«Հրապարակ». Լին Թրեյսին եւ հայկական բանկերը

«Հրապարակ». Լին Թրեյսին եւ հայկական բանկերը

ՀՀ Կենտրոնական բանկի շենքում մեկ ամիս 20 օր առաջ հանդիպում է տեղի ունեցել բանկերի կառավարիչների եւ Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիի միջեւ: Այս մասին հայտնում է «Հրապարակի» աղբյուրը: Հանդիպման ժամանակ դեսպանն իրեն թույլ է տվել խախտել դիվանագիտական էթիկան եւ բավականին խիստ տեքստ է արտաբերել՝ պահանջելով, որ Հայաստանի բանկերը չօգնեն Ռուսաստանին եւ մասնավորապես՝ Հայաստան ժամանող ՌԴ քաղաքացիներին: Այնքան չոր է եղել խոսակցությունը, որ կառավարիչներն ապշած դուրս են եկել հանդիպումից եւ տարբեր ատյաններին տեղեկացրել այդ հանդիպման մասին, այնպես, որ լուրերը հասել են նաեւ ռուսական հատուկ ծառայություններին եւ իշխանություններին՝ առաջացրել ռուսական կողմի դժգոհությունը։

Ինչպես հայտնի է, մեր բանկերը տարադրամով գործարքներ են իրականացնում արտասահմանյան այն բանկերի հետ, որոնք ղադարեցրել են ՌԴ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հետ գործարքները: Ուստի, մարտի սկզբից՝ հենց սկսվեց ՌԴ քաղաքացիների հոսքը Հայաստան, նրանք մտավախություն ունեին, որ սպասարկելով ՌԴ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց, կընկնեն սանկցիաների տակ: Բանկերը խստացրին ոչ ռեզիդենտների սպասարկման պայմանները, բարձրացրին ծառայությունների վճարը, հաճախ քաշքշուկ էին ստեղծում, լրացուցիչ փաստաթղթեր էին պահանջում, առանց պատճառաբանության հրաժարվում էին հաշիվներ բացելուց եւ այլն։

Ոմանք տարակուսում էին, թե ինչու են հայկական բանկերն այդքան բարդություններ առաջացնում, ի վերջո՝ մանավանդ եթե արտարժույթով են կատարվում գործարքները, ՌԴ քաղաքացիների գործարքներից մենք միայն շահելու ենք, եւ օրինական էլ չէ նրանց սպասարկելը մերժելը։ Հազիվ մի քիչ գումար է մտնում Հայաստան, կարող է տնտեսությունն աշխուժանալ, ինչո՞ւ փակենք այդ պատուհանը եւ զրկենք մեզ լրացուցիչ եկամտից։ Պարզվում է՝ պատճառը հենց արեւմտյան երկրների պահանջներն են եւ ԱՄՆ դեսպանի գործադրած ջանքերը։

ՀՀ կառավարությունից մեզ վստահեցրին, որ ԱՄՆ դեսպանի հետ նման հանդիպման մասին տեղյակ չեն։ Հասկանալի է, որ նման հանդիպման փաստն արդեն սկանդալային է, եւ բնական է, որ մասնակիցները հերքելու են դա։ «Ես նման բան առաջին անգամ Ձեզնից եմ լսում»,- ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Բանկերի միության նախագահ Սեյրան Սարգսյանը եւս հերքեց՝ չի լսել որեւէ խոսակցություն դեսպանի այցի մասին։ Մենք կապվեցինք Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանի հետ։ Նա ասաց․ «ԿԲ-ում նման հանդիպում չի եղել»։ Իսկ այլ տեղո՞ւմ։ «Ես չեմ կարող ասել, ճիշտն ասած՝ ես բացակայել եմ հանրապետությունից»։

Բանկերից մեկի խորհրդի անդամը, սակայն, «Հրապարակի» հետ զրույցում «ինկոգնիտո» անկեղծացավ․ «Ես լսել եմ նման հանդիպման մասին, բայց հստակ չեմ կարող ասել։ Ռուսները որ չլինեն, մենք կորած ենք, ռուսներն են արդյունքը, որ դոլարն արժեւորվել է։ Կարծում եմ՝ պետք է Հայաստանը բացահայտ հայտարարի, որ առաջնորդվելու է իր ազգային շահով, ինչպես հայտարարեց Վրաստանի վարչապետը»։ ԱՄՆ դեսպանատան խոսնակը գրավոր հարցում պահանջեց՝ նշելով, որ ինքը դեսպանի ոչ բոլոր հանդիպումներին է ներկա գտնվում։

Կենտրոնական բանկից տեղեկությունը չեն հերքում եւ չեն էլ հաստատում։ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից մեր պարզ հարցին հետեւյալ անորոշ պատասխանն են տվել․ «Ի պատասխան Ձեր հարցմանը՝ հայտնում ենք, որ ՀՀ Կենտրոնական բանկն իր գործունեության վերաբերյալ հասարակական կարեւորություն ունեցող բոլոր միջոցառումների, ինչպես նաեւ բանկային համակարգի ծառայությունների սպառողների համար կարեւոր որոշումների մասին պատշաճ կերպով եւ ժամանակին տեղեկացնում է հանրությանը»:

Ի դեպ, ՌԴ քաղաքացիներից մեկը՝ Օլգա Զելենիան, ով տեղափոխվել է Հայաստան՝ ժամանակավոր բնակության, լսելով նման հանդիպման մասին, ասաց․ «Ինձ համար շատ հետաքրքիր է, ի՞նչ կապ ունի ԱՄՆ դեսպանն անկախ պետության բանկերի հետ, պետության, որի հետ հարաբերությունները գնահատվում են իբրեւ բարեկամական։ Պատկերացնո՞ւմ եք, եթե նույնը կատարվեր, ասենք, Ֆրանսիայի հետ։ Ես էլ չեմ պատկերացնում, թե ինչ պրոբլեմներ են խոստացվել բանկերին, եւ ում անունից դրանք կստեղծվեն՝ իրավական եւ տեխնիկական առումով»։