«Գյումրու տուն-ինտերնատ»-ում ոչ ոք չի ստորագրել  ծանուցագրի տակ. ինչո՞ւ է լուծարվում հաստատությունը

«Գյումրու տուն-ինտերնատ»-ում ոչ ոք չի ստորագրել  ծանուցագրի տակ. ինչո՞ւ է լուծարվում հաստատությունը

ՀՀ կառավարության` «Գյումրու տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին որոշման նախագծով շահառուներին մատուցվող շուրջօրյա խնամքի ծառայությունները արտապատվիրվելու են ոչ պետական կազմակերպության: Արդեն մի քանի օր է այս լուրն ինտերնատում բողոքի մեծ ալիք է բարձրացրել, խուճապի մեջ գծել առաջիկայում գործազուրկների շարքերը համալրող աշխատակիցներին եւ տագնապ առաջացրել շահառուների շրջանում՝ ընդհուպ մինչեւ հացադուլ: Ինտերնատի աշխատակիցները Շահերի պաշտպանության կոմիտե են ստեղծել: Նշենք, որ այս ամենին ի պատասխան՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան գրառումով էր հանդես եկել՝ ընդգծելով, թե տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում եւ կեղտոտ մանիպուլյացիայի հետևանք են: 
 
«Տեղեկությունները, թե «Գյումրու տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տարեց խնամյալները դուրս են հանվելու խնամքի տնից, կեղտոտ մանիպուլյացիայի արդյունք են եւ չեն համապատասխանում իրականությանը: «Գյումրու տուն-ինտերնատ»-ում մատուցվող ծառայություններն արտապատվիրակվելու են բարեգործական կազմակերպության: Սա նշանակում է նույն տեղում, նույն մարդկանց համար խնամք կազմակերպել, ներգրավելով նաեւ նոր ներդրումներ:ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ նախապես հանդիպման ժամանակ փոխնախարարը տեղեկացրել է, որ ընտրված կազմակերպության համար պայման կսահմանվի, որ աշխատակազմ ընտրելիս առաջնահերթություն տան ՊՈԱԿ-ի աշխատակիցներին:Մենք շարունակելու ենք բարեփոխումները հանուն մեր տատիկների եւ պապիկների, իսկ նրանք, ովքեր այս գործում անձնական շահ կհետապնդեն, կարժանանան համապատասխան վերաբերմունքի՝ օրենքով սահմանված կարգով»,–գրել էր նախարարը:

«Այս ամենն ամիսների պատմություն ունի:Պարզապես գլխավոր  խնդիրը անիրազեկությունն  է:Հուլիս ամսին ՊՈԱԿ-ի փոփոխության հետ կապված ինձ մեկ նախադասությամբ տեղեկացրել են, որ մինչև դեկտեմբերի 31-ը այն տեղի է ունենալու»,-ասում է «Գյումրու երկխոսության մեդիա» կենտրոն հրավիրված  Գյումրու հաշմանդամների եւ ծերերի տուն-ինտերնատի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Սարուխանյանը: Տնօրենի պաշտոնակատարի խոսքերով աշխատողներին աշխատանքից կրճատելու ծանուցագիր է ուղարկվել  հոկտեմբերի 17-ին:Բոլորը մերժել են ստորագրել ծանուցագրի տակ: Իսկ ահա նախարարի գրառմանը տնօրենը ցանկություն հայտնեց անդրադառնալու: «Տեղի է ունենում գլոբալ փոփոխություն,հնարավոր է՝ շատ լավ, բայց այն տեղի է ունենում հանկարծակի: Այդ մեկ օրում ինչ-որ շեղումներ, արհեստական բաներ պիտի լինեին:Մանիպուլացիան,անձնական շահը, ես ուզում եմ հասկանալ՝ ինչի՞ հետ էր կապված:Կոլեկտիվը ստեղծել է շահերի պաշտպանության կոմիտե, որը պաշտպանելու է աշխատողների շահերը: Ինչ վերաբերում է անիրավաչափ գործողություններին՝ նման բան չկա եւ ապագայում էլ չի լինի»:    

Նշենք,որ «Գյումրու տուն-ինտերնատ»-ի բնակիչների թիվը 156 է: Նրանք տարեցներ են եւ հաշմանդամություն ունեցող անձինք: Հաստատության աշխատողների թիվը գերազանցում է 7 տասնյակը: