչ, որ հարց տան, ես էլ էդ հարցին պատասխանեմ։ Չկա։