Քաղաքապետարանի պատասխանը՝ ՄԻՊ-ին

Քաղաքապետարանի պատասխանը՝ ՄԻՊ-ին

Երևանի քաղաքապետարանը խախտել է Լվովյան փողոցի բնակիչների իրավունքները: Մասնավորապես, նշվել է, որ Մարդու իրավունքների պաշտպանը Երևանի քաղաքապետարանի կողմից Լվովյան փողոցի ինքնակամ կառույցների ապամոնտաժման գործընթացի վերաբերյալ բողոքների քննարկման արդյունքում կայացրել է մի խումբ բնակիչների իրավունքների կամ ազատությունների խախտման առկայության մասին որոշում՝ արձանագրելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված պատշաճ վարչարարության և արդյունավետ դատական պաշտպանության իրավունքների խախտում:

Որոշումն ու դրանում արտահայտված Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումները հասանելի են այստեղ:

Երևանի քաղաքապետարանից պատասխանել են ՄԻՊ-ի հայտարարությանը․

«Ի պատասխան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի «Երևանի քաղաքապետարանը խախտել է Լվովյան փողոցի բնակիչների իրավունքները»՝ այսօր հրապարակված ծավալուն որոշման՝ ցանկանում եմ տեղեկացնել.

Ըստ նախնական ուսումնասիրությունների ՄԻՊ-ի կողմից արված եզրահանգումներն ու արտահայտած դիրքորոշումները նման են նրան, որ պաշտպանի անհամաձայնությունն ավելի շատ գործող օրենքների և իրավակարգավորումների վերաբերում , քանի որ համայնքի կողմից ծանուցման գործընթացները, ժամկետների տրամադրումը, որոշումը ուժի մեջ մտնելուց հետո՝ անմիջապես քանդման գործողություններին ձեռնամուխ լինելն ամբողջությամբ համապատասխանել է օրենքներին և որևէ իրավանորմի խախտում տեղի չի ունեցել: 

Բացի այդ, վարչական ակտի ու վարչական մարմնի գործողությունների իրավաչափության գնահատական տվողը դատարաններն են: Այդ գործառույթը բացառապես վերապահված է վարչական դատարանին, ուստի՝ գտնում ենք , որ համայնքի կողմից իրականացված վարչարարությանը նման գնահատականներ տալը ՄԻՊ-ի իրավասություններից դուրս է:

Որոշմանը առավել մանրամասն ծանոթանալուց հետո, անհրաժեշտության դեպքում հանդես կգանք լրացուցիչ պարզաբանմամբ»: