Աղբանոցից վերցված ֆեյքային նորություններով դեմ են արտահայտվում պատվաստմանը

Աղբանոցից վերցված ֆեյքային նորություններով դեմ են արտահայտվում պատվաստմանը

2017թ․ Հայաստանում արձանագրվել է արգանդի վզիկի քաղցկեղի 262 առաջնային դեպք, որոնցից 146-ը (56%) 3-րդ եւ 4-րդ փուլերում։ Ընդհանուր առմամբ՝ 3116 կին այս հիվանդությամբ գտնվել է դիսպանսեր հսկողության ներքո։ Ախտորոշումից հետո միջին ապրելիությունը կազմում է 5-6 տարի․ այս մասին ահազանգում է վիճակագրությունը։

Առողջապահության նախարարության մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը հիշեցնում է, որ արգանդի վզիկի քաղցկեղը միակ քաղցկեղն է, որը հնարավոր է կանխարգելել։ 

Այսօր մամուլի ասուլիսում նա նշեց, որ կան երկրներ, որոնք ճիշտ կազմակերպված աշխատանքի շնորհիվ կարող են արգանդի վզիկի  քաղցկեղից զերծ երկրի վկայական ունենալ։ Մի քանի տարի առաջ էլ Հայաստանն է հավաստագիր ստացել մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացման երկրի կարգավիճակ։ Ըստ նրա՝ տարեկան 70-80 կին է մահանում արգանդի վզիկի քաղցկեղից։ Գայանե Ավագյանն ասաց, որ պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումը միակ պատվաստումն է, որը կանխարգելում է արգանդի վզիկի քաղցկեղի առաջացումը։ Իսկ սկրինինգային ծրագիրը միակ միջոցն է, որի շնորհիվ հնարավոր է փրկել կյանքերը։ 

Ֆանարջյանի անվան ազգային ուռուցքաբանության կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Բազիկյանն էլ նշեց, որ ինքը պրոբլեմը գիտի ներսից, քանի որ երկար տարիներ զբաղվում է այդ հիվանդության բուժմամբ։ Գագիկ Բազիկյանը նշում է, որ արգանդի վզիկի քաղցկեղը համարում է ամենածանր հիվանդություններից մեկը, քանզի հիվանդը, ունենալով գիտակցություն, մահանում է արյունահոսությունից, ներքին օրգաններն էլ փտում են։ Գագիկ Բազիկյանը տարօրինակ է համարում, որ կան մարդիկ, որոնք ապրիորի դեմ են արգանդի վզիկի քաղցկեղի դեմ պատվաստմանը։ Այդ մարդիկ, ըստ Բազիկյանի, նրանք են, որոնք ինտերնետից վերցնում են ֆեյքային նորությունները եւ հենվում դրանց վրա։

«Եթե ունեն հետազոտություններ, էքսպերիմենտներ,  գիտական աշխատանքներ, թող բերեն, դնեն սեղանին, միասին աշխատենք։ Բայց աղբանոցից վերցված ֆեյքային նորությունները հակասում են մարդկային մոտեցումներին։ Ես չեմ կարծում, որ 70-ից ավելի երկրների կառավարությունները, առողջապահության նախարարությունները, առողջապահության միջազգային կազմակերպությունը թշնամություն են անում կանանց»,- ասաց Գագիկ Բազիկյանը։ Նա առաջարկում է ողջամիտ մոտեցում ցուցաբերել այդ ամենի նկատմամբ։