Պաբլո Ներուդա. բանաստեղծություններ

Պաբլո Ներուդա. բանաստեղծություններ

ՍԵՐ 

Կինարմա՛տ, որդիդ լինեի, խմելու համար 
կաթը կրծքիդ՝ ինչպես կենարար աղբյուրից, 
քեզ նայելու եւ կողքիս զգալու համար, եւ ունենալու համար քեզ` 
ոսկու ծիծաղի ու բյուրեղյա ձայնի մեջ: 
Զգալու համար քեզ երակներիս մեջ, ինչպես Աստված գետերում, 
եւ պաշտելու համար քեզ` տխուր, փոշուց ու կրից ոսկորներիս մեջ,
քանզի էությունդ կանցնի կողքովս անցավ
ու դուրս կգա տողերի մեջ` մաքրագործված ամեն չարից:
Իմանայի սիրել քեզ, կինարմա՛տ, 
իմանայի սիրել քեզ, 
սիրել քեզ այնպես, ինչպես ո՛չ ոք երբեւէ չի՛ իմացել: 
Մեռնե՛լ եւ դեռ 
սիրել քեզ է՛լ ավելի:
Եվ դեռ… 
սիրել քեզ 
ավելի՜ ու ավելի՜ …

ՍՏՐԿՈՒՀԻՍ 

Ստրկուհի՛ս, երկյուղիր ինձնից, սիրի՛ր ինձ, ստրկուհի՛ս: 
Քեզ հետ ես ամենաընդարձակ մայրամուտն եմ իմ երկնքի, 
Եվ նրանում է առանձնանում հոգիս` սառը աստղի պես: 
Երբ հեռանում են քեզնից` վերադառնում են ի՛նձ քայլերս:
Իմ սեփական մտրակն ընկնում է կյանքիս վրա: 
Այն ես, ինչ ներսումս է եւ հեռու է: 
Փախչելով` ինչպես երգչախումբը հալածական մառախուղների: 
Կողքիս, բայց որտե՞ղ: Հեռավո՜ր, այն, ինչը հեռու է: 
Եվ այն, ինչը հեռու լինելով` ոտքերիս է դիպչում: 
Ձայնի արձագանքը լռությունից անդին: 
Եվ այն, ինչն աճում է հոգուս մեջ, ինչպես մամուռն ավերակներին:    

ԼՌՈՒԹՅՈՒՆ 

Ես, որ մեծացա ծառի մեջ, 
շատ բան կունենայի ասելու, 
բայց այնքան լռություն սովորեցի, 
որ պիտի լռեմ... շատ, 
եւ սա իմացվում է աճելու ընթացում. 

առանց այլ վայելքի քան աճելը 
առանց ավելորդ կրքոտության քան նյութը, 
առանց այլ գործողության քան անմեղությունը, 
եւ ներսում` ոսկե ժամանակը, 
մինչեւ բարձրությունը կանչում է նրան` 
փոխակերպելու համար նարնջագույնի:

ՍԱՐՆ ՈՒ ԳԵՏԸ 

Հայրենիքումս կա մի սար, 
հայրենիքումս կա մի գետ: 
Արի՛ ինձ հետ: 

Գիշերը` սարն է ելնում,
ու քաղցը` գետն է իջնում:
Արի՛ ինձ հետ: 

Ո՞վքեր են, որ տանջվում են,
չգիտեմ, բայց իմոնք են: 
Արի՛ ինձ հետ: 

Չգիտեմ, բայց ինձ կանչում են, 
ասում են ինձ՝ «տանջվո՜ւմ ենք…»: 
Արի՛ ինձ հետ: 

Ասում են՝ «ժողովուրդդ,
դժբախտ քո ժողովուրդը
գետի, սարի միջեւ,
սովի ու ցավերի մեջ
չի ուզում միայնակ պայքարել, 
քեզ է սպասում, ընկե՛րս»: 

Օ՜հ, դո´ւ, ում ես սիրում եմ, 
փոքրիկ կարմիր ցորենի հատ, 
պայքարը ծանր կլինի, 
կյանքը դժվար կլինի, 
բայց դու կգա՛ս ինձ հետ:

*****
Կարող եմ գրել ամենատխուր տողերն այս գիշեր: 
Գրել, օրինակ՝ «Գիշերն աստղալից է, 
եւ դողում են հեռվում կապույտ աստղերը»: 

Գիշերային քամին պտտվում է երկնքում եւ երգում: 
Կարող եմ գրել ամենատխուր տողերն այս գիշեր: 
Ես սիրեցի նրան, նա էլ ինձ էր սիրում, երբեմն: 

Այս գիշերվա պես գիշերներին գրկումս էր: 
Համբուրեցի նրան անթիվ անգամներ անեզր երկնքի տակ: 

Նա սիրեց ինձ, երբեմն, ես էլ սիրում էի նրան: 
Ինչպես չսիրել նրա խոշոր անթարթ աչքերը: 

Կարող եմ գրել ամենատխուր տողերն այս գիշեր: 
Մտածել, որ նա իմը չէ: Զգալ, որ կորցրել եմ նրան: 

Լսել ահռելի գիշերը, ավելի ամեհի՝ առանց նրա:
Եվ տողն ընկնում է հոգուն, ինչպես ցողը խոտին: 

Ինչ կարեւոր է, որ իմ սերը չկարողացավ պահել նրան: 
Գիշերն աստղալից է, եւ նա ինձ հետ չէ: 

Սա է ամբողջը: Հեռվում ինչ-որ մեկը երգում է: Հեռվո՜ւմ… 
Հոգիս չի խաղաղվում նրա կորստից: 

Նրան մոտ զգալու համար հայացքս փնտրում է նրան: 
Սիրտս փնտրում է նրան, եւ նա ինձ հետ չէ: 

Նույն գիշերը, որ սպիտակեցնում է նույն այս ծառերը: 
Մե´նք այլեւս նույնը չենք, այն ժամանակվանը չենք: 

Եվ արդեն չեմ սիրում նրան, ճի´շտ է, բայց որքա՜ն եմ սիրել: 
Ձայնս քամի էր փնտրում, որպեսզի դիպչեր նրա ունկին: 

Ուրիշինը, ուրիշինը կլինի: Ինչպես առաջ՝ համբույրներինս էր: 
Նրա ձայնը, նրա լուսե մարմինը, նրա անեզր աչքերը: 

Այլեւս չեմ սիրում նրան, ճիշտ է, իսկ գուցե… սիրում եմ: 
Այնքա՜ն վաղանցիկ է սերը, եւ այնքան երկար մոռացումը: 

Որովհետեւ այս գիշերվա պես գիշերներին գրկումս էր, 
հոգիս չի խաղաղվում նրա կորստից: 

Եթե նույնիսկ սա վերջին ցավն է, որ նա ինձ պատճառում է, 
եւ սրանք վերջին տողերն են, որ գրում եմ նրան: 

Թարգմանությունն իսպաներենից՝ Աղավնի Գրիգորյանի
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