Քո խոսքն արժեք չունի

Խիստ բարկացած Նիկոլի ասելով՝ «մեր», այսինքն՝ իրենց խոսույթն ամենակարևորն է, ինչը չի գիտակցվում ընդդիմության կողմից: Վերջինս անընդհատ ունկնդրում է Բաքվից հնչող խոսքը և իր գործունեությունը կառուցում է դրա հիման վրա: Անկեղծ ասած, եթե դա ասվեր ոչ թե 44-օրյա պատերազմի խայտառակ պարտության խորհրդանիշ «գլխավոր հրամանատարի», այլ ադեկվատ մեկի կողմից, ապա դա կընդունվեր առանց հակաճառության: Կամ եթե դա ասեր նույնիսկ թշնամի պետության ղեկավարը՝ դրան կասկածող չպետք է որ լիներ: Որովհետև այն, ինչ ասվել է վերջինիս կողմից, դարձել է իրականություն: Դա լավ է, թե վատ՝ այլ հարց է, սակայն դա մեր իրականությունն է, և դրանից փախչել չի ստացվի՝ որքան էլ մենք այսօր ցանկանանք:
Իսկ այն, ինչ ասել է ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը՝ ոչ միայն կյանքի չի կոչվել (հիշենք ամենացավալին՝ «հաղթում ենք»-ը), այլև ավելի ուշ խոսվել է ճիշտ հակառակի մասին: Կամ էլ եթե չի խոսվել, ապա գիտակցորեն մոռացության է մատնվել: Օրինակներ եք ուզում` խնդրեմ նրա խոսքը. «Արցախը Հայաստան է և վերջ»: Իսկ այնուհետև այն վերափոխվեց «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջան է» ազգադավ խոսքի: Շուշիում քեֆ անողի համար հնագույն հայկական օրրանը հետագայում դարձավ «դժգույն ու դժբախտ» քաղաք: Մոռացության մատնվեցին 10 միլիոն ծառ տնկելու, ինչպես նաև Երևանի Հանրապետության հրապարակում «ագորա» կազմակերպելու խոստումները: Պատերազմից հինգ պակաս ասելու էր բաներ, որ ցնցելու էին Ադրբեջանը, ինչն իհարկե մոռացվեց, և այլն, և այլն… Ի վերջո, ինքն իրեն պարտված չճանաչող երբեմնի «դուխով» անձը կատարում է Բաքվից հնչող բոլոր պահանջները:
Ի դեպ, 44-օրյա պատերազմի օրերին, երբ արդեն կասկածում էի, որ մենք «հաղթում ենք» ու ուկրաինական բլոգերներից մեկի ֆեյսբուքյան վերլուծությունն էի հրապարակել իմ էջում, իմ կողմից հարգված ծանոթներիցս մեկն ասաց, որ նյութը հեռացնեմ, քանի որ այն ամբողջությամբ կառուցված է ադրբեջանական նարատիվների հիման վրա: Չնայած «ռազմական ստրատեգ» Հովհաննիսյան Արծրունը համարյա ոչ մի մանրամասն չէր հաղորդում, ու հայկական պաշտոնական տեղեկատվությամբ վերլուծություն կատարել հնարավոր չէր, այդ նյութն, այնուամենայնիվ, փակեցի: Հետո կյանքը ցույց տվեց, որ ադրբեջանցիներն իրականությունն էին ներկայացնում, իսկ «մերոնք»` փափուկ բարձ էին դնում մեր գլխատակին:
Հիմա էլ վարչապետի պաշտոնից կառչած անձը բողոքում է, որ «մեր», այսինքն՝ իր խոսքը բանի տեղ չի դրվում Հայաստանում: Ու որպեսզի ասվածը հիմնավորի՝ ներկայացնում է իշխանության կողմից կատարվածը. իրականացվել է սահմանազատում, համաձայնեցվել են խաղաղության պայմանագրի վիճահարույց բոլոր կետերը, ապահովվել է մեր պետության ինքնիշխանությունը, կապ է հաստատվել պետություն և հայրենիք հասկացությունների միջև, մշակվել է և միջազգային հանրությանն է ներկայացվել խաղաղության խաչմերուկի գաղափարը և այլն, և այլն… Բայց այն, ինչ ինքն անընդհատ տարփողում է որպես հաջողություն, իրականում մեծ բլեֆ է: Տավուշում կատարված սահմանազատումը կատարվել է Հայաստանի տարածքի հաշվին, պետության ինքնիշխանությունը իջեցվել է զրոյական մակարդակին: Ինչ ինքնիշխանության մասին է խոսքը, եթե կատարվում են Իլհամի բոլոր պահանջները: Որևէ երաշխիք չկա, որ ստորագրվելուց հետո խաղաղության պայմանագիրը չի խախտվի: Բայց այն դեռ պետք է ստորագրվի, ինչը չի արվում, քանի որ թշնամին անընդհատ լրացուցիչ պայմաններ է առաջադրում Նիկոլի առջև: Ինչպես, օրինակ, Սյունիքի միջանցքի հանձնումը:
Չենք խոսում խաղաղության խաչմերուկի մասին, որն ընդամենը անիմաստ երազանք է: Քանի որ այն, ինչը կարող է օգուտ բերել Հայաստանի տնտեսությանը, բնակիչներին, բացարձակ ձեռնտու չէ Ադրբեջանին: Իսկ Բաքվում, ի տարբերություն Նիկոլենց, առաջնային են սեփական և ոչ թե օտար պետության շահերը: Եվ ինչ խաղաղության մասին կարող է խոսք լինել, եթե Իլհամն անընդհատ սպառնում է պատերազմով: Որքան տեղյակ եմ, երբ կողմերից մեկը, որը խայտառակ պարտություն է կրել պատերազմում, խաղաղություն է մուրում, իսկ հաղթող կողմն անընդհատ պայմաններ թելադրում՝ դա բացահայտ բարձրաձայնելով, դրանց միջև խաղաղությունը կարող է լինել միայն կապիտուլյացիոն:
Ինչպես տեսնում ենք, վարչապետի աթոռից կառչած անձի խոսքն արժեք չունի՝ ո՛չ սեփական երկրում և ո՛չ էլ դրանից դուրս: Իսկ արժեք չունեցող խոսքը չի կարող լինել կարևոր, ուր մնաց թե կարևորագույն: Ինչը նշանակում է, որ վերը նշված անձի նկատմամբ վերաբերմունքն էլ չի կարող լինել դրական: Հատկապես որ այն բացահայտորեն արհամարհվում է նրա հետ բանակցողի կողմից: Բայց վերը նշված անձը շարունակում է արդուկել գրագետ ու հազիվ տառաճանաչ հայաստանցիների գլուխները, որպեսզի կարողանա պահպանել իշխանությունը: Իշխանության պահպանմամբ էլ շարունակի սպառնալիքներ գեներացնել Հայաստանի գլխին:
Կարծիքներ