Թուրքի նման գիշերով հարձակվելն ի՞նչ ապստամբություն  

Թուրքի նման գիշերով հարձակվելն ի՞նչ ապստամբություն   

«Սասնա ծռեր» խմբի տասն անդամների գործով հերթական դատական նիստում հարցաքննվեց Խաչատուր Ավետիսյանը, որը 2016 թվականին եղել է ՊՊԾ գնդի հրամանատարը: 

Խաչատուր Ավետիսյանը դատարանին հայտնեց, որ տեղյակ է գնդի ներսում վիրավորված ոստիկան Գագիկ Մկրտչյանի՝ որովայնի հատվածում վնասվածք ստանալու մասին. «Ձեռքով պահում էր վերքը: Անձամբ տեսել եմ նրան: Հարց եմ տվել, ի վիճակի չի եղել պատասխանել: Վնասվածք եմ տեսել նաև ձեռքի շրջանում: Իսկ գնդապետ Արթուր Վանոյանի դին դուրս է բերել շտապօգնությունը»: 

Անդրադառնալով գնդի տարածքից դուրս գտնված ոստիկան Յուրի Տեփանոսյանի մահվան հանգամանքներին՝ ՊՊԾ գնդի նախկին հրամանատարը նշեց. «Տեղեկությունն այն է, որ կրակոցը եղել է գնդի տանիքից, իսկ կրակողը եղել է Սմբատ Բարսեղյանը: Անձամբ չեմ տեսել»: 

 Պավել Մանուկյանը տուժողից հետաքրքրվեց` Դուք Ձեզ տուժող համարո՞ւմ եք,  
Խաչատուր Ավետիսյանը պատասխանեց. «Այո, բոլոր փաստերով համարում եմ։ Ի՞նչ, ապստամբությո՞ւն… Զինվորական ճանապարհ անցած Պավլիկ Մանուկյան, վիրավորում եք բարձրաստիճան սպային և թողնում ներսում, այսքանից հետո հարցնո՞ւմ եք: Եթե Ձեր մերձավորին և հարազատին սպանեին, ո՞նց կվերաբերվեիք»։

Տուժողը, դիմելով Արեգ Կյուրեղյանին, ասաց. «Ձեր նմանները չէ, որ պետք է գնահատական տան գնդի աշխատանքին: Թուրքի նման գիշերով հարձակվելը…»: 

Արեգ Կյուրեղյանը հարցրեց․ «Ազգությամբ թո՞ւրք եք»: 

Դատավորը հրահանգեց վիրավորանքներ չհնչեցնել, սակայն Արեգ Կյուրեղյանը շարունակեց չենթարկվել դատավորի պահանջին, ինչի պատճառով Մեսրոպ Մակյանը որոշեց Արեգ Կյուրեղյանին տասը ժամով հեռացնել դահլիճից, իսկ տուժողի նկատմամբ կիրառեց սանկցիա՝ զգուշացման ձևով:

Ի դեպ, նախքան հեռացվելը Կյուրեղյանն ու տուժողը միմյանց նաև վիրավորեցին` «թափթփուկ» անվանելով: