ՀԱՄԱՍ-ի մահապարտներն ակտիվանում են Իսրայելում. զոհեր կան

ՀԱՄԱՍ-ի մահապարտներն ակտիվանում են Իսրայելում. զոհեր կան

ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարը, ով այս պաշտոնում նշանակվել է այս տարվա օգոստոսին՝ նախկին առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո, կազմակերպության անդամներին հրահանգ է ուղարկել, որ «եկել է մահապարտների հարձակումները վերսկսելու ժամանակը»։ Այս մասին The Wall Street Journal-ին հայտնել են արաբական հետախուզության աշխատակիցները։

«Տարիներ շարունակ ՀԱՄԱՍ-ը պառակտված է եղել Սինվարի նման կոշտ կողմերի միջև, ովքեր կարծում են, որ խաղաղ բնակիչների մահն անհրաժեշտ է Իսրայելն ապակայունացնելու համար, և զինյալների, ովքեր ընդունում են բռնությունը, բայց ցանկանում են, որ խմբավորումը պահպանի որոշակի քաղաքական լեգիտիմություն՝ որպես պաղեստինյան պետության նպատակներին հասնելու միջոց», - նշվում է հոդվածում։

Այժմ Սինվարը ՀԱՄԱՍ-ին պարտադրում է իր՝ ավելի դաժան տեսլականը:

Հաղորդվում է, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդի կոչից մի քանի օր անց ահաբեկչություն է տեղի ունեցել Թել Ավիվում, որտեղ պայթյունի հետևանքով զոհվել է զինյալը, վիրավորվել մեկ մարդ։ Բացի այդ, ՀԱՄԱՍ-ը ստանձնել է Իսրայելում անցած շաբաթվա ընթացքում երկու առանձին հարձակումների պատասխանատվությունը՝ Թել Ավիվում, որի հետևանքով զոհվել է 7 մարդ, և Բեեր-շեվեյում, որտեղ սպանել է իսրայելցի կին զինծառայողին։