Անբասիր մարդկանց կողքին չեն կանգնում, խարանով մարդու կողքին ինչպե՞ս կկանգնեն

Անբասիր մարդկանց կողքին չեն կանգնում, խարանով մարդու կողքին ինչպե՞ս կկանգնեն

Հանրային մարդու բոլոր սխալները, ցանկացած միջադեպ, որում նա հայտնվել է, որը կապված է նրա անվան հետ, հայտնվում է հասարակության ուշադրության կենտրոնում, լուսաբանվում մամուլում եւ այլեւս չի մոռացվում: Գոնե այնքանով, որ համացանցում փնտրելիս` ամիսներ ու տարիներ հետո էլ հնարավոր է կարդալ այդ մասին: Այսինքն, հերիք է հանրային անձը մի վրիպում թույլ տա, մի սկանդալի մեջ հայտնվի, նրան մի մեղադրանք առաջադրվի, մի անգամ նա իրեն անհավասարակշիռ պահի մարդկանց միջավայրում, եւ հանրությունը մոռանալու է իր բոլոր լավ արարքներն ու դրական կողմերը եւ հիշելու է այդ սխալը, վրիպումն ու հանցանքը: Մինչև կյանքի վերջն այլեւս այդ պիտակից հնարավոր չի լինելու ազատվել: 

Օրեր առաջ Ազատության հրապարակում մի երիտասարդ էր ակցիա անում` Կարեն Արայան անունով: Որոշել էր իշխանափոխություն անել, ելույթ էր ունենում, կոչ էր անում միանալ իրեն եւ մնալ հրապարակում` մինչեւ այս իշխանության հեռացումը: Այդ ակցիայի լուսաբանման հրապարակումների տակ շատերը հիշել էին, որ այս երիտասարդը դերասանուհի Անժելա Սարգսյանի այն մտերիմն էր, ում մեղադրեցին պոռնոգրաֆիկ տեսանյութեր տարածելու համար: Դատավորի դեր չստանձնեմ, չեմ էլ կարող պնդել` նա մեղավոր էր, թե ոչ, որքանով էր դատարանի վճիռն արդար, գուցե նա ոչ մի կապ էլ չի ունեցել այդ տեսանյութերը տարածելու հետ եւ այլն:Սակայն նրան հանրությունն այլեւս ճանաչում եւ հիշում է որպես նման պիտակ ունեցող անձ: Անգամ Բագրատ սրբազանի պես անբասիր մարդու հասցեին տարատեսակ մեղադրանքներ են հնչեցնում որոշ շրջանակներ, մեղադրում աշխարհիկ կյանքով ապրելու մեջ, ուր մնաց Կարեն Արանյանի նման մեկին վստահեն եւ նրա կոչով դուրս գան փողոց: «Ընդդիմադիր» բառին և ըննդիմության առաջնորդի ընտրության հարցին խիստ զգուշավոր վերաբերվող, ցանկացած գործչի կասկածամտորեն վերաբերվող մեր հանրությունը, շատ քիչ հավանական է, որ կվստահի Կարեն Արայանի նման մեկին: Եւ նման անձի` հրապարակ դուրս գալը միայն վնասելու է նրա սկսած նախաձեռնությանը եւ մարդկանց վանելու է իշխանափոխության գաղափարից:  Հանուն ինչի՞ պետք է հանրությունը գնա ու կանգնի նրա կողքին: Ի՞նչ ճանապարհ է նա անցել, ի՞նչ կրթություն ունի, քանի՞ օր է քաղաքականությամբ զբաղվել, որ  ցանկանում է, կարող է յոթ գլխանի հրեշի հախից գալ….