Երբ վերջը մոտ է

Երբ վերջը մոտ է

Հանրայինով հարցազրույց է տալիս ու ոչ թե մի հաղորդավարի, այլ մի ողջ ժողովրդի աչքերի մեջ է նայում ու ասում՝ ի՞նչ եմ զիջել, կասե՞ս․․․ Նման ղեկավար կոչեցյալից կարելի՞ է սպասելիք ունենալ, կարելի՞ է թեկուզ մի փշուր հույս կապել նրա հետ։ Տարբեր որակումներ են տալիս նրա հարցազրույցին, նույնիսկ կետ- կետ թվարկում, թե ինչ է հանձնել նա, բայց մի կարևոր բան, որն այս պարագայում ամենաէականն է, դուրս է մնում։ Նիկոլ Փաշինյանի համար բոլոր հանձնված, զիջված  տարածքները եղել են Ադրբեջանինը։ Ինչպես ինքն է ասում՝ ես ոչ մի բան չեմ զիջել։ Սա ի՞նչ է նշանակում՝ ինչ զիջել, հանձնել եմ, Ադրբեջանինն է եղել։  Նա այդպես է պատկերացնում։

Ինչքան էլ պնդեք, որ նա  ներարկվել, պատրաստվել է, հնարավոր չէ նման բան։ Հնարավոր չէ, եթե այն արյան, ավիշների մեջ ներծծված չլինի։ Ե՛վ ցավի սինդրոմով, և՛ գիտակցական մակարդակով գիտե՞ք,  երբ  են  Տունը հանձնում, երբ են  ասում՝ սա իմը չէ․․․ Զուտ հոգեբանական առումով եմ ասում։ Դա մի պատասխան ունի։ Երբ մարդը գիտե, որ իր վերջը մոտ է ու իր ժառանգությունը պիտի հանձնի ամենահարազատ մարդուն․․․ Ես այս պրոցեսին եմ նմանեցնում․ մարդը պապերի, ծնողների ժառանգությունը հանձնում ու ասում է՝ ես ոչ մի բան չեմ զիջել, ես ոչ մի բան չեմ հանձնել․․․ Այս պարագայում Նիկոլ Փաշինյանը մոռանում է, որ Տունը  ոչ թե իր սեփականությունն է, այլ հայ ժողովրդի սեփականությունը։ Տան պահանջատերը հայ ժողովուրդն է։