Սուլթանը տագնապա՞ծ է. մի քանի ժամում սպառնալից 6 գրառում է արել

Սուլթանը տագնապա՞ծ է. մի քանի ժամում սպառնալից 6 գրառում է արել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիբ Էրդողանը սոցցանցերում աննախադեպ ակտիվություն է ցուցաբերում ընդդիմության զանգվածային բողոքի ակցիաների ֆոնին, որոնք մի քանի օր է՝ շարունակվում են Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության և Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) այլ ներկայացուցիչների նկատմամբ բռնաճնշումների հետևանքով:

Ակցիաների վեցերորդ օրը պետության ղեկավարն իր Telegram-ալիքում միանգամից մի քանի կտրուկ հայտարարություն է արել՝ ընդդիմությանը մեղադրելով ահաբեկչության, ֆաշիզմի, երկրի ապակայունացման փորձերի և այլ «մահացու մեղքերի» մեջ:

Գրառումներից մեկում Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի նման խոշոր երկրում գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը ռազմավարական տեսլականի և որակի առումով շարունակում է մնալ «շատ փոքր, պարզունակ և մակերեսային»: Նա հեգնանքով հավելել է, թե ԺՀԿ-ի ներկայացուցիչները «նույնիսկ քաղաքային բուֆետի ուտելիքին արժանի չեն»։

Մեկ այլ հաղորդագրության մեջ նա քննադատել է ԺՀԿ-ի թեկնածուների ընտրության ներկուսակցական ընթացակարգերը՝ ակնարկելով վերջերս կայացած փրայմերիզի մասին, որտեղ Իմամօղլուն մոտ 15 միլիոն ձայն է ստացել: 

Էրդողանի խոսքով՝ այս ընտրություններն ընդամենը ժողովրդավարության անվան տակ խաղարկվող «ներկայացում» են։ Նա նշել է, որ իշխանությունները «ժպիտով հետևելու են» ընդդիմության գործողություններին և ժողովրդին հիշեցնելու են, որ 80 տարվա ընթացքում այնտեղ «ոչինչ չի փոխվել»:

Հաջորդ գրառման մեջ Էրդողանը ԺՀԿ-ի կողմնակիցներին անվանել է «փողոցային ահաբեկիչներ»՝ պնդելով, որ նրանք քարերով, Մոլոտովի կոկտեյլներով, քայքայիչ թթուներով ու կացիններով հարձակվում են ոստիկանների վրա, խանութներ են ջարդում և «պատմական մզկիթների բակերը վերածում պանդոկների»: Ընդ որում, նրա խոսքով` հենց ոստիկանությունն է մեղադրվում չափազանց կոշտ լինելու համար, այնինչ ոստիկանությունը «երեխաներին քաղցր բամբակ է բաժանում Նովրուզի առթիվ»:

Թուրքիայի նախագահը համոզված է՝ ընդդիմության «ֆաշիստական լեզուն» դատապարտված է պարտության, իսկ պետությունը վճռականորեն մտադիր է վերջ տալ ահաբեկչությանը, որն «արդեն 40 տարի ծծում է երկրի արյունն ու ռեսուրսները»:

Հաջորդիվ, Թուրքիայի բռնապետը գրել է, որ ընդդիմության կադրերը «շարունակում են իրար ուտել, և դրանում նրանք հատկապես հաջողակ են»: Իսկ իշխանությունները, նրա խոսքով, կենտրոնացած են երկրին ծառայելու վրա և չեն շեղվում իրենց ուղուց։

Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան այլևս չի արձագանքում փողոցային կարգախոսներին և սադրանքներին, և հիշեցրել նպատակների մասին՝ երկիրը ազատել ահաբեկչության 40-ամյա սպառնալիքից, այն դարձնել արտադրական տերություն՝ կայուն անվտանգության համակարգով և բարձրացնել նրա դերը տարածաշրջանում:

«Պատրաստվում ենք ետևում թողնել 40-ամյա խնդիրը և նպատակ դնել Թուրքիան ազատել ահաբեկչությունից․․․ Դառնալ համաշխարհային արտադրական բազաներից մեկը՝ զարգացած ենթակառուցվածքներով․․․ Դառնալ մեր տարածաշրջանի հույսը՝ անվտանգության ամուր պարադիգմի շնորհիվ․․․ Թուրքիան համաշխարհային հավակնություններ և հեղինակություն ունի բոլոր ոլորտներում, և սա այդ իրողության արդյունքն է և արտահայտումը։ Մեր իշխանության 23-րդ տարվա յուրաքանչյուր օրը լցված է եղել աշխատանքով, ծառայությամբ, ներդրումներով ու պայքարով»,-գրում է նա։

Եզրափակիչ գրառման մեջ թուրք առաջնորդը ընդդիմությանը մեղադրել է Թուրքիայում արգելված FETO շարժման հետ կապերի մեջ՝ վերջինիս ներկայացուցիչներին անվանելով մարգինալներ ու քաղաքական առևտրականներ: Նա հավելել է, որ իշխանությունները տեղյակ են երիտասարդների թիկունքում թաքնվողների «կեղտոտ հաշվարկների» մասին և անցյալի ողբերգական սցենարների կրկնություն թույլ չեն տա.

«Մենք գիտենք, թե ինչ խաղեր են խաղում նրանք, ովքեր կուրացել են ագահությունից, շահից ու փողից։ Իհարկե, մենք գիտենք որոշ երիտասարդների ոգևորության հետևում թաքնվող վախկոտների էժանագին հաշվարկների մասին։ Մենք հաստատ չենք ենթարկվի այս կեղտոտ հնարքին, որը նախկինում մեծ ցավ է պատճառել մեր երկրին։ Աստծո թույլտվությամբ մենք ոչ ոքի թույլ չենք տա գողանալ մեր երիտասարդների երազանքները կամ մթագնել հույսերը։ Երիտասարդությունը մեր ապագայի երաշխիքն է»: