Տնօրենը կաթվածահար եղավ, իսկ ճանապարհների փոսերը խորացան

Տնօրենը կաթվածահար եղավ, իսկ ճանապարհների փոսերը խորացան

Երկու տարի առաջ Երեւան-Եղվարդ հանրապետական նշանակության ավտոճանապարհին կատարվող փոսանորոգման շուրջ մեծ աղմուկ էր բարձրացել: «Հպարտ քաղաքացի» Արկադի Գալստյանը նկարել էր ու համացանցում տեղադրել, թե ինչպես են «Նաիրի ՃՇՇ» բանվորները խոնավ եղանակին Եղվարդի ճանապարհին գործ անում: 

Այն ժամանակ հեղափոխականները նոր էին պաշտոններ ստացել ու ակտիվորեն քաղաքացու աչքն էին մտնում՝ ցույց տալու համար, որ կատարում են ժողովրդի ցանկությունները, նրա խոսքն իրենց համար օրենք է, երբեմն՝ նույնիսկ օրենքից էլ վեր: Այդպես այն ժամանակվա տրանսպորտի նախարար Հակոբ Արշակյանը (2 տարի առաջ նախարարության անվան մեջ դեռ կար «տրանսպորտ» բառը) քաղաքացու տարածած նյութից հետո հայտարարեց, որ «Նաիրի ՃՇՇ» ԲԲԸ-ն աշխատանքները կատարում է մեծ թերություններով եւ ոչ ժամանակին, եւ որ դեռ 2015-ին կնքված պայմանագիրն ապրիլի 1-ից կչեղարկվի, ընկերությունն էլ գումար չի ստանա կատարած աշխատանքի համար:

«Նաիրի ՃՇՇ» ընկերությունում էլ վստահեցնում էին, որ ոչ մի ստուգում իրենց մոտ չի եղել, որ փոսալցումը կարելի է կատարել նաեւ խոնավ եղանակին, որ ասֆալտը լցվում է 170 աստիճանի տակ, որի արդյունքում ջուրն անմիջապես գոլորշիանում է: Ընկերության տնօրեն Յագոր Խերիմյանը տրամաբանական հարց էր տալիս՝ բա եթե չի կարելի թաց եղանակին ասֆալտ անել, ինչպե՞ս են ռուսաստաններում, որտեղ անընդհատ անձրեւ ու ձյուն է, ասֆալտ փռում: Նա պայքարեց, նամակներ գրեց նախարարություն, խնդրեց, որ բանվորների փողը տան, որ իրենց հնարավորություն տան ուղղել թերությունները: Ապարդյուն՝ ո՛չ ներում ստացան երիտասարդ նախարարից, ո՛չ բեկում: Բանվորները լցվեցին Խերիմյանի օֆիս, ցույցեր արեցին, տեսագրեցին տարիքով, փորձառու շինարարին, արին խայտառակ: Յագոր Խերիմյանը սնանկացավ ու կարճ ժամանակ անց կաթվածահար եղավ: Մահվան եզրակացության մեջ Արշակյանի անունը գրված չէր, իհարկե, բայց նրա շրջապատում, նաեւ Եղվարդում, որտեղ ապրում էր, մարդիկ համոզված են՝ Խերիմյանը կաթված ստացավ նախարարի պատճառով: 

Եվ ահա, 2 տարի անց վիրտուալ տարածքում պատահաբար հանդիպեցինք Արկադի Գալստյանին՝ այն ակտիվ քաղաքացուն, որը տեղադրել էր անորակ փոսալցման կադրերն ու աղաղակել խնդրի մասին: Հարցրինք, թե հիմա գո՞հ է, արդեն «հները» չեն ասֆալտապատում իրականացնում Երեւանում, այլ քաղաքապետ Հայկ Մարությանի կազմակերպած տենդերներով ընտրյալները: Արկադին կրկին դժգոհ էր ու շատ ավելի, քան այն ժամանակ: Ասաց, որ նոր շինարարներն անցյալ տարի ավելի «կատարելագործեցին» տեխնոլոգիան՝ անմիջապես ջրի մեջ են լցնում ասֆալտը:
«Ահազանգեցի ամեն տեղ, բայց՝ անօգուտ: Մեկ ամիս առաջ կրկին փոսալցում իրականացրին: Պատկերը՝ ահա»,- ասաց նա՝ ցույց տալով քայքայված, փոսաշատ մայրուղու նկարները: 

