«Սուտի հիվանդ» է խաղում․․․

«Սուտի հիվանդ» է խաղում․․․

Հոգեբանական ախտանիշ է  Ստոկհոլմի ախտանիշը, երբ  զոհն սկսում է համակրանք տածել ագրեսորի նկատմամբ։ «Զոհը» սկսում է ըմբռնումով մոտենալ հանցագործի գործողություններին և կարող է մտածել, որ նրա տեսակետը ճիշտ է։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ուզում է դուրս գալ զոհի  կարգավիճակից հետևյալ պատճառաբանությամբ։ Վաշինգտոն կատարած այցի ընթացքում նա այցելել է «Ատլանտյան խորհուրդ» հաստատություն, ուր խոսել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից ու մարտահրավերներից։ Նա   շեշտել է՝ մենք ցանկանում ենք նոր դարաշրջան բացել Թուրքիայի և Ադրբեջանի հետ մեր հարաբերություններում: Զոհը ուղիղ ցեղասպանված Հայաստանը տանում է ցեղասպանողի երախը։ Ինչու՞ է ուղիղ տանում երախը։ Դա Ստոկհոլմի ախտանի՞շ է, թե՞ մի այլ բան, որը բոլորը որակում ու ոչ մեկը չի պատկերացնում, որ ղեկավարը գիտակցաբար իր երկիրը տանում է անգոյության։ Եթե Ստոկհոլմի ախտանիշով է տառապում, ուղղակի կարելի է հարցնել՝ ի՞նչ գնով ես  նոր դարաշրջան բացում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։ Ստոկհոլմի ախտանիշով տառապող մարդը  կասի՝ այսքանը տամ,  որ գլուխս հանգիստ ապրեմ։

Ագրեսորն ասում է, որ եթե այսքան բաները զիջես, դու հանգիստ կապրես։ Լսենք Փաշինյանի վաշինգտոնյան հայտարարությունը․ «44-օրյա պատերազմում պարտության միջով անցնելով՝ ձեռք ենք բերել ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն»։ Սա մի՞թե պարզ խոստովանություն չէ, որ Արցախը հանձնելով, թշնամին խոստացել է նրան հանգիստ ապրել։ Հետո խստացրել է պահանջը և սկսել պատառոտել Հայաստանը։ Ստոկհոլմի  ախտանիշով հիվանդը կմտածի՝  Հայաստանից էլ պատառներ տամ, որ հանգիստ ապրեմ։ Ու սկսել է հանձնումների, ուրացումների շղթան։ Միայն թե ինքը հանգիստ ապրի։ Կրկնում եմ․ հանգիստ ապրելը ոչ թե վերաբերվում է Հայաստան աշխարհին, այլ իր ֆիզիկական գոյությանը, աթոռին, ու կյանքը վայելելուն։ Հոգեբանական խնդիր ունեցող մարդը կմտածի այնպես, ինչպես Փաշինյանն է մտածում։ Ու Փաշինյանը լավ խաղում է այդ դերը՝ մեղմելով մարդկանց վերաբերմունքը։ Շատերն ասում են՝ հիվանդ է ու վերջ, դրանից այն կողմ ոչ մի գործողություն։ Արդեն պարզ է՝ նա հիվա՞նդ է, թե՞ ձևացնում է, որ հիվանդ է։

Երկու դեպքում էլ Հայաստանը հայտնվում է ուղիղ գայլի երախում։ Տեսնելով նրա նպատակաուղղված, դիպուկ քայլերը, Հայաստանը ես-ից զրկելու պայքարը, քայլ- քայլ մարդկանց դիմադրությունը կոտրելու վճռականությունը, երկիրը ուրանալու, պատմությունը կեղծելու հաստատակամությունը,  ի մի բերելով ողջ անցյալը, հասկանում ես, որ նա գործում է գիտակցաբար ու հիվանդ խաղալը կազմակերպված բնույթի լուրջ ծրագիր է․․․ Ինքը հոգեբանական ոչ մի խնդիր չունի,  սպասարկում է թշնամուն ու մտքում կրկնում․ «խերը անիծեմ, ինքզինքս «սուտ հիւանդ» պիտի ձեւացնեմ, ու մինչեւ կէսօր պիտի քնանամ»։ Սուտ հիվանդին արթնացնել է պետք, ինչպես կանեին «Մեծապատիվ մուրացկաններում»։ Հանրության հզոր  զարթուցիչ է պետք, որ ահազանգի ու այնպես նրան թռցնի տեղից, որ տկլոր կանգնի հանրության առաջ․․․