Մարդ պիտի այնքան հասակ ունենա, որքան իր հայրենիքը
Վաղն էլ այս իշխանությունը կարող է օրենք ընդունել՝ ով Արարատ լեռան անունը տա, քրեական հետապնդման է ենթարկվելու։ Արարատը, ինչպես ինքն է ասում, Թուքիայինն է, Արագածը՝ մերը։ Փաշինյանն ասում է, որ մեր պրոբլեմները գնում են երազանքի և իրականության մեջ։ Ես կասեի՝ իսկ նրա պրոբլեմները գնում են պատմական հիշողության մաքրման, ջնջման մեջ։ Արարատը մեզ համար երազանք լինելուց առաջ պատմական հիշողություն է։ Հայի ուղեղը համակարգիչ չէ, որ մի քանի շարժումով մեջը ինչ կա՝ ջնջես, վերացնես։ Դրանց մեջ դարերի կնիք կա։
Արարատը հայ ժողովրդի ԴՆԹ-ում է։ Երկրի առաջին դեմքի մակարդակով հայտարարել, թե բոլոր որոշումների հիմքում պիտի դրվեն իրական Հայաստանի քաղաքացու շահերը, այն դեպքում, երբ ՀՀ քաղաքացին չի իմանում, թե ո՞րն է Փաշինյանի պատկերացրած իրական Հայաստանը, աբսուրդ է։ Նրա իրական Հայաստանն այն է, ինչ թշնամին կարող է թողնել։ Թշնամու, հակառակորդի բարեհոգությունն ակնկալողը ստանում է վերջնական արդյունքում ՈՉԻՆՉ։
Իրական Հայաստանն այդ անգոյությունն է լինելու, իսկ իրական Հայաստանի քաղաքացին նա, ով չունի պատմական հիշողություն, պատմություն, անցյալ։ Մարդ պիտի այնքան հասակ ունենա, որքան իր հայրենիքը։ Հայաստանի փոքրանալը, մասնատելը թշնամու մեծության մեջ չէ, այլ մեր ոգու, հոգեկան փոքրության մեջ է։ Իրական Հայաստանի քարոզիչը անմիջականորեն աշխատում է հայի ոգու, կամքի, վատ արատները երևութական դարձնելու վրա․․․ Կա՞ հայոց բանաստեղծների մեջ մի հսկա, որ Արարատ չի գոռացել։ Չկա։
Սիսն ու Մասիսը շուրթերին՝ հանգեց Հովհ Շիրազը։ Նրա թաղման թափորին ներկա էի։ 1984 թվականն էր, մարտ ամիսը։ Համաժողովրդական սուգ էր։ Թաղմանը դագաղը գերեզմանատուն էր հասել, իսկ հուղարկավորների թափորի վերջին շարքերը դեռ օպերայի մոտերքն էին։ Ինչու՞ էին սգում։ Որովհետև հանգել էր Արարատը հավերժացնողը, որովհետև նա մեր պատմական հիշողությունն արթուն էր պահում․․․ Իսկ դու ի՞նչ ես անում, Նիկոլ։ Հայ ժողովուրդը համակարգիչ չէ, ձեռքերդ հեռու տար բաց հոսանքից․․․ Պարույր Սևակն ասում էր․
-Մենք քիչ ենք, սակայն մեզ Հայ են ասում:
Մենք մեզ ոչ ոքից չենք գերադասում :
Պարզապէս մենք էլ պիտի ընդունենք,
Որ մենք, միայն մենք Արարատ ունենք…
Չարենցն ասում էր․
Աշխարհ անցիր,
Արարատի նման ճերմակ գագաթ չկայ,
Ինչպէս անհաս փառքի ճամփայ՝
Ես իմ Մասիս սարն եմ սիրում:
Ո՞ր մի հսկայի Արարատից խոսեմ, որոնք այսօր հավերժություն են, որոնք հայ ժողովրդի պատմությունն են։
Կարծիքներ