Ադրբեջանի նոր հարվածը կարող է ուղղված լինել ընդդեմ հայկական կրոնա-մշակութային ժառանգության

Ադրբեջանի նոր հարվածը կարող է ուղղված լինել ընդդեմ հայկական կրոնա-մշակութային ժառանգության

Այս օրերին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի իշխանությունները ծավալուն վերանորոգումներ են սկսել Շուշիում: Ադրբեջանական մամուլում հրապարակված լուսանկարներից երեւում է, որ վերանորոգվում է նաեւ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցող եկեղեցին: Զարմանալի է, որ վերանորոգությունը սկսվել է հիմա, երբ հայտնի էր դարձել, որ ադրբեջանցիները ոչնչացրել էին Ս. Ղազանչեցոցի մուտքի հրեշտակների արձանները: Ինչ խոսք, սա չափազանց հետաքրքիր է:

Ա. Շուշիի Ս. Ղազանչեցոցի խնդիրը

Այն, որ Ադրրբեջանը կվերանորոգի իր հսկողության տակ անցած Ղարաբաղի տարածքների մահմեդական հուշարձանները, հասկանալի է ինքնին: Ադրբեջանը նույնիսկ իրանական ծագում ունեցող հուշարձաններն է «ադրբեջանականացնում» եւ փորձում ներկայացնել որպես իր ժառանգություն: Սակայն հետաքրքրական է այն, որ նաեւ քրիստոնեական Ս. Ղազանչեցողը նույնպես վերանորոգման է կանգնեցվել: Հարց է առաջանում, թե ինչու:

Ընդհանրապես, սեփական պատմական եւ մշակութային վիճարկելի ժառանգություն ունեցող Ադրբեջանը իր տարածքում գտնվող քրիստոնեական ժառանգությունն է նույնիսկ սեփականաշնորհում, այն համարելով ուդիա-ալբանական քրիստոնեական ժառանգություն:

Պատահական չէ, որ Ալիեւների վարչակարգը տարիներ շարունակ նույնիսկ նման անվանումով քրիստոնեական համայնք է հովանավորում եւ պահում, որը հատկապես Ղարաբաղյան քառասունչորսօրյա պատերազմից հետո սկսել է բավականին ակտիվանալ, եւ նույնիսկ ծիսակատարություններ է իրականացնում Ադրբեջանի հսկողության տակ անցած Ղարաբաղի տարածքների հայկական քրիստոնեական պաշտամունքային վայրերում:

Ու հիմա հարց է առաջանում, թե որն է լինելու Ալիեւների հաջորդ հարվածն ընդդեմ Հայ ժողովրդի, կամ որ ուղղությամբ է լինելու այդ հարվածը: Պետք է խոստովանել, որ ՄԳԻՄՕ ավարտած Իլհամ Ալիեւը բավական լավ է կարողանում կրոնն օգտագործել իր քաղաքականության եւ դիվանագիտական մանեւրերի մեջ: Արդեն քանիերորդ անգամ Շուշիի Ղազանչեցոցի մասին հրապարակումներ են հայտնվում ադրբեջանական մամուլում, որտեղ ամեն գնով փորձ է արվում վերջինիս նաեւ ռուսական ծագում վերագրելը եւ Ղազանչեցոցի «հայացումը» ռուսական ցարական գեներալ Մադաթովի հետ կապելը:

Քառասունչորսօրյա պատերազմից հետո երբ լուծվեց Դադիվանքում հայկական կրոնական ներկայության պահպանման հարցը` Ռուսաստանի նախագահի անմիջական ջանքերով, եւ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի ու Ամենայն Հայոց Գարեգին 2-րդի գործուն քայլերով, լուր տարածվեց նաեւ, որ Ս. Ղազանչեցոցը նույնպես կպահպանվի: Իհարկե, պահպանվելը կպահպանվի, սակայն ում ենթակայության տակ: Այնտեղ երբեւէ, պատկերավոր ասած` հայկական աղոթք կհնչի, թե այն օրինակ կվերածվի ուդիա-ալբանական տաճարի կամ ռուսական տաճարի:

