Գեղամ Գևորգյանի, փոքրոգության և կոռուպցիայի մասին. Գևորգ Էմին-Տերյան

Գեղամ Գևորգյանի, փոքրոգության և կոռուպցիայի մասին. Գևորգ Էմին-Տերյան

ԵՊՀ լրատվական վարչության ղեկավար Գևորգ Էմին-Տերյանը գրառում է կատարել, որտեղ պատմում է, թե ինչ է իրեն ասել ռեկտորի ԺՊ Գեղամ Գևորգյանը, երբ տեսել է ԵՊՀ աշխատակից Կարեն Հեքիմյանի կողմից «Հրապարակ» օրաթերթում հրապարակված հոդվածը․

«Դեկտեմբերի 10-ին, երբ «Հրապարակ» օրաթերթում լույս տեսավ Կարեն Հեքիմյանի «Կոռուպցիան հենց այսպես է լինում» հոդվածը, ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանն ինձ կանչեց իր սենյակ և պարզաբանում ուզեց, թե ինչու է իմ ստորաբաժանման աշխատակիցը նման հոդված գրել։ Ես պատասխանեցի, որ մենք ապրում ենք ազատ երկրում, և յուրաքանչյուր մարդ խոսքի իրավունք ունի, ինչին պարոն Գևորգյանը արձագանքեց. «Հասկանո՞ւմ ես, չէ՞, որ հեռակայի փողից մյուս տարի կզրկվես»։ Ասացի՝ «Ի՞նչ հեռակա. ես հեռակայում ժամեր չունեմ»։ Պարոն Գեղամ Գևորգյանն ասաց, որ այդ փողը ռեկտորի նվերն է, որին ես արժանի չեմ։ Ես, ճիշտն ասած, շատ լուրջ չվերաբերվեցի այս երկխոսությանը՝ մտածելով, որ ռեկտորի ժ.պ.-ն դյուրաբորբոք մարդ է, գուցե մի բան ավել ասաց (այդպիսի բազմաթիվ օրինակներ եղել են և կան)։

Այս տարվա հունվարի սկզբին, սակայն, պարզվեց, որ «Հրապարակ» օրաթերթն այլևս ԵՊՀ բաժանորդագրությունների ցուցակում չէ, իսկ հունվարի աշխատավարձը ստանալիս հասկացա, որ աշխատավարձիցս 70000 դրամ պակասել է։ Մի քիչ «բզբզալուց» հետո հայտնաբերեցի, որ ԵՊՀ տարեկան բյուջեում հատուկ կետ կա («ԵՊՀ հեռակա ուսուցման վարձավճարներից վարչական ծախսերի համար նախատեսված գումարի բաշխում»), որով 85 հոգու համար տարեկան նախատեսվում է մոտ 70 միլիոն դրամ փող։ Հատկանշական է, որ ռեկտորի կողմից նվեր ստացողների ցուցակը գլխավորում է հենց ինքը՝ ռեկտորը։ Ոչ մի չափորոշիչ կամ հիմնավորում չկա, թե ինչու է հենց այս մարդն այսքան լրավճար ստանում։

Կիրակի էլ՝ Տերյանի ծննդյան օրը, Պանթեոնում պատահաբար իմացա, որ իմ դասավանդած դասընթացը՝ «Վահան Տերյանը և հայ գրականությունը», հանվել է Հայ բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրայի ծրագրից։
Հետևությունները թողնում եմ ձեզ»։