Ընդամենը 10 հազար դրամ էին տալիս` կոմունալ ծախսերի համար, դա էլ շատ համարեցին

Ընդամենը 10 հազար դրամ էին տալիս` կոմունալ ծախսերի համար, դա էլ շատ համարեցին

«Հրապարակի» զրուցակիցը Արցախի պատգամավոր Մետաքսե Հակոբյանն է:

- Իշխանությունները կրկին փորձում են իմիտացիա ստեղծել, թե խիստ մտահոգված են արցախցիների ճակատագրով, որ ամեն կերպ փորձում են աջակցել մեր բռնի տեղահանված հայրենակիցներին, սակայն մարդիկ անգամ զրկվում են 50 հազար դրամ աջակցությունից, որը տրամադրում էր պետությունը: Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը ֆեյսբուքում գրել է, որ Հանրային քննարկման է ներկայացվել ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում փոփոխություններ իրականացնելու նախագիծը, որի համաձայն օրինակ` 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի ցանկը համալրել են նոր բնակավայրերով: Արդյունքում ցանկում կներառվեն 39 համայնքների 443 բնակավայրեր՝ նախկին 148-ի փոխարեն, բայց արցախցիները մեզ հետ մասնավոր զրույցներում ասում են, որ սա հերթական սուտն է, իշխանություններն ինչ-որ հեռավոր գյուղերում իրենց տներ են առաջարկելու, որոշ պայմանների դիմաց:

- Որպես այդպիսին ոչ մի փոփոխություն էլ չկա բնակարանային ծրագրերում: Եթե համարում են, որ մեծ բան են արել, որ ցանկում մի քանի բնակավայր են ավելացրել, կամ ինչ-որ ժամկետներ են փոխել, ապա կարող ենք արձանագրել, որ հերթական անգամ ցուցադրական, պոպուլիստական հնարքների են դիմում, ամեն ինչ անում են ձևական: Բնակարանային ծրագրերից օգտվելու համար ոչ մի դրական շարժ տեղի չի ունենալու, քանի որ ամենակարևոր հարցը այստեղ քաղաքացիության պարտադրանքն է, իսկ դա արցախցիների մոտ չի ընդունվում և չի ընկալվում: Եթե ավելացնում են բնակավայրեր, դա դեռ չի նշանակում, որ Հայաստանում արցախցիները բնակարաններ գնելու հնարավորություն են ստանում: Անգամ եթե խոսքը գյուղական համայնքների մասին է: Այս ծրագրերից կարող են օգտվել միայն այն արցախցիները, ովքեր ի սկզբանե եղել են ՀՀ քաղաքացի, կամ Հայաստանում գրանցված են եղել: Խոսքը վերաբերում է նաև նրանց, ովքեր հնարավորություն ունեն հիփոթեքային վարկերի միջոցով բնակարաններ ձեռք բերել: Մարդիկ սարսափելի սոցիալական ծանր վիճակում են: Մի մասը` սոցիալական վիճակից ելնելով չի կարողանալու օգտվել այդ ծրագրից, մյուս մասը` պարզապես չի օգտվելու, որովհետև պարտադրում են քաղաքացիություն ստանալ:

- Այսինքն` սա հերթական շանտա՞ժն է արցախցիների դեմ:

- Այո, սա ծուղակ է արցախցիների համար, որն ունի հեռահար նպատակներ: Արցախի հարցը վերջնականապես փակելու քայլերից մեկն է սա: Մենք բազմիցս ասել ենք, որ մեր անձնագրերը կարող են պարզապես նույնը մնալ` նույն ծածկագրով, սակայն այս իշխանությունները բերում են տարբեր պատճառաբանություններ, իսկ իրականում` արցախցիները միշտ էլ ՀՀ քաղաքացիներ են եղել` 070 անձնագրի ծածկագրով: Այնպես որ այս բոլոր իշխանական պատճառաբանությունները շատ թույլ են և կասկածի մեծ տեղիք են տալիս:

- Ինչպե՞ս է այժմ բռնի տեղահանված արցախցիների սոցիալական վիճակը: Այս պահի դրությամբ որքա՞ն գումար են ստանում արցախցիները պետությունից:

- 40+10 ծրագիրն արդեն չկա: Այսինքն` 50 հազար դրամ ստանալու են որոշ շահառուներ մինչև այս տարվա ապրիլ ամիսը: Ընդամենը երեք ամիս էլ ու վերջ, ինչպես նաև հատուկ խմբերն են ստանալու 40 հազար դրամ: Խոսքը` անչափահասներին, թոշակառուներին և մի քանի նման շրջանակներին է վերաբերում: Բայց մի քանի ամսից 40 հազարը դառնալու է 30 հազար դրամ: Ի դեպ` այնքան շատ են փոփոխություններ կատարում արցախցիներին ուղղված ծրագրերում, որ երբեմն շփոթում ենք: Մարդիկ ստանում էին ընդամենը 10 հազար դրամ` կոմունալ ծախսերի համար, սակայն իշխանությունները դա էլ շատ համարեցին, հիմա դա էլ չեն ստանում մարդիկ: Դե պատկերացրեք ձմռան ցրտին ինչ վիճակում են հայտնվել մարդիկ: Արցախցիների սոցիալական վիճակը ծայրահեղ է: Ես կարծում եմ, որ այս ամենի գլխավոր նպատակը արցախցիներին Հայաստանից վտարելն է: Ամեն ինչ անում են, որ այստեղ ոչ մի արցախցի չմնա: Այն պահին, երբ պետք է օգնեին մարդկանց` կոլեկտիվ հոգեբանական խնդիրները հաղթահարելու համար, անում են ճիշտ հակառակը: Հնարավորինս մարդկանց ավելի վատ հոգեբանական վիճակում են գցում, որպեսզի մարդիկ վերջնականապես կորցնեն իրենց հույսը ու հեռանան Հայաստանից: Ցավոք, շատերը հեռանում են: Նորից ճամպրուկային տրամադրություն, նորից սթրես մարդկանց համար: