Ահաբեկչություն Հյուսիսային Իռլանդիայում, զոհվել է լրագրող

Ահաբեկչություն Հյուսիսային Իռլանդիայում, զոհվել է լրագրող

Հյուսիսային Իռլանդիայում խոշոր անկարգություն է տեղի ունեցել Լոնդոնդերի քաղաքում, որի ընթացքում սպանվել է 29-ամյա մի կին, որը ենթադրաբար եղել է լրագրող։ Այս մասին հայտնում է DW-ն։ Մի շարք լրագրողներ հայտարարել են, որ սպանվածը եղել է լրագրող Լայրա Մաքքին, ով գրել է Օլսթերի հակամարտության եւ դրա հետեւանքների մասին։ Ոստիկանությունը հայտարարել է, որ տեղի ունեցածը դիտարկում է որպես ահաբեկչական բռնարարք։ Անկարգությունները տեղի են ունեցել Լոնդոնդերիի Քրեգան շրջանում, զատկական հանգստյան օրերից առաջ, երբ իռլանդացի կաթոլիկ ազգայնականները ոգեկոչում են 1916-ի Դուբլինի ապստամբության հիշատակի տարելիցը, որ տեղի էր ունեցել ընդդեմ բրիտանացիների։ Ցուցարարները ոստիկանների վրա նետել են այրվող նյութով լցված շշեր, հնչել են մի քանի կրակոցներ։ Նշենք, որ Brexit-ի ֆոնին ավելի ցցուն են դառնում խնդիրները բրիտանական պետության ներսում, հատկապես երբ մեջտեղ են գալիս սահմանային մաքսային խնդիրները, որոնք առարկայանալու են ԵՄ կազմից Միացյալ Թագավորության դուրս գալուց հետո։