Բ. Ուդիա-ալբանական քրիստոնեական եկեղեցու խնդիրը

Ի դեպ, ուդիա-ալբանական քրիստոնեական եկեղեցու խնդիրը, իրականում բավական լուրջ քննարկումների հարց է, որովհետեւ այն ինչ այսօր անում է Ալիեւը, չափազանց վտանգավոր է: Ըստ էության, Ալիեւը փորձում է իր հսկողության տակ ստեղծել այսպես ասած` «գրապանային քրիստոնեական եկեղեցի»:

Այն տարածքը, որտեղ այժմ Ադրբեջան պետությունն է, պատմական Աղվանք աշխարհն է, որը քրիստոնեականացվել է Ս. Գրիգոր Լուսավորչի շառավիղներից Ս. Գրիգորիսի կողմից: Ի դեպ, Աղվանքը կամ Աղվանից աշխարհը կոչվել է նաեւ Հայոց Արեւելից Կողմանք:

Աղվանից քրիստոնեական եկեղեցին, ինչպես եւ ժամանակին Վրաց եկեղեցին գտնվել է Հայ Առաքելական եկեղեցու հովանու ներքո: Վրաց եկեղեցին բաժանվել է յոթերորդ դարում` դառնալով քաղկեդոնադավան եկեղեցի, իսկ Աղվանից եկեղեցին մինչեւ վերջ մնացել է Հայ եկեղեցու հովանու ներքո:

Ավելի պարզ ասած` այն Գանձասարի Հայոց կաթողիկոսությունն է, որը գոյատեւել է Հասան-Ջալալյան տոմհի կողմից մինչեւ 1815 թվականը եւ լուծարվել է ցարական Ռուսաստանի կողմից Սահակ 2-րդի օրոք, ով 1810–1815 թթ եղել է Գանձասարի Հայոց կաթողիկոս, իսկ 1815–1828-ին արդեն միտրոպոլիտ:

Ալիեւները հենց այս ժառանգությունն են այսօր փորձում յուրացնել, Ուդիա-Ալբանական քրիստոնեական եկեղեցու մասին խոսելով: Ընդ որում, սա ոչ միայն պատմական ճշմարտացիության հարց է, այլ նաեւ արդիական, քանի որ երբեք չպետք է բացառել, որ Ղարաբաղյան քառասունչորսօրյա պատերազմի ավարտից հետո Ալիեւները կսկսեն քայլեր ձեռնարկել, որպեսզի այդ կառույցը պաշտոնականացվի եւ ճանաչում ստանա քրիստոնեական աշխարհում:

Ու դատելով թուրք-ադրբեջանական հարաբերությունների ներկա վիճակից, ինչպես նաեւ այն ազդեցությունից, որը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ունի Կոստանդնուպոլսի օրթոդոքս կամ «Տիեզերական» պատրիարքության վրա    /նրա վրա մեծ է նաեւ Արեւմուտքի ազդեցությունը/, չի բացառվում, որ օրերից մի օր Կոստանդնուպոլսի «Տիեզերական» հորջորջվող Բարդուղիմեոս 1-ին պատրիարքը կարող է ճանաչել Ուդիա-Ալբանական քրիստոնեական եկեղեցին:

Հավելենք, որ Բարդուղիմեոս 1-ին պատրիարքն արդեն իսկ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով ոչ վաղ անցյալում, Ուկրաինայի այն ժամանակվա նախագահ Պետրո Պորոշենկոյի գործուն ջանքերի եւ Արեւմուտքի պատրոնաժի արդյունքում ճանաչեց ուկրաինական ազգային Ուղղափառ եկեղեցին որպես անկախ եկեղեցի, տալով «Տումար»` հատուկ հրովարտակ, ըստ էության սպասարկելով Արեւմուտքի շահերը եւ Արեւմուտք կամ Ուկրաինա-Ռուսաստան առճակատումը տեղափոխելով նաեւ կրոնական դաշտ: