Սա դիտավորություն է․ որոշում են կայացրել՝ չգիտեմ ում հրամանով

Սա դիտավորություն է․ որոշում են կայացրել՝ չգիտեմ ում հրամանով

ՀՀ քննչական կոմիտեն օրեր առաջ հաղորդագրություն տարածեց այն մասին, որ Գեղասահքի ֆեդերացիայի նախագահը մեղադրվում է ֆեդերացիայի գումարները յուրացնելու մեջ։

«Կազմակերպության նախագահը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, կորոնավիրուսային համավարակի պատճառով 2020 թվականի տարեկան նախահաշվով նախատեսված միջոցառումների մի մասի չեղարկվելուց հետո, միջոցառումների իրականացման համար ՀՀ պետական բյուջեից հատկացված եւ կազմակերպությանը փոխանցված 13.007.200 ՀՀ դրամ գումարից 1.050.000 ՀՀ դրամ գումարի վերաբերյալ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն է ներկայացրել կատարված փաստացի ծախսերի վերաբերյալ կեղծ տեղեկություններ պարունակող հաշվետվություն, թե իբր 1.050.000 ՀՀ դրամ գումար ծախսել է 2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչեւ դեկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ գեղասահքի հավաքական թիմի մարզիկների եւ նրանց մարզիչների համար կազմակերպված ուսումնամարզական հավաքի անցկացման նպատակով՝ արդյունքում հափշտակելով 1.050.000 ՀՀ դրամ գումար»,- նշված է հաղորդագրության մեջ, համաձայն որի՝ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ կազմակերպության նախագահին մեղադրանք է ներկայացվել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ինչպես նաեւ՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով: Նաեւ որոշում է կայացվել վերջինիս պաշտոնավարումը «ՀՀ գեղասահքի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահի պաշտոնում կասեցնելու մասին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց ուղարկել են եզրակացությունը, որը փոխանցել են նախարարության իրավաբանական բաժին։ Ապա նկատեց, որ 1 մլն-ից էլ քիչ գումարի մասին է խոսքը։ Կ․ Գիլոյանը նշեց, որ գործի մանրամասներին շատ տեղյակ չէ, բայց վստահ է, որ պատկան մարմիններն օրենքի տառին հավատարիմ են գործելու։ Ֆեդերացիայի նախագահի պաշտոնում ո՞վ է նախագահին փոխարինում։

«Առայժմ ֆեդերացիայից մեզ որեւէ գրություն չի եկել այդ առումով, վաղը կամ մյուս օրը իրավաբանները պատասխան կտան, եւ մենք արդեն նամակ կգրենք ֆեդերացիային, թե օրենքի սահմաններում ինչ է սպասվում, եւ օրենքն ինչպես կթելադրի, այնպես էլ կանենք։ Առայժմ որեւէ գրություն չունենք ֆեդերացիայից եւ մենք էլ չենք դիմել, որովհետեւ սպասում ենք մեր իրավաբանների եզրակացությանը, որ համաչափ եւ ճիշտ որոշում կայացնենք։ Խոսքը մարզաձեւի մասին է՝ ամբողջական իմաստով, անձը՝ անձ, բայց ես երբեք թույլ չեմ տա, որ մարզաձեւին վնաս հասցվի, ու հանկարծ այդ մարզաձեւը տուժի։ Դրա համար պետք է լուրջ մոտենանք ու ճիշտ որոշմամբ, հանկարծ չխոչընդոտենք այդ մարզաձեւին ու դրա զարգացմանը,- ասաց Գիլոյանն ու հավելեց, որ ամեն տարի մի քանի ֆեդերացիաներում անցկացվում են նման աուդիտ ստուգումներ։- Հենց այս պահին էլ որոշ ֆեդերացիաներ այսպիսի ստուգման տակ են։ Այնպես որ՝ մենք անընդհատ մեր ձեռքը պահում ենք ֆինանսական զարկերակի վրա նույնպես»։   

Գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանի հետ երկար ժամանակ չէր ստացվում կապ հաստատել, այնուամենայնիվ, հաջողվեց նրա կարծիքը նույնպես լսել։ Հետաքրքրվեցինք, թե ինչ «բավարար ապացույցների» մասին է խոսքը, որի հիման վրա էլ մեղադրանք է առաջադրվել իր նկատմամբ։ «Ես ոչ մի բան ո՛չ յուրացրել եմ, ո՛չ էլ կողոպուտ է եղել, ինչ թուղթ ուզեն, կա, ինձ ո՛չ հարցազրույցի են կանչել, ո՛չ ինձնից թղթեր են ուզել, իրենք իրենց որոշում են կայացրել՝ չգիտեմ ում հրամանով․․․ նման բան չկա, իսկ երբ ինձնից ուզեն, ես այդ թղթերը կներկայացնեմ, նոր թող ինչ գործ ուզում են՝ հարուցեն։ Ասել եմ ու էլի կասեմ՝ Մելանյա Ստեփանյանը ծնված օրվանից ո՛չ սոված է եղել, ո՛չ էլ խուժան է, որ պետությունից 150 հազար դրամ գողանա․․․»։

Նկատեցինք, որ քննչականի հաղորդագրության մեջ նշվում է 1 մլն 50 հազար դրամի յուրացման մասին եւ ոչ թե 150 հազարի։ «Ոչ, իմ իրավաբանին եկել է այդ թուղթը, կարող եմ նկարել ուղարկել, որտեղ գրված է 150 հազար դրամ․․․, բայց ինձ չի թվում, որ 150 հազարի համար մեկը կարող է կողոպուտ անել․․․»։ Հնարավո՞ր է ինչ-որ դիտավորություն լինի իր անձի հանդեպ։ «Ոչ թե կարող է, այլ հաստատ դիտավորություն կա, եւ շատ լավ գիտեն՝ ով է․․․»։ Այդ դեպքում ո՞վ է իրեն զրպարտել։ «Բոլորը գիտեն․․․ մի հատ վատառողջ մարդ, մի հիվանդ ծնող, որ իր մարդու պաշտոնը չարաշահելով՝ ուզում է հասնի իր նպատակին։ Իսկ Մելանյան չի կարող 150 հազար դրամ գողանա պետությունից»։

Հետաքրքրվեցինք՝ ֆեդերացիայում իրեն փոխարինող կա՞, թե՞ դեռ հաճախում է աշխատանքի։ «Ինձ արդեն փոխարինող կա, ու ես եմ կասեցրել, ոչ թե իրենք»։ Երբ նախաքննությունն ավարտվի, ու հարցը պարզաբանվի, նորից կվերադառնա՞ ֆեդերացիա։ «Մի հին խոսք կա․ օրը գա, բարին՝ հետը»։