Վախի թելադրանքով

Վախի թելադրանքով

Մեզ հետ կատարվող բոլոր իրադարձությունները կարելի է բացատրել իշխանությունների, իսկ ավելի կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանի վախերով։ Իհարկե, նրանց վախ ներշնչող սուբյեկտները փոխվում են, իսկ օբյեկտը նույնն է։ Առաջին վախը, անշուշտ, պատերազմի վախն է։ 2020-ից հետո նրանց կրած տառապանքները, փորձությունները, թուքումուրը, մեղադրանքներն անհետեւանք չեն անցել։ Մի կողմից՝ այս իշխանությունն անցել է ամոթ-աբուռի, զղջալ-ապաշխարելու ռուբիկոնը, հաղթահարել է բոլոր տվայտանքները, մյուս կողմից՝ նրանց մեջ բուն է դրել մի կայուն վախ պատերազմից, որի կրկնվելու դեպքում, նրանք հասկանում են, որ իրենց սպառնում է այդ ողջ դժոխքի կրկնությունը՝ իշխանություն կորցնելու հետ զուգակցված։

Ուստի նրանք բնազդային մակարդակում հասկանում են, որ ամեն գնով պետք է խուսափել պատերազմից։ Այս վախի շարունակությունն է վախն Էրդողանից ու Ալիեւից, նրանց չզայրացնելու, ամեն գնով լեզու գտնելու ձգտումը։ Դա է պատճառը, որ ոչ միայն մեր ճանապարհներն ու Տեղ գյուղը, այլ նաեւ շատ ու շատ այլ տարածքներ են պատրաստ զիջելու, միայն արյունն աչքը բռնած այս գազաններին բավարարեն՝ հերթական զոհը մատուցեն, որ սրանք խնայեն իրենց։ Մյուս վախերն էլ իրենց աթոռները պահպանելու բնազդից են թելադրված… վախ՝ Վլադիմիր Պուտինից, որը կարող է զայրանալ եւ զորքը հանել կամ միանալ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ եւ ոչնչացնել Հայաստանը։ Վախ՝ ամերիկացիներից, որոնք կարող են դիտորդներին հետ կանչել, Թուրքիային ու Ադրբեջանին քսի տալ մեզ վրա։ Ուրիշ «մանր-մունր» վախեր էլ ունեն սրանք․ վախ՝ պողոսների զայրույթից, որոնց ծով համբերությունը մի օր կարող է սպառվել, եւ նրանք փողոց դուրս կգան ու կջնջեն իրենց։ Վախ՝ նախկիններից, վախ՝ անկախներից, վախ՝ ընդդիմությունից, վախ՝ մտածող մարդկանցից...