Հակակոռուպցիոն ռազմավարությունը ընդամենը թղթաբանությունն ու ծախսերն է ավելացնելու

Հակակոռուպցիոն ռազմավարությունը ընդամենը թղթաբանությունն ու ծախսերն է ավելացնելու

Նոր կառավարությունն ընդունում է, որ իրենից առաջ էլ էին հակակոռուպցիոն ռազմավարություններ մշակում, բայց համոզված է՝ հակակոռուպցիոն ոլորտում նախկինների քայլերը հիմնականում ձեւական բնույթի էին, եւ կոռուպցիայի վերջը տալու քաղաքական կամք ունեն միայն իրենք։ Ուստի նախկինների մշակած բոլոր ծավալուն ռազմավարությունները նետել են աղբամանն ու մի ավելի ծավալուն փաստաթուղթ գրել։ Այն ենթադրում է միաժամանակ երկու հակակոռուպցիոն կառույցների ստեղծում՝  կանխարգելիչ մարմին եւ հակակոռուպցիոն կոմիտե։ Երրորդ ուղղությունն էլ կա՝ հակակոռուպցիոն կրթություն։ Այս վերջինն ամենահետաքրքիրն է։ Պետական պաշտոնյաները, հանրային ծառայողները պետք է պարբերաբար հակակոռուպցիոն գիտելիքներ ստանան, մասնակցեն սեմինարների, վարժություններ անեն։ Բուհերում նոր առարկա է դասավանդվելու։ Ճիշտ է, առայժմ հայտնի չէ, թե ինչպես է այն կոչվելու՝ կոռուպցիա, հակակոռուպցիա, թե կոռուպցիայի դեմ պայքար, բայց այդ առարկան դասավանդող մասնագետների համար ստուգարքի կամ քննության համար փող վերցնելը պրոբլեմ է լինելու։

Ոչ միայն պետական պաշտոնյաներն են մշտապես հակակոռուպցիոն հմտություններ ձեռք բերելու, սեմինարների, դասընթացների ու կուրսերի մասնակցելու, այլեւ հակակոռուպցիոն ՀԿ-ները, եւ սա այդ ՀԿ-ների համար պետբյուջեից փող հանելու լավ առիթ կարող է դառնալ։ Իսկ այս հակակոռուպցիոն կրթության ամենակարեւոր բաղադրիչը լինելու է «ազդարարման եւ բողոքարկման մեխանիզմների, պետական մարմինների հետ հարաբերակցվելիս անձանց իրավունքների վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացման, ազդարարման համակարգի առանձնահատկությունների, տեղեկատվության ազատության երաշխիքների, հանրային ծառայողների էթիկայի կանոնների վերաբերյալ հանրության եւ հանրային ծառայողների տեղեկացվածության բարձրացումը»։

«Սեւերի» ճամբարում կարճ են ասում՝ գործ տվողների ինստիտուտի ներդրում։ Քաղաքացիները պետք է պատրաստ լինեն ազդարարելու կոռուպցիոն երեւույթների մասին, եւ այդ նպատակով պետությունն «իրազեկման արշավներ» է իրականացնելու ու ամեն տարի այդ արշավների ծրագիր է հաստատելու։ Մի խոսքով, լիքը անելիք կա կոռուպցիայի դեմ պայքարում՝ անելիք ու «ֆինանսավորելիք»։ Երկու պետական նոր մարմինները, որոնք ստեղծվելու են՝ կանխարգելիչ մարմինն ու հակակոռուպցիոն կոմիտեն, լուրջ լծակներ ու գործառույթներ են ունենալու՝ ըստ այս ռազմավարության նախագծի։  

Հակակոռուպցիոն կոմիտեին է տրվելու Քննչական կոմիտեի կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների եւ կիբերհանցագործությունների քննության վարչության գործառույթը, եւ այս ուղղությամբ աշխատող քննիչները պետք է դառնան նոր մարմնի աշխատակիցներ։ Նույնն արվելու է ոստիկանության, ՊԵԿ-ի ու ՀՔԾ-ի կոռուպցիոն հանցագործություններով նախաքննության իրականացման համար նախատեսված հաստիքների հետ, իսկ ՀՔԾ-ի խոշտանգումների եւ մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության եւ ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության գործառույթները փոխանցվելու են Քննչական կոմիտեին։

Ակնհայտ է, որ ՀՔԾ-ի գործառույթներն ակնհայտորեն նվազում են։ Տեղեկություն ունենք, որ այս կոմիտեում հավաքվելու են քննչական մարմիններից նվիրյալ նիկոլականները եւ վերահսկելու են բոլոր մյուս իրավապահներին՝ դառնալով վարչապետի ամենավստահելի ուժային կառույցը։

Ստեղծվելու է նաեւ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որը հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգ է անելու, համակարգելու է կրթական միջոցառումներն ու «գործ տվողների ինստիտուտը», էթիկայի կանոններ է սահմանելու դատավորների, տարբեր մարմինների ղեկավարների, դատախազի, քննիչի եւ այլ պոտենցիալ կոռուպցիոներների համար, մի խոսքով՝ յուրօրինակ հակակոռուպցիոն նախարարության դեր է կատարելու։
Ի՞նչ փուլում է հակակոռուպցիոն մարմինների ստեղծումը, կա՞ արդյոք հաստիքակազմ, որոշվա՞ծ է արդյոք, թե որտեղ քանի մարդ է աշխատելու, որն ինչ ռեսուրս է պահանջելու պետությունից։ Այս հարցերի պատասխաններն առայժմ չկան։ Արդարադատության նախարարությունը, համենայնդեպս, դրանք չունի։ Նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը մեզ  հայտնեց․ «Հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը մշակվել է եւ ուղարկվել է կառավարություն։ Այդ հարցերի պատասխանները պարզ կլինեն հաստատումից հետո, իսկ թե երբ նախագիծը կհաստատվի, այս պահին տեղեկություն չունեմ»:

Հակակոռուպցիոն այս «բոլոլայի» արդյունքում ի՞նչ է շահելու ՀՀ քաղաքացին։ Այստեղ տեղին է հիշել պարբերաբար բռնաբարվող նապաստակի մասին անեկդոտը, որին նոր իշխանությունները թուղթ ու գրիչ են տալիս, որ «բռնաբարիչներին» վերահսկի։ Վերջում էլ պարզում են, որ ընդամենը թղթաբանությունն է ավելացել։ Մեր դեպքում, անշուշտ, կավելանան նաեւ բյուջեի ծախսերը։