Արկադի Գալստյանը մեր միջոցով տեսաուղերձ հղեց Հակոբ Արշակյանին, որն արդեն բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարն է եւ տրանսպորտով ու ճանապարհներով չի զբաղվում։ «Ես բազմիցս հանրային հնչեղություն եմ տվել խնդրին, որ դու իրավունք չունեիր լուծել «Նաիրի ճանշին» ընկերության հետ պայմանագիրը քաղաքացու բողոքով, քանի որ նախ դա իմ իրավունքն էր՝ այդ խնդիրը ներկայացնելու, իսկ քո պարտականությունն այն էր, որ այդ խնդիրը չլիներ, որ կապալառուի աշխատանքները վերահսկեիր: Ու դուք, պարոն Հակոբ Արշակյան, իմ միջոցով խնդիր լուծեցիք՝ նախ թշնամացնելով ինձ ու «Նաիրի ճանշինին», ապա կաթվածահար անելով տնօրենին»: Արկադին ասում է, որ եթե նկատել էին թերություններ, պետք է պարտավորեցնեին շտկել դրանք: «Ինչո՞ւ եք լուծարում պայմանագիրը, ինչո՞ւ եք սնանկացնում, էդ վիճակի մեջ գցում մարդուն: Գլուխը կերան, էլի»,- ասում է նա: Ու այս մասին առաջին անգամ չի բարձրաձայնում: Բայց այսօր արդեն այլ ժամանակներ են: ՏԿԵ նախարարությունից, քաղաքապետարանից զրո արձագանք: Քաղաքացու ձայնը, նրա «լայվը» լսելն էլ մոդա չէ: 
Լրագրողներից էլ է դժգոհ քաղաքացին: «Գալիս են, փոսերը տեսնում են, գնում են, հարցնում են ՏԿԵ նախարարությունում, նրանք էլ ասում են՝ ժամանակավոր է, կվերացնենք, ու ամեն ինչ վերջանում է»: 

 Իսկ Եղվարդի ճանապարհն այսօր ավելի անմխիթար վիճակում է: Փոսերն ավելի խորն են, ջուրը փոսերում՝ ավելի շատ: Վերջին անգամ փոսերն այստեղ փետրվարին են լցրել: Մեկ ամիս չանցած՝ կրկին բացվել են:

Ասֆալտապատողըը, ըստ տեղացիների, ասֆալտապատման համար ո՛չ կահավորանք ունի, ո՛չ տեխնիկա: «Բեռնատարի բեռնախցիկում դնում են դվիժոկ, դվիժոկից միացնում են պերֆորատոր ու ասֆալտը քանդում են: Լցնելու համար էլ ոչ մի տեխնիկայի նշույլ չկա, տարրական տեխնիկա նույնիսկ չունեն»,- ասում է Արկադի Գալստյանը:

Այս վայրենի ասֆալտապատումն իրականացնում է Երեւանի քաղաքապետարանը։ Քաղաքապետին շատ հարցեր ունենք։ Ինչո՞ւ են իրենց լցրած փոսերը մեկ ամսից նորից բացվում, ինչո՞ւ տարրական «Ֆրեզ» չունեն՝ ասֆալտ քերելու մեքենա, ու էս բարձրտեխնոլոգիական արդյունաբերության, այս արշակյանական դարում ինչո՞ւ են պերֆորատորով ասֆալտ քանդում: Հա՝ մի բան էլ․ ինչո՞ւ Հայկ Մարությանը չի ապահովում հանրության՝ փոսը չընկնելու իրավունքը: